«Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմը, որը վերջերս ցուցադրվեց հայ հանդիսատեսին, այն ֆիլմերից է, որոնք ոչ թե պատասխաններ են տալիս, այլ՝ հարցեր են բարձրացնում։ Եվ թերեւս հենց դրանում է ֆիլմի առավելությունը, քանի որ, ինչպես ասում է ֆիլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանը՝ իսկական կինոն հենց հարց է տալիս, այլ ոչ թե միայն փաստ է արձանագրում։
Ֆիլմում քիչ են փաստերը, դրանք նույնիսկ չեն էլ ներկայացվում, ինչպես նկատում է Հ.Հախվերդյանը՝ մենք այնքան ենք սովորել Նարեկացուն, որ արդեն նույնիսկ չենք էլ նկատում նրան։ Իսկ նկատել, վերաիմաստավորել, կամ էլ պարզապես ժամանակ առ ժամանակ փորձ անել կարդալ «Մատյան ողբերգությունը», հաստատ հիմա շատ պետք է։ Պետք է, որովհետեւ մտքի նման լարում, գեղեցկություն ու անըմբռնելին ըմբռնելու փորձ մենք մեր պատմության մեջ չենք ունեցել։
Ֆիլմի հեղինակն ասում է. «Ուզում էի ֆիլմ անել Նարեկացու մասին, բայց որքան երկար էի նրան որոնում, այնքան դժվարանում ու խճճվում էի։ Եվ արդյունքում ֆիլմն ավելի շատ ոչ թե Նարեկացու, այլ մեր մասին ստացվեց»։ Որոնումների արդյունքում մեծ բանաստեղծ, մտածող, նաեւ՝ միստիկ Գրիգոր Նարեկացու մասին պատմող ֆիլմը շատ սեղմ, պոետիկ ու երաժշտությամբ լի զրույցի ֆորմա ստացավ, որի ընթացքում փորձ է արվում եւ Նարեկացու տողերի, եւ տողերի ազդեցությունից ստեղծված երաժշտության բանալին գտնել կրոնի, բնության, Նարեկացու կատարած հայերեն լեզվի հեղափոխական հարստացման, եւ ընդհանրապես մարդկային ներուժի գաղտնիքների մեջ։
Ֆիլմում շատ են զրույցները (հավաքվել են մեր օրերի արվեստագետները, որոնք նույնպես մեր հարստությունն են) եւ երաժշտությունը (հնչում են Կոմիտաս վարդապետի, Աննա Մայիլյանի, Քեթի Քաշքաշյանի, Հայաստանի Կամերային երգչախմբի կատարումները)։
«Նարեկացի որոնելիս» ֆիլմը, որը շատ երկար է պատրաստվել, շատ ամուր ներքին տրամաբանություն ունի, յուրաքանչյուր կադր եւ իր իմաստով, եւ վիզուալ շարքով եռակցվում է իրար՝ կադր առ կադր ավելի լայնացնելով զրույցի դաշտը։ Միանգամից երեւում է, որ ֆիլմը հապճեպ չի ստեղծվել, իսկ ստեղծագործական խումբը պատկանում է այն կինոդպրոցին, որից մենք, չգիտակցելով դա՝ դանդաղորեն հրաժարվում ենք։ Հասկանալի է, որ Նարեկացու մասին կարելի է որքան ուզես շատ խոսել, եւ այդ գայթակղությունից խուսափելը եւս պրոֆեսիոնալիզմ է։
Նարեկացու տողերի մեջ ամեն ինչ կա, բայց ամեն ինչը կոդավորված է։ Ինչպես ասվում է ֆիլմում՝ Նարեկացին կարծես բանալիով փակված մի տուն լինի, որտեղ կարելի է կամ երդիկով, կամ պատուհանով մտնել, շքամուտքով ներս մտնել Նարեկացին թույլ չի տալիս՝ ընթերցողի առջեւ անընդհատ պատնեշներ դնելով եւ թաքցնելով բանալիները։ Եվ որքան մոտենում ես նրա գրածին, այնքան հասկանում ես, որ ավելի ու ավելի հեռու ես հայտնվում ամբողջական վերծանումից։ Պետք է գործի դնել տարբեր զգայարանները (իզուր չէ, օրինակ, թատերական բեմադրիչ Վահան Բադալյանը նույն ճանապարհով գնացել ու Նարեկացու ստեղծագործությունների հիման վրա ստեղծած իր ներկայացումը «Յոթերորդ զգայարան» անվանել)։
Ֆիլմը մի քանի նման երդիկ-մուտքերի մասին է ակնարկում, քանի որ ֆիլմում զրուցող հյուրերի մեջ կան ոչ միայն արվեստի հետ առնչվող մարդիկ, այլեւ հոգեւորականներ, բժիշկներ, որոնք խոսում են Նարեկացու ստեղծած հոգեւոր աուրայի մասին, որը մարդկանց իրականում է բուժել, նաեւ այն անբացատրելի միստիկ ուժի մասին, առանց որի չի կարող հավատ, կրոն կամ էլ արվեստ լինել։
Ֆիլմը Նարեկացուն մոտենալու լավագույն միջոց համարում է երաժշտությունը, որը հենց դիտողի աչքի առջեւ է ծնվում, քանի որ ֆիլմը հագեցած է Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերով, որոնց ընթացքում երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը կարծես շոշափելով է մոտենում Նարեկացու տողերի իմաստին։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նկատում է, որ գրելով Նարեկացու ստեղծագործության իր մեկնաբանումը, պարզ, բյուրեղյա մաքրություն ունեցող պատկերներ է պատկերացրել. «Ահա Վանա լիճը, Նարեկա գյուղը, վանքը, եւ ես գնում եմ դեպի Նարեկացու լսած հնչյունները, լսում եմ բնության ձայները, լճի ալիքները։ Կարծում եմ, նույն կերպ արել է նաեւ Մանդելշտամը, որը ձայների, ոտնահետքերի միջոցով է հասկացել Դանթեի ստեղծագործությունների մեջ գոյացող ռիթմը»։ Մի առիթով Տիգրան Մանսուրյանը Նարեկացու պոեմը նվիրել է հայտնի երաժշտական ավանգարդիստ, դոդեկաֆոն երաժշտության հիմնադիր Ալֆրեդ Շնիտկեին, ինչպես ինքն է ասում՝ «ոչ թե որ Շնիտկեն երաժշտություն գրի, այլ պարզապես՝ որպես սփոփանք», եւ Շնիտկեն հայ վանականի աղոթք-պոեմում գտել է այն տեքստը, որը ստիպել է իրեն բառերի իմաստի մեջ երաժշտություն լսել։ Գրելով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիման վրա իր «Երգչախմբային կոնցերտը»՝ Շնիտկեն ասել է. «Ես ոչ թե գրել եմ այն երաժշտությունը, որը ցանկացել եմ, այն այլ, որը ինձ թելադրել է Նարեկացու տեքստը»։ Գրեթե նույն այդ միտքը նկատվում է նաեւ ռուս փայլուն դերասան Ինոկենտի Սմոկտունովսկու ընթերցումներում, ով տարիներ առաջ մասնակցելով Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներում, մեզ է թողել Նարեկացու իր զգույշ, նրբանկատ ու ինտելեկտուալ մեկնաբանումը։
Գալիս է մի պահ, երբ Նարեկացու տեքստը որոշակի միստիկական աստիճաններ անցնելուց հետո իրոք վերածվում է երաժշտության։ Եվ այդ երաժշտության ծնունդը մարդուց հոգեւոր աշխատանք է պահանջում։ Բոլոր զրուցակիցները հավաքված լինելով մի սեղանի շուրջը, վերջիվերջո, ընդունում են՝ Նարեկացու շոշափած չափանիշները հասկանալ չի ստացվում, բայց գոնե հարկավոր է ձգտել դրանց։ Եվ հասկանալ, թե ինչո՞ւ է իրականում Նարեկացին պաշտպանվել ժողովրդի կողմից եւ հալածվել հոգեւորականության կողմից։
Սոս Սարգսյանը, ում ընթերցմամբ ֆիլմում հնչում են Նարեկացու տողերը, ասում է, որ սկզբում ինքը ջանում էր Նարեկացու խոսքերը բողոքով, նույնիսկ հազիվ զսպվող մռնչյունով կարդալ, սակայն հետո հասկացավ, որ իրականում դա խնդրանք ու աղաչանք է՝ եթե Բարձրյալն է ինձ ստեղծել, ինչո՞ւ եմ ես այսքան անկատար։
Անդադար փորփրելով սեփական հոգին Նարեկացին անընդհատ հարց-աղոթքներ է ուղարկել տիեզերք, եւ հիմա այդ հարցումներից մի քանիսը (հենց հարցի տեսքով) բարձրացվում են «Նարեկացի որոնելիս» ֆիլմում, որի կառուցվածքը ենթադրում է, որ ֆիլմը պետք է շարունակություն ունենա։ Այսինքն՝ ցուցադրվելով տարբեր սրահներում ու էկրանների վրա՝ հարց տալու կուլտուրան վերակենդանացնի։ Այս ֆիլմի լավագույն շարունակությունը հաճախակի ցուցադրումն ու քննարկումների դրդելն է, այլ ոչ թե, մեկ անգամ ցուցադրելուց հետո, արխիվացնելը։
Կան հարցեր, որոնք երբեք պատասխան չեն ստանում, բայց դրանց առկայությունը փաստում է մարդ էակի կենդանության, այլ ոչ թե պարզապես գոյության մասին։
Գրիգոր Նարեկացին այսպիսի տողեր ունի.
«Ոտքի չկանգնած՝ ընկնում եմ կրկին,
Դեռ չամրապնդված՝ խախտվում եմ դարձյալ.
Չլցված՝ նորից մնում եմ թափուր,
Այստեղ մի փոքր կարգի եմ գալիս, այնտեղ՝ քայքայվում,
Հիմքը գցում եմ, բայց չեմ ավարտում,
Ուրիշներին եմ խրատում, մինչդեռ ես ինքս եմ անփորձ,
Գրվում եմ, սակայն ջնջվում եմ իսկույն,
Նավարկում եմ, սակայն շեղվում եմ գծից,
Սկսում եմ, բայց չեմ հասնում վերջին…»։
Եթե ցանկություն լինի Հայաստանի Հանրապետության գրախանութներից ձեռք բերել «Մատյան ողբերգության» պոեմը, ապա դա չի հաջողվի։ Նարեկացի կարելի է գնել միայն Վերնիսաժում, հնավաճառների մոտ, գետնի վրա շարած մաշված գրքերի կույտերի մեջ։ Նարեկացին հորդորել է. «Սկսածս դու հասցրու ավարտին»։ Մենք էլ անում ենք դա՝ չգիտակցելով, որ մեր կյանքից հսկայական հոգեւոր շերտ ենք ջնջում։