Հերթականը

08/12/2009

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշակում են Ղարաբաղի հարցի կարգավորման նոր առաջարկներ, որոնք կներկայացնեն տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի ժամանակ: Նաեւ ավելացրել է, թե Ադրբեջանը մասնակցում է բանակցությանն ակնկալիքով, որ դա արդյունք կունենա, հակառակ պարագայում Ադրբեջանն, ըստ նրա` «մտադիր չէ ժամանակ սպանել բանակցային սեղանի շուրջ»: Ազիմովի փոխանցմամբ` Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չի ստորագրվել որեւէ համատեղ փաստաթուղթ եւ չի արվել համատեղ քաղաքական հայտարարություն, քանի որ դա նախագահների իրավասությունն է: Նրա խոսքով, ԱԳ նախարարների մակարդակով ընդամենը պատրաստվում է նախագահների առաջիկա հանդիպումը, որտեղ էլ քննարկվում են հիմնական սկզբունքները: «Հակամարտության կարգավորման հերթականություն կա: Առաջին հերթին անհրաժեշտ է ազատել տարածքները, ինչից հետո բնակչությունը կվերադառնա իրենց տները: Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի Հայաստան-Ադրբեջան համագործակցությունը: Եթե համագործակցություն չլինի, խաղաղությունն անհնար է, իսկ առանց խաղաղության խոսք անգամ լինել չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման վերաբերյալ: Սրանից ելնելով` կարելի է ենթադրել, թե այժմ ինչ են քննարկում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այսինքն` նրանք վերոնշյալ սկզբունքների կիրառման հնարավորությունն են մշակում»: Ազիմովը նաեւ ընդգծել է, որ միջազգային հանրությունը, կազմակերպությունները, շահագրգիռ երկրները պետք է միասնական մոդել պատրաստեն, որի հիման վրա կարող է մշակվել Ադրբեջանի կազմում ԼՂ-ի ինքնակառավարման կարգավիճակը: «Հայաստանից բացի, աշխարհի որեւէ երկիր չի ցանկանում Ադրբեջանից ԼՂ-ի անջատումը: Այդ իսկ պատճառով հիմնական խնդիրն Ադրբեջանի կազմում ԼՂ-ի ինքնակառավարման մոդելի` միջազգային հանրության պատկերացրած տարբերակին պաշտոնական Երեւանը մոտեցնելն է»,- ասել է Ա. Ազիմովը: