Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել հայ-թուրքական սահմանի բացումը ՀՀ քաղաքական իրականության վրա: Կարո՞ղ է արդյոք այն նպաստել ՀՀ-ի ներսում ժողովրդավարական գործընթացների խորացմանը: Այս հարցի շուրջ տարբեր մասնագետներ տարբեր տեսակետներ ունեն:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունների հաստատումը կարող է նպաստել ՀՀ-ի ներսում ժողովրդավարական արժեքների տարածմանը: «Ես հայ-թուրքական սահմանի բացումը դիտարկում եմ ոչ թե զուտ ՀՀ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման տեսակետից, այլ կարծում եմ, որ ապաշրջափակումը հնարավորություն է տալիս նոր տնտեսական կապեր զարգացնել առաջին հերթին Եվրոպայի հետ: Այս իմաստով սահմանի բացումը կարելի է դիտարկել որպես տարանցիկ ուղի դեպի արտաքին աշխարհ: Եվ սա չի կարող իր անդրադարձը չունենալ մեր հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացների վրա: Այսպես, ՀՀ-ում հեղափոխություն իրականացնել հնարավոր չէ երկու պարզ պատճառով: Առաջին` մենք ունենք սփյուռք, մեր բնակչության 30-35%-ը ունի կայուն եկամտի աղբյուր արտասահմանում գտնվող իր բարեկամներից: Այս թիվն, իհարկե, հետագայում կարող է փոփոխվել, բայց, այնուամենայնիվ, տեսանելի ապագայում, կարծում եմ, էականորեն չի նվազելու: Այս մարդիկ, որ կարողանում են իրենց նվազագույն կենսամակարդակն ապահովել, սովորաբար «Լյումպեն» չեն դառնում, ծայրահեղական չեն լինում: Չեն հասել այն աստիճանին, որ դուրս գան փողոց եւ դեստրուկտիվ շարժումներ սկսեն: Երկրորդ` քանի որ մեր տնտեսությունը մոնոպոլիզացված է, «մոնոպոլիզացված» է նաեւ ընտրազանգվածը: Եթե հաշվեք, թե յուրաքանչյուր օլիգարխի մոտ քանի հոգի է աշխատում, քանի ընտանիք է կապված նրանց հետ, ապա մի 30% էլ պետք է ավելացնենք նախորդ 30-ին: Եթե սրան էլ գումարենք պետական կառավարման ապարատի եւ բյուջետային համակարգի աշխատողներին, կստանանք մոտավորապես 70-75%: Այսինքն` ծայրահեղ, հեղափոխական ընտրազանգվածը կարող է կազմել շուրջ 25%: Եվ այդ 25%-ին Դուք չեք կարող նույն օրը նույն պահին մի տեղում հավաքել»,- նշեց Է. Սանդոյանը: Ըստ նրա՝ հայ-թուրքական սահմանի բացումից հետո ընտրազանգվածի այս կառուցվածքը կփոխվի, եւ փոփոխությունների ձգտող մարդկանց թիվը կմեծանա: «Ինչո՞ւ է մեր ընտրազանգվածն, այսպես ասած, ցածր որակի ընտրազանգված: Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը շատ մեծ կախման մեջ է գտնվում իշխանավորներից, հարուստներից, ուժային կառույցներից, մեկը վախենում է աշխատատեղ կորցնել, մյուսը վախենում է իր երեխաների համար, մեկ ուրիշը վախենում է ֆիզիկական բռնությունից եւ այլն: Սա, իհարկե, բնորոշ է ֆեոդալական հասարակությանը: Եվ այս հասարակության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ փոքր եւ միջին բիզնեսում զբաղվածների տեսակարար կշիռը շատ ցածր է: Մինչդեռ այս մարդիկ պետության ու հասարակության համար, նաեւ՝ որպես ընտրազանգված, «ամենաորակյալ» հատվածն են, որոնք անկախ են, ունեն իրենց կարծիքը եւ այլն: Իսկ որակյալ ընտրազանգվածի հետ աշխատող քաղաքական ուժերը սկսում են այլ դրդապատճառներ փնտրել ձայներ ստանալու համար: Հայ-թուրքական սահմանի բացմամբ այս որակյալ մարդկանց կշիռը հասարակության մեջ կաճի, քանի որ ինքնըստինքյան կբարելավվեն նաեւ պայմանները փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար»,- վստահ է Է. Սանդոյանը: Ըստ նրա՝ «որակյալ ընտրազանգվածի» աճին ու ընդհանրապես քաղաքացիական հասարակության, դեմոկրատական կարգերի ձեւավորմանը կնպաստեն հատկապես անդրազգային կորպորացիաները, որոնց մուտքը ՀՀ ավելի հավանական կդառնա, երբ բացվի հայ-թուրքական սահմանը: «Երբ գա մի 20-30 խոշոր կորպորացիա, կառաջանա որակյալ աշխատուժի պահանջարկ: Դա կհանգեցնի մրցակցության նաեւ կրթության համակարգում: Մինչդեռ այսօր մեզանում ընդհանրապես պահանջարկված չէ որակյալ կրթությունն ու լավ գիտելիքները: Ավելի լավ է ունենալ ինչ-որ ծանոթ-բարեկամ կամ կուսակցական կապեր, քան թե լավ գիտելիքներ: Կորպորացիաների պարագայում աշխատատեղերն են այլ, վարձատրությունն է այլ, աշխատանքի մթնոլորտն է այլ: Մի խոսքով` արտասահմանյան այդ ընկերությունների աշխատողները բոլորովին այլ արժեքային համակարգ կունենան, որը սկզբունքորեն տարբերվում է մեր օլիգարխների մոտ աշխատողների արժեքային համակարգից: Եվ սա իր հսկայական ազդեցությունը կունենա նաեւ ընտրական գործընթացների ժամանակ, մեր ժողովուրդը կսկսի ավելի ու ավելի ինքնուրույն կատարել իր ընտրությունը»,- ասաց նախկին նախարարը: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե հայ-թուրքական լիարժեք հարաբերությունների հաստատումը ինքնին դրականորեն կազդի ՀՀ քաղաքական իրականության վրա եւ կխթանի դեմոկրատական գործընթացները: Ըստ նրա՝ միայն սահմանի բացմամբ ՀՀ-ում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման պայմանները չեն բարելավվի: Այս խնդրի լուծումը ԿԲ նախկին նախագահը տեսնում է առաջին հերթին մեր իշխանությունների «խելոքացման» մեջ: Բ. Ասատրյանը նաեւ վստահ է, որ եթե իշխանությունները «չխելոքանան», ապա անկախ նրանից, կբացվի՞ հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ, Հայաստանը չի դառնա անդրազգային կորպորացիաների համար ավելի շատ հետաքրքրություն ներկայացնող երկիր, քան այսօր է: «Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստան պետությունն այսօր կեղծիքներից ու կոռուպցիայից խիստ թուլացած, մենաշնորհների ու օլիգարխների ձեռքին խաղալիք դարձած համակարգ է, որը գործող իշխանությունները պաշտպանելու անգամ փորձ չեն անում: Նման ու ավելի վատ վիճակում է տնտեսությունը: Եթե իշխանությունները խելքի չգան ու ոչինչ չփոխեն մեր երկրում, ապա ՀՀ-ն այնպիսի լուրջ ներդրումային ոլորտ չէ, որ լուրջ բիզնեսը, անդրազգային կորպորացիաները գան եւ իրենց շահերը որոնեն այստեղ, նույնիսկ, եթե բացվի հայ-թուրքական սահմանը: Այնպես որ, կարծում եմ` այս գործոնը որոշիչ չի կարող լինել, թեեւ ինչ-որ ազդեցություն կթողնի: Իսկ ՀՀ մուտք գործելու դեպքում էլ, կարծում եմ, այդ ընկերությունները կբախվեն մեր կոռումպացված իշխանությունների, իրենց երկրի տերը հռչակած օլիգարխների եւ չինովնիկների ընչաքաղցության ու բթության հետ, ու, ի վերջո, կթողնեն-կհեռանան»,- ասում է Բ. Ասատրյանը: Է. Սանդոյանը, անդրադառնալով իշխանությունների «խելոքացման» խնդրին, նշեց, որ եթե գործող իշխանությունները որեւէ դրական քայլ անեն այսօր, ապա դա տասնապատիկ ավելի քիչ արդյունք կտա, քան, եթե այդ քայլն արվի հայ-թուրքական բաց սահմանի պարագայում: «Ի վերջո, ունենք 18 տարվա փորձ, երբ իշխանությունների նույնիսկ քիչ թե շատ հաջողված քայլերը չեն բերել ցանկալի արդյունքի՝ փակ տնտեսության պատճառով»,- ասում է Է. Սանդոյանը: Արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանն էլ կարծում է, որ սահմանի բացումն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա մեր հասարակության, հետեւաբար նաեւ` քաղաքական իրականության վրա, եթե չստեղծվի հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված պատմաբանների ենթահանձնաժողովը: «Եթե այդ չարաբաստիկ ենթահանձնաժողովը իրականություն դառնա, քննարկի ցեղասպանության խնդիրը, ապա դա բավական վատ անդրադարձ կունենա եւ՛ սփյուռքահայության, եւ՛ ՀՀ ներքին կյանքի վրա: Բայց տեսականորեն եթե ընդունենք, որ նման բան տեղի չի ունենա, ապա հասկանալի է, որ սահմանների բացումը դրական լիցք կհաղորդի ՀՀ ներքին կյանքին` թե՛ հասարակական, թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական տեսանկյունից»,- ասաց Դ. Հովհաննիսյանը: Նա եւս կարծում է, որ սահմանի բացումը կբարելավի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման պայմանները: «Կոմունիկացիաների օգտագործման այլընտրանքը, որ կստեղծվի սահմանի բացմամբ, հնարավորություն կտա տարբեր սոցիալական կապերի զարգացման վրա աշխատել եւ մյուս կողմից էլ՝ հնարավորություն կտա փոքր եւ միջին բիզնեսին ավելի ազատ ու անկաշկանդ զարգանալ: Իսկ այս դասի ձեւավորումն ու ակտիվացումը քաղաքական դաշտում չափազանց կարեւոր է: Մի խոսքով` որքան ավելի բաց է հասարակությունը, այնքան հասարակության ներսում ավելի շատ են հնարավորությունները ժողովրդավարական պրոցեսների զարգացման համար»,- նշեց Դ. Հովհաննիսյանը: