Ձախլիկությունը անհանգստության պատճառ չէ

10/12/2009

Ձախլիկությունը ոչ միայն ձախ ձեռքի գերադասություն է, այլեւ ուղեղի կիսագնդերի միջեւ ֆունկցիաների տարբերվող բաշխում: Այն ոչ սովորույթ է, ոչ հիվանդություն, ոչ մանկավարժական դաստիարակության վրիպում: Այն պարզապես օրգանիզմի զարգացման բնականոն տարբերակներից մեկն է: Ձախլիկությունը կարող է կրել թե գենետիկական, թե պաթոլոգիկ, թե սոցիալական բնույթ: Գենետիկականը փոխանցվում է ժառանգաբար, պաթոլոգիկն առաջանում է երեխայի` ներարգանդային զարգացման ընթացքում կամ ծնվելիս, իսկ սոցիալականը` բռնի սովորեցման հետեւանքով:

Երեխաների մոտ ձեռքերից մեկի առավելությունը մյուսի նկատմամբ ձեւավորվում է հիմնականում 4 տարեկան հասակում: Եթե այդ տարիքում երեխայի մոտ առկա է ձախլիկություն, իսկ ազգականների մեջ երեւույթը նույնպես կա, ապա չի կարելի պայքարել դրա համար: Ձախլիկ երեխային աջ ձեռքի սովորեցնելը կարող է նեւրոզ առաջացնել նրա մոտ, որը կարտահայտվի տարբեր երեւույթներով` անհանգիստ քուն, կակազ, անմիզապահություն եւ այլն: Երբեմն երեխան միանման է տիրապետում երկու ձեռքերին՝ «երկձեռ կամ ամբիդեքստր», երկու ձեռքն էլ նրա համար աջ ձեռքի պես են աշխատում: Ձախլիկները շատ հաճախ չեն կարողանում աշխատել խմբերում, նրանց հարկավոր է սեփական նախաձեռնություն, անհատական աշխատանք: Ձախլիկության վերացման համար շատ կարեւոր է հաշվի առնել երեխայի ընդունակությունները, ավելի շատ հիմնվել առարկայական բացատրությունների, նկարների վրա: