ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Նրանց ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Լատվիայի նախագահը եւ տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ ներկա են գտնվել Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը: Դեկտեմբերի 10-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենալու Լատվիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Լատվիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրը ՀՀ նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Լատվիայի Նախագահի ու տիկին Լիլիտա Զատլերեի՝ կտրվի պետական ճաշ: Այցի շրջանակում Վ. Զատլերսը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Երկու նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-լատվիական բիզնես ֆորումի բացման արարողությունը: Լատվիայի նախագահը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:
Իսկ դեկտեմբերի 11-ին Լատվիայի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: