Հույսը իշխանություններն են

05/12/2009

«Հմայակ Հովհաննիսյանի մտահոգությունն ընդդիմության ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կեղծ է եւ պիղծ: Նա դարանակալած կոկորդիլոսի նման սպասում է, թե Փաշինյանի նկատմամբ դատարանի վճիռը կկայանա՞ մինչեւ դեկտեմբերի 31-ը, թե՞ Փաշինյանին թույլ կտան մտնել քվեաթերթիկ: Համոզված լինելով, որ իշխանությունները մարաթոնից կհանեն Փաշինյանին` նա սպասում է, որ վերցնի ընդդիմության դափնիները: Իրականում՝ քամելեոնիզմ եւ ոչինչ ավելին»,- երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ, նույն ընտրատարածքում պաստգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Հակոբյանը: Վերջինս առաջադրված 4-րդ թեկնածուին` «Ազգային Միաբանության» ներկայացուցիչ Արա Սիմոնյանին, ընդհանրապես իրեն մրցակից չի համարում: Իրեն արժանի մրցակից թիվ մեկ մարքսիստը համարում է Նիկոլ Փաշինյանին: «Նրա լրագրողական տաղանդը երկրպագում ենք բոլորս: Նա առաքինի անձնավորություն է, եղել է իմ կողակիցը հրապարակախոսական ինստիտուտի հարթակներում, սակայն այսօր հասարակությունն ուզում է այնպիսի մի անհատականություն, որը կարող է լինել նոր գաղափարական վարդապետության վարդապետը, նոր տնտեսական հայեցակարգի ֆավորիտը: Այստեղ պահանջարկը գաղափարական մտքի փարթամության մեջ է: Արդյոք այդ միտքը կարո՞ղ է դառնալ ազգի գաղափարական զրահը: Ժողովուրդը թող կատարի իր ընտրությունը»,- ասել է Հակոբյանը, ում, իր խոսքերով՝ կաշկանդում է Փաշինյանի` անազատության մեջ գտնվելը: