Հայտարարություն

10/12/2009

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով մենք` Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի, արդարադատության իրականացման խնդիրների առնչությամբ:

Ցավով նշում ենք, որ 2009 թ.-ին իրավապաշտպանների կողմից գրանցվել են մի շարք դեպքեր, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, ուժի կիրառման միջոցով կորզվել են ցուցմունքներ, դիտարկվել են արդար դատաքննության խախտումներ:

Որպես վառ դրսեւորում՝ ցանկանում ենք նշել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց հետեւող գործընթացները:

Մինչ այժմ չբացահայտված են մնում 2008թ. մարտի 1-ի երեկոյան իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով տասը քաղաքացիների սպանության հանգամանքները եւ պատասխանատու անձինք:

Այսինքն՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից 1609, 1620, 1643, 1677 Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւերը դեռեւս լիարժեք չեն կատարվել:

Այսօր ազատազրկման վայրերում շարունակում են մնալ թվով մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ:

Մենք` Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք բռնության ցանկացած դրսեւորում եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք`

1. Ներկայացնել մարտի 1-ին տասը քաղաքացու սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունները։

2. Շուտափույթ բացահայտել տասը քաղաքացու սպանության հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին` վերջ դնելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը:

3. Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` ստեղծելով առանց քաղաքական հետապնդումների երկիր:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Transparency International հակակոռուպցիոն կենտրոն

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Հայաստանի հելսինկյան ընկերակցություն

Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայաստանյան կոմիտե

Ընդդեմ իրավական կամայականության

Իրավունքի եւ ազատության կենտրոն