Հովհարային անջատումներ

10/12/2009

ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները երեկ մեզ տեղեկացրին, որ արդեն քանի օր է, առավոտյան ժամը 11-ից սկսած՝ մինչեւ ուշ երեկո, իրենք զրկվում են էլեկտրականությունից: Ըստ «Վանաձոր» ք/հ-ում պահվող դատապարտյալների` հիմնարկի ղեկավարությունն ամենայն հավանականությամբ այս կերպ` դատապարտյալներին մթության մեջ պահելու հաշվին, խնայողություն է կատարում: «Հենց հիմա մենք լույս չունենք, եւ դա կարծես թե հիմնարկի ղեկավարության համար սովորույթ է դառնում, որովհետեւ մի քանի օր է՝ մեզ հոսանքազրկում են»,- տեղեկացրին մեզ զանգահարած դատապարտյալներն, ովքեր հիմնականում մեկուսարանում գտնվողներն էին: Վերջիններս փակ տիպի ռեժիմային գոտում գտնվելու պատճառով հնարավորություն չունեն ճշտել, թե արդյո՞ք հիմնարկի վարչական շենքը նույնպես հոսանքազրկված է, սակայն, չնայած դրան` վստահ են, որ վարչական շենքում, այնուամենայնիվ, էլեկտրականության հետ կապված խնդիրներ չկան, քանի որ հիմնարկի էլեկտրական դարպասները մշտապես գործում են: «Փաստորեն, պետական բյուջեով յուրաքանչյուր դատապարտյալին հատկացվող չափաբաժինն էլ են յուրացնում: Այսինքն` լույսը տնտեսում են այն դեպքում, երբ պետությունն է վճարում կալանավայրի էլեկտրականության համար: Մեր հաշվին խնայողություն են անում»,- ասացին «Վանաձոր» ք/հ դատապարտյալները: