Տեղափոխել են հիվանդանոց

05/12/2009

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին երեկ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն (Հանրապետական հիվանդանոց): Սասուն Միքայելյանը սեպտեմբերի

12-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, եւ արդեն մոտ մեկ ամիս նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու առաջարկով մոտ մեկ ամիս առաջ հանդես էր եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, այս շաբաթվա ընթացքում նույն պահանջով նախագահ Սերժ Սարգսյանին էին դիմել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը եւ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ապա՝ մի խումբ մտավորականներ: Պաշտոնապես Ս. Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկների եզրակացության հիմքով: Այն նույն բժիշկների, որոնք ընդամենը մեկ շաբաթ առաջ գտնում էին, որ քաղբանտարկյալին բուժօգնություն ցուցաբերելու համար բավարար են «Դատապարտյալների հիվանդանոցի» պայմանները: Իրականում բժշկական եզրակացությունը իշխանությունների կայացրած քաղաքական որոշման արդյունքն է: Ճիշտ այնպես, ինչպես քաղաքական որոշման արդյունքում ԱԺ-ն դակեց

Ս. Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը, մյուս մարմիններն էլ` անհեթեթ քրեական գործն ու դատավճիռը: Որոշակի շրջանակներում չեն բացառում, որ իշխանությունները կարող են նաեւ որոշում կայացնել Սասուն Միքայելյանին ազատ արձակելու վերաբերյալ: Դրա համար պետք է ընդամենը վեր կանգնել անձնական մանրախնդրությունից, ինչը, սակայն, մեղմ ասած, այնքան էլ բնորոշ չէ մեր իշխանություններին: Այդ մասին է վկայում թեկուզ այն, թե ինչպես են երեկ հիվանդանոց տեղափոխել Ղարաբաղյան պատերազմի մասնակցին: Սասուն Միքայելյանին ուղեկցել են մոտ երկու տասնյակ համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով անձինք` ինչպես ծանր հանցագործի: Այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ մեկուսարանից, գուցեեւ՝ ոչ առանց իշխանությունների գիտության, փախուստի են դիմել ցմահ ազատազրկման դատապարտված ծանր հանցագործները: