Հայաստանը շաքար կարտադրի

08/12/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Գյումրի` հարգանքի տուրք մատուցելու 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Նա ծաղկեպսակ է դրել «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշահամալիրում, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին:

Այնուհետեւ ՀՀ նախագահն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կառուցվող շաքարի գործարան, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2006թ. ամռանից, եւ արդեն իսկ մոտենում են ավարտին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է գործարանի շինարարական աշխատանքի ընթացքին եւ շաքարի ճակնդեղի մշակման նախապատրաստական միջոցառումներին։

Գործարանի սեփականատերը գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Գործարանի կառուցման համար գործարարը ներդրել է 90-92 մլն դոլար, աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ կլինի եւս 8-10 մլն դոլարի ներդրում: Նախատեսվում է, որ այն իր աշխատանքները կսկսի 2010թ. մայիսի վերջին:

Հանրապետությունում շաքարի արտադրությունը վերականգնելու եւ շաքարի ճակնդեղ մշակելու գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունը 2008թ. հունիսին հաստատել է «ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը»: Գյուղատնտեսության նախարարությունը Շիրակի եւ Լոռու մարզպետարանների հետ միասին աշխատանք է իրականացնում 2010թ. այս մարզերում` շաքարի ճակնդեղի մշակությունը վերականգնելու ուղղությամբ: Ախուրյանում կառուցվող շաքարի արտադրության գործարանի տնօրեն Էդուարդ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պակասորդի դեպքում Հայաստանը կարող է սեփական արտադրության շաքարավազ արտահանել Ռուսաստան եւ եվրոպական երկրներ: Ծրագրվում է, որ հայկական արտադրության շաքարավազը կարտահանվի նաեւ Վրաստան եւ Հյուսիսային Իրան:

Ավելին, գործարանի տնօրենը հավելել է, որ հայկական կողմն արդեն առաջարկ է ստացել Ռուսաստանից:

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հավաստմամբ` Հայաստանում շաքարավազի տարեկան պահանջարկը կազմում է 90.000 տոննա, որն ամբողջությամբ ներկրվում է: Սկզբում այս գործարանը կաշխատի դրսից ներմուծված հումքով, իսկ հետո նախատեսվում է ճակնդեղի մշակության գործում ներգրավել 20.000 գյուղացիական տնտեսություն, որից հետո հնարավոր կլինի նաեւ շաքար արտահանել: Գործարանի տնօրինության հավաստմամբ` գործարանի շահագործման դեպքում կստեղծվի մոտ 1000 աշխատատեղ: Ըստ նրանց` կարտադրվի բարձրորակ շաքար, գինը ցածր կլինի, իսկ դրանք մշակող տեխնոլոգիաները` բարձրորակ: Նախատեսվում է, որ գործարանը տարեկան կարտադրի 220.000 տոննա շաքար:

2010թ. Հայաստանում արտադրվող շաքարի 45%-ի համար օգտագործվելու է

ՀՀ-ում մշակվող շաքարի ճակնդեղ, հումքի մյուս մասը կազմելու է Բրազիլիայից ներկրված կիսաֆաբրիկատ հումքը: «Արտադրվող շաքարը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին, չնայած նրան, որ ներկրվող բրազիլական շաքարը նույնպես բարձրորակ ապրանք է»,- պարզաբանել է գործարանի տնօրենը եւ հավելել, որ ի տարբերություն շուկայական գների, տեղական արտադրության շաքարի մեկ տոննան 30-40 դոլարով ավելի էժան կարժենա: Գործարանն ամեն տարի կարող է արտադրել մոտ 220 հազար տոննա շաքարավազ, ինչը 2,5 անգամ գերազանցում է նվազագույն սպառողական ծավալը: