ԱՄՆ-ում չեն կարծում, թե պետք է ճնշումներ գործադրել Երեւանի վրա` ԼՂ հարցն Ադրբեջանի ակնկալիքներին համահունչ լուծելու նպատակով: Այս մասին «day.az»-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Ռասիմ Աղաեւը: Ըստ նրա` Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում իր մոտեցումներն ու հետաքրքրություններն ունի, եւ պետք չէ ակնկալել, որ նա հիմնախնդրի վերջնական հանգուցալուծման ճանապարհին ճնշումներ կգործադրի պաշտոնական Երեւանի վրա: Աղաեւը կարծում է, որ ԱՄՆ-ը փորձում է հիմնախնդիրը կարգավորել այնպես, որ երկու կողմերն էլ Վաշինգտոնի միջնորդությունից գոհ մնան: ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին եւ Ադրբեջանին իրենով անել: Ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ի կողմից իրականացվող նմանօրինակ քաղաքականության նպատակը` Հարավային Կովկասում իր իսկ դիրքերի ամրապնդումն է: Այս ամենն անհրաժեշտ է ԱՄՆ-ին, որպեսզի նա հնարավորություն ստանա Մերձավոր Արեւելքի հարցում ավելի ճկուն քաղաքականություն իրականացնել: