Ռազմաշունչ հռետորիկայի սահմանը

10/12/2009

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների նոր փուլը (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մյունհենում եւ այս երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Աթենքում) առաջին հայացքից գործնականում չի տարբերվում բոլոր նախորդներից։ Ինչպես եւ նախկինում, այդ փուլը եւս ուղեկցվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսական հայտարարություններով՝ հերթական առաջընթացի կապակցությամբ։ Կրկին հնչեցին հայտարարություններ սպասելիքների մասին եւ ռազմական հռետորիկա։

Սակայն այն փաստը, որ մյունհենյան հանդիպումից անմիջապես առաջ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը երկու անգամ ուղղակի սպառնաց վերջ դնել բանակցություններին եւ անցնել ռազմական գործողությունների, եթե երկխոսությունը կոնկրետ արդյունքներ չտա (բնականաբար, Բաքվի համար), ստիպում է հատուկ ուշադրություն դարձնել ղարաբաղյան կարգավորման դինամիկային։

Ադրբեջանի համար առաջին տեղում տարածքային ամբողջականությունն է, իսկ Հայաստանի եւ ղարաբաղցի հայերի համար՝ ինքնորոշումը եւ անվտանգությունը։

Միանգամից ասեմ, որ ադրբեջանական կողմի ռազմաշունչ կեցվածքը իհարկե չի կարելի բացատրել նրա ղեկավարության եւ ժողովրդի պատերազմական հակումներով՝ որպես բոլոր հարցերը լուծելու ունիվերսալ միջոց։ «Հայկական խնդրից» բացի, Ադրբեջանի ներսում ետխորհրդային շրջանում ծագել են մի շարք այլ սուր խնդիրներ ազգային հողի վրա։ Դրանց թվին կարելի է դասել եւ՛ «անջատված ժողովուրդների» (լեզգիններ, ավարներ) խնդիրը, եւ՛ «թալիշական հարցը»։ Սակայն, ի տարբերություն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, դրանք ընդհանուր առմամբ լուծվել են խաղաղ եւ կառուցողական ճանապարհով՝ թեկուզեւ ոչ առանց որոշ էքսցեսների։ Բաքուն միշտ էլ կոշտ եւ անհանդուրժողական դիրքորոշում է ունեցել հակասեմիտիզմի նկատմամբ։

Սակայն Ղարաբաղի եւ հարակից 7 շրջանների կորուստը ետխորհրդային Ադրբեջանի համար դարձել է ազգային տրավմա, որը թույլ չեն տալիս մոռանալ հազարավոր փախստականները։ Միեւնույն ժամանակ, չի կարելի չնկատել, որ 1990-ական թվականներին պաշտոնական Բաքուն չօգտագործեց իր ունեցած բոլոր ռեսուրսները՝ Ղարաբաղի հայկական համայնքի եւ պաշտոնական Երեւանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Այդ ամենը Ադրբեջանին դարձրել է ավելի կոշտ եւ անհամբեր, մինչդեռ Հայաստանը (Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության հայ համայնքի հետ միասին) կարող է իրեն թույլ տալ պաշտպանողական կեցվածք ընդունել, քանի որ 1994թ. պատերազմը ավարտվել է նրա օգտին։

Բաքվին ավելի ռադիկալ դիրքորոշման մղում է նաեւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ակտիվացումը։ Դեռ այս տարվա սկզբին քչերը կարող էին կանխատեսել, որ Երեւանը եւ Անկարան կստորագրեն իրավական տեսանկյունից պարտավորեցնող փաստաթղթեր։ Եվ չնայած հայ-թուրքական հարաբերությունները դեռ լիովին չեն կարգավորվել, ստորագրված արձանագրություններն էլ չեն վավերացվել խորհրդարանների կողմից, այդուհանդերձ, պատմական թշնամիները հսկայական քայլ են կատարել միմյանց ընդառաջ։ Իսկ դա էականորեն փոխում է Թուրքիայի դերը տարածաշրջանում։ Ադրբեջանի մեծ եղբորից եւ ՆԱՏՕ-ի փոքր եղբորից Անկարան վերածվում է միանգամից կովկասյան մի քանի խաղատախտակների վրա խաղացող խաղացողի: Այս փոխակերպումը չի կարող չանհանգստացնել Բաքվին, քանի որ Հայաստանի հետ ցամաքային սահմանի թուրքական շրջափակումը ղարաբաղյան հաշտության գործընթացի հաղթաթղթերից մեկն էր: Այժմ այդ հաղթաթուղթը դեռ չի պարտվել, սակայն արժեզրկվել է: Ռացիոնալ կերպով մտածող Իլհամ Ալիեւը հասկանում է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի լիակատար անջատումը ղարաբաղյան հակամարտության կարգավորումից ներկա պայմաններում հնարավոր է զսպել միայն «խաղադրույքները» բարձրացնելու միջոցով։ Ալիեւի եւ նրա երկրի համար այդ «զսպումը» հույս է՝ ավելի շահավետ արդյունքներ ստանալու համար։

Սակայն ռազմաշունչ հռետորիկայի ցանկացած ռացիոնալ օգտագործում սահմաններ ունի։ Ռազմական գործողությունների ավարտից հետո բանակցային գործընթացը շարունակվում է արդեն 15 տարի, սակայն կոնկրետ արդյունքներ չկան։ Ադրբեջանի համար առաջնահերթություն է տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանի եւ ղարաբաղցի հայերի համար՝ ինքնորոշումը եւ անվտանգությունը։ Թեկուզեւ փոքր պոզիտիվի բացակայությունը հիմքեր է ստեղծում՝ միակողմանի ռեւանշի հասնելու փորձեր կատարելու համար։

Նման սցենարը ոչ մի լավ բան չի խոստանում։ Ղարաբաղյան հարցի արագ լուծում հնարավոր է միայն բլիցկրիգի միջոցով։ Սակայն դրա համար շանսերը քիչ են։ Բաժանման գիծը երկու կողմերից էլ լավ ամրացված է։ Այն փոփոխելու փորձերը կհանգեցնեն երկարատեւ դիրքային կռիվների եւ անխուսափելի կդարձնեն արտաքին ուժերի միջամտությունը։ Եվ ի տարբերություն բալկանյան պատմության՝ այստեղ չի լինի հակամարտող կողմերից մեկին միակողմանի աջակցություն: Կարծիքները կբաժանվեն ոչ թե ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ, այլ հենց Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ երկրների, Իրանի եւ Թուրքիայի ներսում: Ռազմական դժվարություններն, իրենց հերթին, կհանգեցնեն ներքաղաքական խնդիրների եւ Ադրբեջանի ու Հայաստանի ներքին անկայունության: Բացի այդ, ոչ ոք չի կարող ասել, որ հակառակորդներից մեկի հաղթանակից հետո պարտված կողմը չի դիմի ահաբեկչության, դիվերսիայի, պարտիզանական պայքարի:

Բանակցությունների հաջորդ փուլերի խնդիրը պետք է լինի իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակումը, որոնք արդյունավետ մեխանիզմներ կստեղծեն ուժի չկիրառման եւ փոխզիջումների ապահովման համար։ Կողմերը պետք է հասկանան. մաքսիմալիստական նշաձողեր չեն լինելու։ Ոչ Բաքուն իրավիճակը կվերադարձնի 1991 կամ 1998 թվականները, ոչ էլ Երեւանը կպահպանի 1994թ. իր հարյուրտոկոսանոց հաղթանակը: Բոլորն էլ ստիպված կլինեն կիսվել եւ զիջումների գնալ սկզբունքների հարցում։ Եվ եթե Ռուսաստանը եւ Արեւմուտքը եվրոպական նոր անվտանգության հիման վրա սկսել են բավական բարդ քննարկումներ, ապա ղարաբաղյան հակամարտությունը հիանալի հնարավորություն է տալիս տարբեր խաղաղարար նախաձեռնությունների իրականացման համար։ Համատեղ աշխատանքը՝ նախկին ԽՍՀՄ տարածքի վրա հին հակամարտության ուժային «տաքացումը» թույլ չտալու ուղղությամբ, կարող է լավ հիմք դառնալ՝ «մեծ Եվրոպայում» անվտանգության եւ համագործակցության նոր համակարգի զարգացման գործում։

Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
քաղաքագետ, «Իզվեստիա»