«Հավանականությունը, որ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, իմ կարծիքով՝ մեծ չէ, որովհետեւ Թուրքիան դեռեւս կատարել է իր պարտավորությունների 30%-ը: Իսկ որպեսզի դառնա ԵՄ լիիրավ անդամ, նա լրջագույն ռեֆորմներ պետք է իրականացնի»,- երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հասկանալի է, որ առաջին հերթին ՀՀ-ն է այդ ռեֆորմների իրականացման առումով շահագրգռված: Եթե Թուրքիան իրականացնի ժողովրդավարական բարեփոխումներ, հարգի ազգերի իրավունքները, բնականաբար շատ ավելի հեշտ կլինի լուծել ՀՀ-ի ազգային խնդիրները, այդ թվում՝ նաեւ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, որովհետեւ Ցեղասպանության ճանաչումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիան սկսի հարգել ժողովրդավարական սկզբունքները: Հաջողության հասնելու միակ ռազմավարությունը այս հարթության մեջ է, դրա համար մենք պետք է աջակցենք, որ Թուրքիան հաջողի: Հավանականությունը գնահատում եմ շատ քիչ: Բայց մենք պետք է աջակցենք Թուրքիայում ժողովրդավարական գործընթացներին»,- հավելել է նա: