Հասարակություն, որին ինտեգրվելը հաճելի չէ

08/12/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Եվրոպական երկրում հայտնված յուրաքանչյուրը` ճարտարապետական կոթողների, մարդկային փափուկ եւ ազնիվ փոխհարաբերությունների վրա զարմանալուց հետո, հանկարծ նկատում է, թե որքան շատ են հաշմանդամները: Նրանք ամենուր են` օդանավակայաններում, լողափում, թանգարաններում, ակումբներում: Ի վերջո, նախագահների թեկնածուների կողքին` նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում: Հարց է առաջանում` իսկ որտե՞ղ են մեր հաշմանդամները: Նախագահական ընտրությունների ժամանակ նրանք որեւէ թեկնածուի կողքին չեն երեւում: Հավանաբար` այնքան ֆոտոգենիկ չեն` թեկնածուների ֆոնին երեւալու համար: Քաղաքականության մեջ էլ չունենք հաշմանդամ պատգամավորներ, կառավարության անդամներ: Առողջական անգամ թույլ երերում ունեցող մեկը Հայաստանում քաղաքականությամբ, հասկանալի է, չի կարող զբաղվել: Դրա համար անհրաժեշտ է ամուր առողջություն, երջանկություն եւ երկար-երկար տարիների կյանք:

Դեկտեմբերի 3-ին, երբ նաեւ մեր երկրում նշեցին Հաշմանդամների միջազգային օրը, երկրի ղեկավարները պրոտոկոլային ելույթներ ունեցան` արձանագրելով, թե ամեն ինչ պետք է անել, որ հաշմանդամներն ինտեգրվեն հասարակությանը: Սակայն սա այն դեպքն է, երբ մարդիկ չեն կարող լինել հաշմանդամ, ունենալ առողջական լրջագույն խնդիրներ, մյուս կողմից էլ՝ լրացուցիչ ջանք գործադրել, որ ինտեգրվեն մեր հասարակությանը: Ինտեգրվել մեր հասարակությանը վեր է անգամ երկաթե առողջություն ունեցող մարդկանց ուժերից։

Իմ կարծիքով, սխալը հենց հարցի ձեւակերպման մեջ է: Պետք է ո՛չ թե հաշմանդամները կարողանան ինտեգրվել հասարակությանը, այլ հասարակությունը պետք է այնքան իմաստուն ու գթասիրտ լինի, որ կարողանա ինքն ինտեգրվել հաշմանդամներին: Իսկ իրականությունն այն է, որ մենք բավական դաժան ենք` հաշմանդամներին մեր շարքեր ներգրավելու համար: Պետությունն իր սոցիալական, կրթական եւ առողջապահական համակարգով ամեն ինչ արել է, որ հաշմանդամները երբեւէ իրենց լիարժեք չզգան: Հաշմանդամների հանդեպ մեր վերաբերմունքը ինքս ինձ համար արձանագրեցի օրերս: «Հույսի կամուրջ» կազմակերպությունը գտնվում է ինը հարկանի շենքում: Հաշմանդամների միջազգային օրը այս կազմակերպությունը վերելակում փակցրել էր թերթիկ, ուր ասվում էր, որ պետք է հավասար պայմաններ ստեղծել հաշմանդամների համար: Մինչեւ իններորդ հարկ բարձրանալը վերելակ նստեցին մի քանի խումբ մարդիկ: Ակնոց դնելուց հետո, երբ հարգարժան պարոնայք ծանոթանում էին թերթիկի առաջին իսկ տողին, հիասթափված ընթերցածի բովանդակությունից` հանում էին ակնոցը, որպեսզի հանկարծ չընթերցեն հաջորդ տողը:

Այն մարդիկ, ովքեր ունեն ֆիզիկական արատներ կամ մտավոր սահմանափակ հնարավորություններ, սակայն ընտանիքում են, շրջապատված են հարազատների սիրով ու խնամքով, այսինքն` պետության հույսին չեն, ինչ-որ չափով ապահովագրված են:

Սակայն մեր երկրում շատ են հաշմանդամ երեխաները: Նրանց տեսնում ենք տարին մեկ-երկու անգամ, երբ երկրի Առաջին տիկնայք այցելում են ծնողների կողմից լքված մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող երեխաների մանկատներ: Գեղեցիկ, խնամքով հագնված տիկնայք` հայ էստրադայի աստղերի ուղեկցությամբ, հայտնվում են այդ հիվանդ երեխաների կողքին: Կոնտրաստն ահավոր է: Անգամ` անտանելի: Այդ երեխաների կյանքի ամեն օրը պայքար է: Եվ եթե չկան հոգատար, խի՛ստ հոգատար եւ սիրող ձեռքեր, այդ երեխաները պարզապես չեն ապրում: Փափուկ խաղալիքներն ու տեսախցիկի առաջ երեխաների գլուխը շոյելը այս դեպքում ոչինչ է: Այս երեխաներին անհրաժեշտ է խնամք օրվա 24 ժամերին: Յուրաքանչյուր երեխային լիարժեք խնամելու համար անհրաժեշտ է առնվազն երկու-երեք հոգի: Իսկ նման մանկատներում աշխատակիցների թիվը խիստ սահմանափակ է: Իսկ մանկատներում հիմնականում Մանկական ուղեղային կաթված (ԴՑՊ) ունեցող երեխաներն են, ովքեր ունեն հենաշարժողական, մտավոր խնդիրներ:

Այս հիվանդությամբ տառապող երեխաները, ովքեր պետք է տարին մի քանի անգամ հատուկ մարզումներ անցնեն հատուկ կենտրոններում, հաճախ դրա հնարավորությունը չունեն: Նախ` երեխաներն ունեն ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր, եւ ծնողները նրանց պետք է քաղաքի ծայրամասում գտնվող կենտրոն հասցնեն մեքենայով: Նրանք, ովքեր չունեն նման հնարավորություն, երեխային թողնում են առանց անհրաժեշտ մարզումների: Մասնագետներին տուն հրավիրելն էլ մեծ գումարների հետ է կապված: Հիվանդ երեխաների թիվն այնքան է, որ անգամ տարին մեկ անգամ, այն էլ դժվարությամբ է հնարավոր դառնում օգտվել նման կենտրոնների ծառայությունից: Հիվանդ երեխաների առողջության դինամիկան ստուգելու համար անհրաժեշտ են հատուկ ապարատային ստուգումներ: Դրանք բավական թանկ են: Պետության հայտարարած զեղչերն այս պարագայում անհասկանալիորեն չեն գործում: Օրինակ` էնցեֆալոգրաման արժե 11 հազար դրամ: Կա նաեւ էնցեֆալոգրամայի անվճար ծառայություն, սակայն այնպես է արված, որ իր երեխայի առողջությամբ մտահոգ եւ ոչ մի ծնող դրանից չօգտվի, քանի որ բժիշկները նախապես զգուշացնում են` սարքն անորակ է, նրա ցույց տված արդյունքը` ոչ ճշգրիտ:

Երբ երեխան մեծանում է, եւ գալիս է նրա կրթություն ստանալու ժամանակը, ծնողները հանկարծ պարզում են, որ այսքան սաունաներ, խաղատներ, ռեստորաններ եւ այլ կարգի տներ ունեցող Հայաստանում չկա եւ ոչ մի հաստատություն, որտեղ նման երեխաները կարողանան անցկացնել իրենց օրը։ Այսինքն` մի քանի ժամ գտնվեն մասնագետների եւ բժիշկների խնամքի տակ, ինչպես եվրոպական բոլոր երկրներում: Այդ մի քանի ազատ ժամը նաեւ մեծ օգնություն է ծնողներին, ովքեր ժամանակ կունենան հանգստանալու, աշխատելու, վերականգնելու իրենց ուժերը: Հաշմանդամ երեխայի ծնողը մեն-մենակ է իր երեխայի ու նրա խնդիրների հետ: Պետությունն այս դեպքում ոչ թե օգնում է, այլ խանգարում, քանի որ շփումը պետական ցանկացած ինստանցիայի հետ՝ դեպրեսիայի անսպառ աղբյուր է:

Երբ Կրթության նախարարը 70 հազար դոլար արժողությամբ մեքենա է նվեր ստանում, որպեսզի, ինչպես տարիքն առած իր կուսակիցն է ասում, ավելի ներկայանալի լինի՝ չգիտես` ում, թերեւս չի մտածել, որ կան ներկայանալի լինելու ավելի արժանապատիվ տարբերակներ: Դրանցից մեկը հաշմանդամ երեխաների կրթության, զբաղվածության հարցը լուծելն է` Առողջապահության եւ Սոցիալական ապահովության նախարարությունների հետ համատեղ:

Հակառակ դեպքում անհրաժեշտություն չկա արձանագրել` այսինչ օրը Հաշմանդամների միջազգային օրն է, երեկ 88-ի երկրաշարժի 21-րդ տարելիցն էր, դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության օրն է: Հետո՞ ինչ: