Քլինթոնի ճնշման շնորհի՞վ

10/12/2009

Վաշինգտոնն այժմ փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել` փորձելով հավասարակշռությունը Երեւանից չտեղափոխել Բաքվի վրա: Այս մասին «day.az»-ին հայտնել է Մոսկվայի պետական համալսարանի տեղեկատվական-վերլուծական փորձագետների խմբի ղեկավար Ալեքսեյ Վլասովը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը: «Այժմ, հաշվի առնելով հայ-թուրքական մերձեցումը եւ սահմանի հնարավոր բացումը, ինչը մեծ մասամբ տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոշտ ճնշման շնորհիվ, ԱՄՆ-ին այլ բան չի մնում, քան այդ հավասարակշռությունը Ադրբեջանի շահերի ուղղությամբ պահպանելը: Ես չեմ կարծում, որ դա երկարաժամկետ ծրագիր է»,- հայտարարել է Վլասովը: Նա նաեւ կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա զարգացումների վերաբերյալ:

«Հարկավոր է հիշել, որ ԵԱՀԿ նախագահությունը 2010թ. ընդունելու է Ղազախստանին, եւ Ղազախստանի նախագահն արդեն մի քանի անգամ իր հրապարակային հայտարարություններում ընդգծել է Աստանայի պատրաստակամությունն` այս ազդեցիկ միջազգային կազմակերպությանը հաղորդել դինամիկա, այդ թվում նաեւ՝ հետխորհրդային տարածքում «սառեցված» հակամարտությունների կարգավորման հարցում: Այնպես որ, կարելի է ակնկալել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման կլինի ԵԱՀԿ-ի ղազախստանյան նախագահության հանգուցային թեմաներից մեկը»,- եզրափակել է փորձագետը: