Շուշիի նկատմամբ սերը` թվերով

10/12/2009

Երեկ հրավիրված ասուլիսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է «Մեր Շուշին» hեռուստամարաթոն 2009-ի արդյունքները: Ինչպես հայտնի է` այս տարի արձանագրվել է 15 միլիոն 875 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Գումարները կուղղվեն Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրամատակարարման ներքին ցանցի, դպրոցների, ճանապարհների, բնակշենքերի տանիքների, զբոսայգիների հիմնանորոգմանն ու բարեկարգմանը:

Ներկայացնում ենք Հեռուստամարաթոն 2009-ի արդյունքներն ըստ երկրների:

ՀՀ եւ Արցախ` $1.747.043; Մոսկովյան ճաշկերույթ` $5.290.000; Եվրոպա (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Ավստրիա)` $4.126.000; Մեծ Բրիտանիա` $1.200.000; ԱՄՆ Արեւելյան շրջան` $45.000; ԱՄՆ Արեւմտյան շրջան` $1.636.000; Կանադա (Տորոնտո)` $310.000; Կանադա (Մոնրեալ)` $250.000; Արգենտինա` $350.000; Բրազիլիա` $200.000;
Լիբանան` $216.000; Ավստրալիա`$100.000:
Ընդամենը` $15.875.043:

Համաեվրոպական հեռախոսամարաթոնին այս տարի մասնակցել է շուրջ 12.400 նվիրատու, ինչը 10%-ով ավելի է 2008թ. համեմատ:

Նոյեմբերի 30-ի դրությամբ` «Հայփոստի» միջոցով նվիրատվություն է կատարել ՀՀ ավելի քան 15.000 (անցած տարվա 12.000-ի փոխարեն) շարքային քաղաքացի, իսկ SMS հաղորդագրություններով` «Վիվա Սել ՄՏՍ»-ի ավելի քան 12.000 բաժանորդ: Ըստ հիմնադրամի ներկայացրած տվյալների` ՀՀ-ում եւ արտասահմանյան տարբեր երկրների` ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի գործարար հայերի մասնակցությունը ներկայացված է աղյուսակում:

Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն 2008»-ին արձանագրվել էին 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ, ինչը կրկնապատիկ ավելի էր 2007թ. ցուցանիշից: 2008թ. հանգանակության մասնակցության պատկերն ըստ երկրների հետեւյալն էր. Լոս Անջելես` շուրջ 1 միլիոն 300.000 դոլար, Լիբանան` 200.000, Մոնրեալ` 130.000, Արգենտինա` 100.000, Մեծ Բրիտանիա` 200.000, Հոլանդիա` 40.000, Ավստրալիա` 50.000, Նյու Յորք` 200.000, Ֆրանսիա` 1 միլիոն 500 հազար, Գերմանիա` 85.000, Շվեյցարիա` 33.000, Տորոնտո` 250.000, Հունաստան եւ Կիպրոս` 40.000:

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը Ստեփանակերտում հիվանդանոցի կառուցման համար հայտարարել էր 15 մլն դոլարի նվիրատվության մասին: «2008թ. նոյեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցած ճաշի ժամանակ 30 մլն դոլար էին խոստացել, որից ամենամեծ խոստումը տվել էր գործարար Սամվել Կարապետյանը` 15 մլն դոլար Ստեփանակերտի հիվանդանոցի կառուցման համար, որի աշխատանքներն ընթանում են ու շատ արագ կառուցվում է»,- ասուլիսներից մեկում պարզաբանել էր հիմնադրամի տնօրենը: Նշենք նաեւ, որ բացի հիմնադրամին ուղղված գումարները, այս տարի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով (Կարեն եւ Սամվել Կարապետյան եղբայրներ) հիմնանորոգվել է ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի շենքը, որը 1955թ. ի վեր չէր վերանորոգվել: Այս տարի «Տաշիր» հիմնադրամը նաեւ ՀՀ ՊՆ-ին հանձնեց ՈՒազ մակնիշի 10 մեքենա:

«Հեռուստամարաթոն 2008»-ի խոշոր նվիրատուներից էին «Վիվա Սել ՄՏՍ»-ը`1 մլն դոլար, «Միքայել Վարդանյան» հիմնադրամը` 300.000 դոլար, Սամվել Ալեքսանյանը` 200.000 դոլար եւ 100.000 դոլար հատուկ Շուշիի համար, «Էդուարդո Էռնեկյան խումբը»` 250.000 դոլար, Գագիկ Ադիբեկյանը` 100.000 դոլար, Գագիկ Ծառուկյանը` 2 մլն դոլար (Ստեփանակերտում սպորտային դպրոցի կառուցման համար), Վարուժան Գրիգորյանը` 100.000 դոլար, Գագիկ Զաքարյանը` 100.000 դոլար, Նորիկ Պետրոսյանը, Բարսեղ Բեգլարյանը` 100.000 դոլար, Արամ Քոչարյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարապետ Ալեքսանյանը, Սերգեյ Համբարձումյանը` 3մլն 400 հազար դոլար, Սեյրան Կարապետյանը, Գենադի Ստեփանյանը` 1 մլն դոլար, Աշոտ Խաչատուրյանը, Միխայիլ Բաղդասարովը, Ֆեդիկ Խաչատրյանը` 1 մլն դոլար, Տիգրան Արզաքանցյանը, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը` 500.000 դոլար, «ՀայՌուսգազարդը», «Ղարաբաղ Տելեկոմը» եւ այլն: Մ. Բաղդասարովը «Հեռուստամարաթոն 2008»-ին հատկացրել էր 200.000 ԱՄՆ դոլար (այս գործարարը «Հեռուստամարաթոն 2006»-ին` «Արցախի Վերածնունդ»-ի շրջանակներում իր հայրենի Հադրութի շրջանի վերականգնման եւ զարգացման համար նվիրաբերել էր 100.000 ԱՄՆ դոլար: Իսկ «Հեռուստամարաթոն 2007»-ին նվիրաբերել էր 200.000 ԱՄՆ դոլար): Նշենք, որ այս ցանկում նշված գործարարներից ոմանք թեեւ խոստացել էին գումար հանգանակել, սակայն, խոստումը չէին կատարել:

15.8 մլն հանգանակությունից` հսկայական մի մաս հավաքագրվել է Մոսկվայում` ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացած ճաշկերույթի ընթացքում: Այդ օրը ռուսաստանաբնակ գործարար հայերը, արձագանքելով ՀՀ նախագահի կոչին, խոստացան 5 մլն 290.000 դոլար նվիրաբերել Շուշիի վերածնունդին: Հայաստանցի խոշոր գործարարները նոյեմբերի 27-ին կազմակերպված «Հեռուստամարաթոն 2009»-ի ընթացքում կամ գումար ընդհանրապես չեն փոխանցել, կամ համեստ ներդրում են ունեցել: Իսկ ԲՀԿ ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանն այս անգամ հիմնադրամին ընդհանրապես գումար չի փոխանցել, այն դեպքում, երբ 2008թ. նա 2 մլն դոլար էր խոստացել Ստեփանակերտում մարզադպրոց կառուցելու համար: Այս տարի գումարներ չեն նվիրաբերել նաեւ խոշոր գործարար Հրանտ Վարդանյանը, ՀՀ նախագահի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը: Հիմնադրամի կողմից հրապարակված ցուցակում հայաստանցի ընդամենը 2 գործարար է խոշոր նվիրատվություն կատարել` 200.000 դոլար՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, եւ 101.000 դոլար` «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր Վարուժան Գրիգորյանը:

Հիմնադրամի տնօրեն Ա. Վարդանյանը երեկ վստահեցրել է, որ բոլոր պաշտոնյաները` այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղից, մասնակցել են «Հեռուստամարաթոն 2009»-ին: Նա, սակայն, դժվարացել է ասել, թե որքան գումար է հատկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ նախագահի աշխատակազմից ստացել են մոտ 8 հազար դոլար: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն, այս տարի էլ, սովորության համաձայն, փոխանցել է իր մեկ ամսվա աշխատավարձը` 320 հազար դրամ, իսկ նրա որդի, գործարար Սեդրակ Քոչարյանը 1 միլիոն դրամ է նվիրաբերել: Հիմնադրամի տնօրենը երեկ նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից ընդհանրապես նվիրատվություն չեն ստացել: Այս տարի նվիրատվություններ չեն կատարել նաեւ ամերիկահայ խոշոր բարերարներ Քըրք Քըրքորյանը եւ Հրայր Հովնանյանը: «Մեր հանդիպումների ընթացքում նրանք պարզաբանել են, որ պատճառը տնտեսական ճգնաժամն է, չվստահելու խնդիր չկա»,- երեկ նշել է Ա. Վարդանյանը:

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ