«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փաստորեն համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով Աթենքում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում ընդունված հայտարարությանը: Աթենքում ընդունված փաստաթղթում, ըստ Զուրաբյանի, Հայաստանն առաջին անգամ ընդունել է, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, եւ «ջուրը լցրեց Հայաստանի դիվանագիտական կառույցների մինչեւ օրս կատարած աշխատանքը», քանի որ նախկինում Հայաստանի բոլոր կառույցները ունեցել են հստակ հրահանգ` թույլ չտալ, որպեսզի տարածքային ամբողջականության որեւէ դրույթ ընդգրկվի միջազգային փաստաթղթերում: «Լեռնային Ղարաբաղի անկախության ապահովման միջազգային ամենակարեւոր մեխանիզմը կարելի է համարել փլուզված: Հայաստանը այսուհետեւ ընդունել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է նա: Զուրաբյանը ծիծաղելի է համարում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փաստարկը, թե ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ ներառված է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքը` պնդելով, որ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ժողովրդի ինքնորոշումը պետք է իրագործվի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, ինչին Ադրբեջանը մշտապես համաձայն է եղել: Զուրաբյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են ԵԱՀԿ-ի այդ հայտարարության վտանգները: Պարզապես Հայաստանի իշխանությունները իրենց հայտարարություններով փորձում են «խաբել ժողովրդին եւ ակնհայտ պարտությունը իբրեւ հաղթանակ մատուցել»: Հարցին, թե արդյո՞ք, իր կարծիքով, Սերժ Սարգսյանը կհամաձայնի Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. «Արդեն համաձայնել է: Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Սերժ Սարգսյանը համաձայնել է»: