«Կոնտր» հանձնաժողովը

10/12/2009

Երեկ ՀՀ ԱԺ-ն քննարկում էր պատգամավոր Դավիթ Հարությունյանի ներկայացրած նախագիծն այն մասին, որ Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի առաջարկությունների մշտադիտարկումը պետք է իրականացնի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Այս մշտադիտարկումն իրականացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ էր ներկայացրել նաեւ ՀՅԴ խմբակցությունը, որը, սակայն, չընդունվեց: Ամենայն հավանականությամբ, ԱԺ-ն վաղը կընդունի Դ.Հարությունյանի առաջարկը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Դ.Հարությունյանը երեկ ասաց, թե որպեսզի ընդդիմության իրավունքները պաշտպանված լինեն, իր ղեկավարած հանձնաժողովի ընդդիմադիր անդամները կարող են հատուկ կարծիք հայտնել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ հակադարձեց, թե ուզում է ընդդիմությանը հետ պահել այդ «ողորմածությունից»: «Անընդունելի է Ձեր ներկայացրած նախագիծը, որովհետեւ հիշում ենք ԵԽ ԽՎ-ում մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ Ձեր ելույթները: Չենք հավատում, որ դուք ցանկություն ունեք վերացնել մարտի 1-2-ի հետեւանքները: Ինչո՞ւ, երբ մենք նման հանձնաժողովի նախագիծ ներկայացրեցինք, հայտնվեց ձեր նախագիծը: Ի՞նչ կարիք կա ընդդիմության նախաձեռնություններին ամեն անգամ կոնտր քայլեր անել»,- հարցնում է Ս. Սաֆարյանը: