Երեկ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Դատական նիստի սկզբում փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել Ն. Փաշինյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ` հայտնելով, որ դեկտեմբերի 5-ին ԿԸՀ-ն թիվ 10 ընտրատեղամասում իր պաշտպանյալին գրանցել է որպես պատգամավորության թեկնածու: «Ընտրական օրենսգրքի հոդված 111-ի 6-րդ կետի համաձայն՝ պատգամավորի թեկնածուն չի կարող անազատության մեջ գտնվել, եթե չկա ԿԸՀ-ի համապատասխան թույլտվության մասին որոշում: Նման որոշում չկա: Փաշինյանին պետք է անհապաղ ազատ արձակել, քանի որ նա անհավասար պայմանների մեջ է նույն ընտրատարածքում առաջադրված մյուս 3 թեկնածուների նկատմամբ»,- հայտարարել է Փաշինյանի փաստաբան Լ. Սահակյանը: Ն. Փաշինյանն էլ իր խոսքում նշել է, որ ոչ աշխատանքային օրերին չի կարող հանդիպել իր վստահված անձանց հետ: Իսկ թիվ 10 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների համար քարոզարշավի համար նախատեսված 30 օրերից 15-ը ոչ աշխատանքային են: Հետեւաբար, ըստ Ն. Փաշինյանի, ոչ աշխատանքային օրերին թույլ չտալով իրեն հանդիպել իր վստահված անձանց հետ` ավելի են սահմանափակում նրա իրավունքները եւ անհամեմատ ընդգծում մյուս թեկնածուների նկատմամբ անհավասար պայմաններում գտնվելու փաստը:
Մեղադրող Կորյուն Փիլոյանը ընդմիջում է խնդրել Փաշինյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությանը ծանոթանալու համար: Ընդմիջումից հետո մեղադրող Հարություն Հարությունյանը հայտարարել է, որ միջնորդությունը պետք է մերժել, քանի որ Ն. Փաշինյանին կալանավորել են մինչեւ պատգամավորի թեկնածու գրանցելը: Ավելի ուշ Ն. Փաշինյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է նաեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը: