Նախօրեի ուշ երեկոյան Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը, որը վերջինս նոյեմբերի 20-ին հղել է ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին: Նամակում Բարաք Օբաման խոստանում է շարունակել ջանքերը «խելամիտ ժամկետներում» հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղղությամբ: ԱՄՆ նախագահը «պատմական» է որակել երկու երկրների երկխոսությունը: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: Առաջիկա ամիսներին մենք շարունակելու ենք եռանդուն կերպով աջակցել հարաբերությունների կարգավորման ջանքերին»,- նամակում գրել է Բարաք Օբաման: Վերջինիս նամակը ուղարկվել է ի պատասխան ԱՀՀ-ի, Հայկական ընդհանուր բարեգործական միության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Հայկական Առաքելական եկեղեցու կողմից սեպտեմբերի 9-ին Օբամային հղված դիմումի: Այդ դիմումում Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն էին հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին` միաժամանակ հայտարարելով, որ Վաշինգտոնը պետք է Անկարային ստիպի հրաժարվել այդ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորելու փորձերից: Նույն նամակում հայ համայնքի ներկայացուցիչները Օբամային կոչ էին արել հարգել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Եթե նորմալացման այս գործընթացը ընդամենը օգտագործվի որպես ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատրվակ, այն կարող է հարված հասցնել հարաբերությունների կարգավորմանը եւ հուսախաբ անել մարդկանց»,- գրել էին նրանք` ակնարկելով, մասնավորապես, ամերիկահայ համայնքի դժգոհությունները «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության օգտագործումից խուսափելու` Օբամայի քաղաքականությունից: Իր պատասխանում, սակայն, Օբաման կրկին խուսափել է «ցեղասպանություն» բառից, փոխարենը այն անվանելով «20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը»: Միաժամանակ, ԱՄՆ նախագահը գրել է, որ անցյալում իր արտահայտած կարծիքները մնում են ուժի մեջ: