ՀՀԿ. հաղթանա՞կ, թե՞ ճգնաժամ

10/12/2009

ՀՀԿ-ն վերջին շրջանում իր պատմության մեջ ամենամեծ հաղթանակները գրանցեց՝ ստանալով կուսակցության ղեկավար նախագահ եւ ստանձնելով միանձնյա կառավարելու ընդունակ իշխող կուսակցության դերը։ Թվում է՝ եկել է վայելելու ժամանակը, սակայն նրա գլխավերեւում ուժ կա, որը անընդհատ հիշեցնում է, որ երկիրը, այնուամենայնիվ, այնպիսի լավ վիճակում չէ (մեղմ ասած), որքան իրենք՝ հաղթանակը վայելելու համար։ Դա մենք տեսանք նաեւ ՀՀԿ վերջին համագումարում՝ Նախագահի ելույթից։ ՈՒ թեեւ այս ելույթում ակնհայտորեն գործածված էր հայտնի սկզբունքը՝ «խոսքը դիվանագետի համար ծառայում է ոչ թե իր մտքերը շարադրելու, այլ՝ դրանք ծածկելու համար», այնուամենայնիվ, շատերը գտնում են, որ որոշ ակնհայտ «մեսիջներ» այնտեղ կային։ Կարելի է ասել՝ ուղղակի պահանջներ։ Նախ, հասկացվեց, որ իրենցից պահանջող կա, չնայած զուսպ կերպով ակնարկելով, թե՝ բոլոր վճիռները դուք եք կայացնում, կամ ձեզ հետ քննարկվում են։ Բայց դա ավելի շատ էթիկայի տուրք էր, նախատեսված՝ ոգեւորելու համար։ Իրականում Կուսակցությունում բոլորը հասկացան, որ որոշակիորեն փոփոխվելու հրատապ անհրաժեշտություն կա։ Այլ բան է, որ շատերը արդեն վաղուց դադարել են հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է փոխվել։ Ինչո՞վ կարող է չհամապատասխանել Հանրապետական կուսակցությունն այսօրվա պահանջներին։

«Նժդեհականություն»

Նախ՝ վաղուց հնացած է այս կուսակցության գաղափարախոսությունը նժդեհական ցեղակրոնության հետ նույնացնելու սովորությունը։ Դա հիմնականում հակառակորդների ձեռագիր է։ 90-ականներին Հանրապետականը համագործակցում էր իշխող ՀՀՇ կուսակցության հետ, կարելի է ասել՝ նրա աջ ազգային թեւն էր։ Երբեւէ չենք հիշում, որ այն ժամանակ նրան կոչեին «ծայրահեղ աջ ռասիստական», ինչպես անում են այսօր նույն ՀՀՇ-ականները։

Կուսակցության նկատմամբ նման բնութագրականները շրջանառության մեջ դրվեցին միայն ՀՀԿ-ի իշխանության գալուց հետո։ Սակայն սա չէ հարցի բուն էությունը. քաղաքականությունից փոքրիշատե հասկացող ո՞ր մարդը չգիտե (բացի անհուսորեն չարացածներից), որ ՀՀԿ-ն այսօր ընդգծված «իշխանական» կուսակցություն է, ճիշտ այն կուսակցությունների նման, որոնք հանդես եկան ետսովետական պետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, ասենք՝ «Եդինայա Ռոսիան»։ Այլ հարց է՝ դա լավ է, թե վատ, սակայն այսօր Հանրապետական կուսակցության քաղաքական հիմքը համարել ցեղակրոն ուսմունքը՝ բացարձակ անաքրոնիզմ է։ Ինչպես, եթե ասեինք՝ Խաչիկ Ստամբոլցյանը ՀՀՇ-ի գաղափարակիրն է։ Ժամանակն է եկել անջատելու ցեղակրոնության ազգային ազնիվ, ռոմանտիկ պատմական սկզբունքը՝ ժամանակակից, աշխարհում համընդհանուր ճանաչված եւ կանոնակարգված Հանրապետական գաղափարախոսությունից։ Ի վերջո, Հանրապետականը՝ հանրապետական է, ինչպես ամբողջ աշխարհում, եւ ոչ թե՝ ցեղակրոն, որ արդեն ձեռք են առնում։ Հնարավո՞ր է արդյոք, ասենք, Հերմինե Նաղդալյանին, Հրանուշ Հակոբյանին ցեղակրոն ուսմունքի հետնորդներ համարել («ցեղակրոնությո՞ւնը պիտի զարդարե նրանց»)։

Հանրապետականներին բնութագրում է երկրի կառավարման նրանց այսօրվա ծրագիրը, եւ ոչ թե՝ ինչ է գրել Անկախ Հայաստանում կուսակցություն ստեղծելու համար այդ անունը ընտրած ազգային գործիչը 30 տարի առաջ, սովետական բանտում, երբ Հանրապետական կուսակցության մասին դեռեւս միտք անգամ չկար հղացված։ Դրանք ուրիշ ժամանակներ էին, հիմա՝ ուրիշ, եւ՛ նպատակներն են փոխվել՝ ինչպես տեսնում եք, եւ՛ ժամանակները, եւ՛ ծրագրերը, եւ՛ լիդերները։ Բոլորն էլ գիտեն, որ ցեղակրոնությունն այսօր Հանրապետական կուսակցության մի առանձնացած ճյուղի կողմից քննարկվող տարր է, որը բնութագրում է պատմության նկատմամբ վերաբերմունքը, եւ այն այսօր կուսակցության ժամանակակից գործունեության սկզբունքը չէր կարող լինել այլեւս։ Հանրապետականը, սկսած Վազգեն Սարգսյանի ժամանակներից, ում շատ էր դուր եկել կուսակցության անունը, վաղուց իր մեջ ներառել է իշխանական կուսակցություններին հատուկ բոլոր հատկանիշները։

ՀՀԿ-ն ինքը պետք է հասկանա՝ ինչ է իրենց կուսակցությունը, ձերբազատվի անցյալի մտավարժանքներից, ընդունի նորամուծությունները եւ անկեղծորեն օգնի դրանց հաստատմանը քաղաքականության մեջ։ Այդ դեպքում ամեն մեկը արագորեն կստանձնի իր բաժին դերակատարումը, եւ այդ բաժինը քաղաքական կլինի, եւ ոչ թե պարփակված «նախարարական պորտֆելների» մեջ, որոնք սահմանափակ են։ Պետք է սովորեն թիմո՛վ աշխատել։ Այս բնութագրականները, ի վերջո, պետք է ձեւակերպվեն, եւ լավ կլիներ, որ կուսակցությունն ինքը դրանք ներկայացներ հասարակությանը։

ՀՀԿ-ի արժեքը քաղաքական դաշտում

Սա ֆունկցիոներների կուսակցություն է, տասնամյակների ընթացքում թրծված, իրականությունը ճանաչող, շրջապատ ու միջավայր ստեղծած քաղաքական ուժ։ Նրանք ունեն իրենց կայուն ընտրազանգվածը եւ հենվում են նրա վրա։ Կարողանում են ընտրություններ կազմակերպել եւ ընտրվել։ Սրանք իշխանության համար հղկված, կարգապահ, ենթարկվող քաղաքական ուժ են։

Արմատական ընդդիմությունը չի ընդունում այս կուսակցության գործնական հնարավորությունները, ընդունակություններն ու հեղինակությունը, ուստի նրանց ընտրական քաղաքականությունը մեկնաբանելիս շեշտը դնում է միայն ընտրակեղծիքների վրա։ Այդ իսկ պատճառով նրա տեսակետը հակասության մեջ է մտնում նաեւ վերջին ընտրությունների նկատմամբ արեւմտյան դիտորդների վերաբերմունքի եւ նրանց փաստական գնահատականների հետ։ Եթե այսպես շարունակվի, այս իրավիճակը կարող է հարատեւել՝ իշխանությունն անընդհատ կվերարտադրվի, ընդդիմությունը կհայտարարի, որ ընտրությունները կեղծված էին։

Նույն պրագմատիստական հաշվարկով հանրապետականներն իրենց առաջնորդ ընտրեցին Սերժ Սարգսյանին։ Նեղ կտրվածքով, Սերժ Սարգսյանը նախկինում եղել է միշտ նշանակովի պաշտոններում։ Հանրապետականների կողմից նրան անվերապահ սատարելու հանգամանքը պարզ կոնֆորմիզմ չէր, այլ նպատակային համագործակցություն՝ ընտրելու տվյալ պահին ամենաուժեղին եւ ամենահեռանկարայինին։ Հանրապետական նախագահը արձանագրեց ձայների այնպիսի մեծամասնություն, որ չէր եղել նախագահական առաջին ընտրությունից ի վեր։ Մեկ տարի առաջ բացարձակ մեծամասնություն էր գրանցել նաեւ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում։

Թեպետ իրենց ձայների քանակով հանրապետականները կարող էին միանձնյա ղեկավարություն ստանձնել, սակայն առ այսօր պահպանում են ուժերի նպատակահարմար հավասարակշռություն, որտեղ շատ հարմոնիկ բաժանել են նույնիսկ գաղափարական տարաձայնությունների դաշտը` կարողանալով դա կառավարելի պահել։ Անգամ արմատական ընդդիմությունը նշաններ է ցույց տալիս, որ եթե «Ղարաբաղը չծախեն», ինքը պատրաստ է որոշակի համակերպման, ինչը հետագայում իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում, հնարավոր է ենթադրել, որ կարող է վերածվել համագործակցության։

Չմոռանանք նշել նաեւ, որ հատկապես Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ստանձնելու միջոցով Սերժ Սարգսյանը կարողացավ շեղել Հայաստանում նախագահի փոփոխությունից հետո՝ իրադարձությունների զարգացումը նախատեսված՝ ռուսաստանյան տարբերակով։ Սերժ Սարգսյանի ընտրած քաղաքական հենարանն ավելի հեռանկարային դուրս եկավ, քան այդ ժամանակ ազդեցության շատ ավելի մեծ ռեզերվ ունեցող նախագահ Ռ. Քոչարյանի գաղափարախոսությունը, ով երկար ժամանակ նախընտրում էր «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» արտաքուստ առաքինի, բայց ռոմանտիկ, իրականում, ըստ էության, չաշխատած կարգախոսը։ Այս մոտեցումների տարբերությունը նա չափազանց ուշ գնահատեց։ Քոչարյանը նպատակադրված կերպով սահմանադրությամբ իրավաբանորեն թուլացրեց նախագահական իշխանությունը, սակայն փաստացի այսօր նախագահական իշխանությունը ուժեղ է քան երբեւէ՝ հենվելով զուտ Սերժ Սարգսյանի անձնական ազդեցության եւ հեղինակության վրա, որին զգալիորեն նպաստում է նաեւ իշխող կուսակցության առաջատարի դերը։ Նախագահական առաջին ընտրություններից ի վեր մեզ մոտ չի եղել մի նախագահ, որն այնպիսի ձայների տարբերություն արձանագրի, ինչպես Սերժ Սարգսյանը վերջին նախագահական ընտրություններում։

Շատ կարեւոր քայլ էր Հանրապետականի վերջին համագումարում վարչապետի եւ իր թիմի միանալը կուսակցությանը։ Սա նշանակում է ոչ թե «Սերժական թեւի ուժեղացում», ինչպես փորձում են մեկնաբանել (իրականում բոլորն էլ «սերժական» են այսօր), այլ նշանակում է, որ բոլո՛րը պետք է պատասխանատվություն կրեն երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, ընդհուպ՝ դիվանագիտական կորուստների համար։ Սա թիմը ուժեղացնելու քայլ էր՝ պետությանը ներկայացված խոշոր, կարելի է ասել՝ աննախադեպ մարտահրավերների առջեւ, եւ հասկացողները դա հասկացել են։ Շատ կարեւոր է նաեւ, որ այս քայլով Նախագահը ոչ թե հրահանգեց «նոր շեֆի» մուտքը, այլ ընդգծեց բոլորի ստեղծագործական ազատությունը՝ հարցերի քննարկման եւ լուծման մեջ։ Հիմա հերթը հանրապետականներինն է՝ լճացումից ինքնուրույն դուրս գալու, այսինքն՝ իրենց ստեղծագործական ռեզերվի առկայությունը ցույց տալու։ Մեծ հույս կա, որ ուղեղի այդ կարողությունները չեն սահմանափակվի միայն բանկերը Դիլիջան տեղափոխելու, ԱԺ բակում եկեղեցի կառուցելու կարգի պոպուլյար նախաձեռնություններով։ Այսօր ստրատեգիական մոտեցումների կարիք է զգացվում, եւ չի կարելի բավարարվել, փափուկ բարձի սկզբունքով, ամեն ինչ միայն երկրի նախագահի վրա թողնելով։

Ամբողջ թեր ու դեմը հաշվարկելով, կարելի է վստահ լինել, որ ուկրաինական տարբերակ Հայաստանին չի սպասում։ Սակայն նման պայմաններում գործում է ընդհանուր օրենքը՝ եթե ընդդիմությունը ուժեղ է, իշխանությունը միավորվում է, երբ ընդդիմության անմիջական վտանգավորությունը նվազում է, իշխանության ներսում առաջանում են խմորումներ ու շահերի բախում։ Սա է մեր քաղաքական ավանդույթի մանրակերտը։

Փոփոխությունների անհրաժեշտությունը եւ դրանց սահմանները

Ցանկացած, նույնիսկ ամենաուժեղ համակարգերը պարբերաբար փոփոխությունների կարիք են զգում։ Հաճախ, հիմնավորված, հաշվարկված, հաճախ էլ՝ ոչ այնքան։ Պետք է հավասարակշռել իրական անհրաժեշտությունները, հակառակ դեպքում դրանք վտանգավոր են դառնում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին որոշեց փոխել իշխող վերնախավը, սակայն արդյունքում քանդվեց ողջ համակարգը (Ղարաբաղի հարցը սոսկ պատրվակ էր, առիթ)։ Դրանից առաջ Գորբաչովի «պերեստրոյկան» հանգեցրեց բոլորովին անկանխատեսելի հետեւանքների։ Ավելի շատ են հաջողված ներքին փոփոխությունների օրինակները։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում խթանվեցին տեղաշարժերը մի շարք հանգուցային բնագավառներում (Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման, միջազգային դիվանագիտության, տնտեսական քաղաքականության, եւ այլն)։

ՀՀԿ վերջին համագումարում ներկայացված պահանջների մի խոշոր բաժինը վերաբերում էր վերափոխումների անհրաժեշտությանը։ «Մենք մեր գործունեությունն այսօր կառուցում ենք որպես 21-րդ դարի կուսակցություն»։ Իհարկե, սա միայն վերը նշված 19-րդ դարի նժդեհականությունից հրաժարվելու հորդոր չէր։ Ակնհայտ է, որ ժամանակը պահանջում է փոփոխություն եւ վերադասավորումներ։ Դա Նախագահը վերապահում է կուսակցության ներուժին. «…ունենք անհրաժեշտ բոլոր պայմանները փոխելու եւ փոխվելու»։ Կամ՝ «Եկել է ազատորեն փոխելու ու անհրաժեշտաբար փոխվելու ժամանակը»։ Նախագահը շեշտում է՝ «Հանրապետականը ներկուսակցական փոփոխությունները պարտավոր է դիտարկել առավել լայն համատեքստում։ Եվ այն պնդումը, որ «Հանրապետականների ներկա սերունդը ուրիշ մարտահրավերների առաջ է կանգնած», ուղղակի վկայությունն է ավելի ժամանակակից մտածողության։ Իսկ իրական նպատակները բազմիցս շեշտվել են նրա կողմից՝ դեռ 11-րդ համագումարից. «Աղքատության, կոռուպցիայի ու երկրի դեմ ծառացած այլ մարտահրավերների դեմ պայքարը»։ Սա է կուսակցության այսօրվա գաղափարախոսությունը։

Համագումարում Կուսակցության ղեկավարի ելույթը ավելի շատ պահանջներ էր, քան հաշվետվություն։ Ու չնայած այդ պահանջները ներկայացվեցին մեղմ ոճով, սակայն դրանց տակ եղած բովանդակության հրատապությունն ու անհրաժեշտությունը ում որ ուղղված էր՝ լավ էլ հասկացան։

Իհարկե, ելույթի ամբողջությամբ հանդուրժողական տոնից չի կարելի եզրակացնել, թե նախագահը ինչ-որ ռադիկալ փոփոխությունների է պատրաստվում։ Իսկ եթե ոմանք իշխող կուսակցության շարքերում անհամբեր սպասում են «ջարդի», ապա չենք կարծում, թե դա տեղի կունենա։ Մի քանի քավության նոխազներ, հնարավոր է, «կթռնեն», որոշ ուժերի տեղափոխություններ կլինեն աստիճանակարգային եւ ազդեցությունների հիերարխիայում (կարող ենք նույնիսկ մատնացույց անել)։ Քաղաքական պայքարում ուրիշ օբյեկտներ կան, որոնց հետ մրցակցությունը ավելի կարեւոր է այսօր (ընդդիմություն, ԲՀԿ), քան սեփական կուսակցությունը, որի փորձը եւ կարողությունները շատ անհրաժեշտ են մանավանդ արդեն մոտեցող ընտրությունների ֆոնին։ Իշխանության նոր «հենարան» ստեղծելը աբսուրդ է՝ չկան այդ կադրերը։ Այդ դեպքում պետք է մտածել՝ ո՞ւմ է դա պետք։ Եվ գլխավորը, արդյո՞ք դա ՀՀ Նախագահին պետք է։

Իշխանության մեջ ինչ-որ արմատական փոփոխությունների, ներքին թշնամու որոնումների փորձերը, որ նույն շրջանում շրջանառվում էին մամուլում, ՀՀ նախագահի ելույթում փառահեղորեն արհամարհվեցին։ Ակնհայտ է, որ դա պետական քաղաքականություն լինել չի կարող՝ ելնելով վերը հիշատակված բոլոր հանգամանքներից։ Ավելի շուտ դա «երիտկոմսոմոլների», այսպես կոչված` «երիտպոլիտտեխնոլոգների», «պիառշչիկների» երազանքներն են, որոնք մոտեցել են իշխանության նախամուտքին եւ անհամբերությամբ ձգտում են այնտեղ խոշոր փոփոխությունների ինտրիգներ տեսնել՝ ոչ միայն ժամանցի, այլեւ իրենց համար միանգամից «արեւի տակ լայն տեղ բացելու» սեւեռուն հույսերով։ Մինչդեռ, երբ նրանց տրամադրվում են հնարավորություններ սեփական ուժերով ինչ-որ իրական արժեքներ արձանագրելու (քաղաքական նախագծերի, կուսակցությունների, եւ այլնի տեսքով), բոլորն առայժմ փառահեղորեն տապալում են (սա առանձին վերլուծության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում)։

Սերժ Սարգսյանի քաղաքական դիմագիծը մեծ մասամբ ընկալվել է միշտ խաղաղության եւ հաշտության ակնկալիքներով։ Նույնիսկ այսօր, ներքին եւ արտաքին բազմաթիվ օբյեկտիվ լարումների պայմաններում, հանրապետությունում հաջողվում է պահպանել մոտեցումների այդ հավասարակշռվածությունը եւ խաղաղությունը։

Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ