ԲՀԿ-ին չի հասկանում

08/12/2009

«Երեւան քաղաքում տեղական կառավարման մասին» օրենքի համահեղինակ Հրայր Թովմասյանը` «panorama» կայքին տված հարցազրույցում` անդրադառնալով Երեւանի ավագանու խորհրդում ԲՀԿ-ականների եւ ՀՀԿ-ականների միջեւ ծավալված վերջին զարգացումներին, ասել է. «ԲՀԿ-ի պատկերացումները, ակնկալիքները միանգամայն այլ էին»: Նաեւ հավելել է, թե իր պատկերացումներով, ԲՀԿ-ն Երեւանի ավագանու խորհուրդը համարում է մի ամբիոն, որը պետք է օգտագործել խոսելու ու կայանալու համար: «Եթե մամուլը գրում է ինչ-որ կոնֆլիկտների մասին, ապա ես փորձում եմ հասկանալ, թե դրա պատճառները որոնք կարող են լինել: Քաղաքապետն իր բնույթով ավելի գործադիր իշխանության ներկայացուցիչ է, եւ միգուցե իր համար, ասեմ՝ ոչ թե խորթ է, ոչ թե ընկալելի չէ, այլ պարզ չէ, թե այդքան ինչո՞ւ են խոսում: Եթե ինչ-որ բան ունեք անելու, եկեք անենք, եթե խոսում եք, որ բոլորը լսեն, ես չեմ ուզում դա: Սա է ըստ էության վիճակը»,- ասել է Հ. Թովմասյանը: «Այսինքն, քննադատել ավագանուն, ինչպես դա փորձում է անել «Բարգավաճ Հայաստանը», այն դեպքում, երբ դու մատդ մատին չես տվել առնվազն օրենսդրական նախաձեռնությունների տեսանկյունից, իմ կարծիքով, արդար չէ: Իհարկե, քննադատելն ավելի հեշտ է, միգուցե ավելի հաճելի է: Բայց ոչ ոք չի սխալվում այն դեպքում, երբ ոչինչ չի անում: Մի բանում սխալված կլինես, որ ոչինչ չես արել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է քվորումի նվազագույն շեմը փոխարինելու նախաձեռնությանը, ապա, ըստ Հ.Թովմասյանի` ԲՀԿ խմբակցության անդամները չընկալեցին, որ այդ փոփոխությունն իրենց օգտին է, որովհետեւ քվորումի նման շեմը փոքրամասնության իրավունքների պաշտպանության համար է նախատեսված, որպեսզի մեծամասնությունը միայն, նիստերին չգալով, չկարողանա բոյկոտել նիստերի անցկացումը: «Թե ինչո՞ւ են նրանք դեմ, ինձ համար անհասկանալի է»,- ասել է նա` ավելացնելով, թե փոքրամասնություն կազմող ԲՀԿ-ն ունի անհրաժեշտ ձայների քանակը ավագանիում, որպեսզի կարողանա նիստեր հրավիրել ու օրինական որոշումներ կայացնել, մինչդեռ ԱԺ մոդելը, որին կողմնակից է ԲՀԿ-ն, ըստ նրա` քննադատության է արժանի: Անդրադառնալով ԲՀԿ-ականների` մանդատները վայր դնելու մասին զգուշացումներին, Հ. Թովմասյանն ասել է. «Ես վստահ եմ, որ վայր չեն դնի: Դնելու պարագայում այդ մարտահրավերը բացարձակ անհասկանալի կլինի: Այդ մանդատները ոչ ոք իրենց տնից չի բերել, որ մի օր որոշի դրանից հրաժարվել: Մոտավորապես այս դիրքորոշումն է. եթե սահմանադրությունը կամ օրենքը կատարվի, մենք մանդատները վայր կդնենք»: Նաեւ նկատել է. «Եթե փոքրամասնությունը կարծում է, որ պետք է իր ասածն անցնի, ուրեմն պետք է գնա»: