«Հանրապետական» կուսակցության 12-րդ համագումարում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը դիմելով իր կուսակիցներին` հայտարարեց, թե սկսած հակաճգնաժամային ծրագրերից մինչեւ հայ-թուրքական արձանագրությունները, բոլոր կարեւորագույն որոշումներն ու նախագծերն ինքը նախ ներկայացրել է կուսակցության քննարկմանը: «Անկեղծ եմ ասում. դրանք սովորաբար հենց ամենադժվար փորձություններն են եղել բոլոր մշակված նախաձեռնությունների համար: Սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ կուսակցության ներսում հաշվետվողականությունը ոչ թե նրա համար է, որ գործադիր պաշտոնների նշանակված կուսակցականների գործունեությունն անվերապահորեն արդարացվի, այլ նրա համար, որ սխալներ չարվեն»,- հայտարարել էր Ս.Սարգսյանը:
Մյուս կողմից, միշտ էլ գրեթե բոլորը համոզված են եղել, որ ՀՀԿ նախագահ դառնալուց հետո Ս.Սարգսյանը միանձնյա է որոշել կուսակցության հետ կապված եւ մնացած հարցերը: Եթե նույնիսկ դրանք կուսակցության գործադիր մարմնում կամ խորհրդում ներկայացրել է քննարկման, ապա միեւնույն է՝ ընդունվել է արդեն կայացված որոշումը: Ճիշտ է, քննարկումների ժամանակ հնչել են նաեւ այլ կարծիքներ: Սակայն որոշ հանրապետականների ասելով` Ս.Սարգսյանը դրանք պարզապես լսել է, ինչպես որոշ ՀՀԿ-ականներ են ասում, հիշելու համար: Եվ հիմա, ինչպես առանց իրենց անունը նշելու պատմում են ՀՀԿ-ի որոշ անդամները, այդ կուսակցությունում քննարկումների ժամանակ դեմ արտահայտվողներ կամ առարկողներ գրեթե չեն լինում: «Հանրապետականը առաջնորդի կուսակցություն չէ: Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ, Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական է»,- համագումարի ժամանակ, այնուամենայնիվ, հայտարարեց Ս.Սարգսյանը:
Այնուամենայնիվ, արդյո՞ք ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանին ներկայացրած որեւէ հարցի վերաբերյալ որեւէ առարկություն չի հնչում: Երեկ այս հարցի շուրջ զրուցեցինք ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանի ու Ռազմիկ Զոհրաբյանի հետ, ովքեր այդ կուսակցության հիմնադիրներից են եւ աշխատել են ՀՀԿ բոլոր նախագահների` Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Նրանց ասելով՝ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կամ ներկուսակցական բոլոր հարցերը քննարկվում են ՀՀԿ բարձրագույն մարմիններում: «Ցանկացած առաջարկություն քննարկվում է, եւ որոշ դեպքերում ինչ-որ բաներ փոխվում են: Հիմնական սկզբունքները մեզ մոտ որոշված են եւ դրանցից ելնելով են քննարկվում»,- կարճ ասաց Գ.Սահակյանը, ով փոխնախագահ է ընդհանուր հարցերով:
Ֆինանսական հարցերով փոխնախագահ Ռ.Զոհրաբյանն էլ ասաց, թե Ս.Սարգսյանը հարցնում է բոլորի կարծիքը ու դրանից հետեւություն անում, որ «կարողանա իմաստուն որոշում կայացնել»: «Նա իր ելույթում էլ ասաց, թե 100 խելոքի լսես ու մեկ իմաստուն որոշում կայացնես: Այդ առումով ինքը բավականին ժողովրդավար մոտեցում ունի, բայց հետագայում իր առաջնահերթությունն է վերջնական որոշում կայացնելը»,- ասաց Ռ.Զոհրաբյանը:
Արտաքին քաղաքականության եւ ԼՂՀ ու հայ-թուրքական խնդիրների հետ կապված էլ նախագահն իր կուսակցության ղեկավար անդամներին տեղեկացնում է այնքանով, որքանով Ռ.Զոհրաբյանի ասելով՝ «իրենց հասնում է»: Իսկ եղե՞լ է դեպք, որ ՀՀԿ նախագահ դառնալուց հետո անցած երկու տարիներին Ս.Սարգսյանը որեւէ որոշման նախագիծ ներկայացնի կուսակցության քննարկմանը, բայց դա չընդունվի: Պարզվում է, չի եղել: Անցած տարի կուսակցությունից դուրս եկավ ՀՀԿ հիմնադիրներից մեկը համարվող, ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին որոշում կայացրել էր կուսակցությունը: Խոսակցություններ կային, որ ՀՀԿ-ի հիմքերում կանգնած մի քանի անդամներ փորձել են դեմ լինել իրենց կուսակից ընկերոջ նկատմամբ նման անարդարացի որոշմանը: Սակայն Ս.Սարգսյանն անդրդվելի է եղել, եւ կուսակցության վերնախավը նրա հետ չհամաձայնելու այլընտրանք չի ունեցել: Երեկ մեր զրուցակիցներին հիշեցրինք այդ իրադարձությունները` հարցնելով` արդյո՞ք այս մի օրինակը չի ապացուցում, որ այդ կուսակցությունում հարցերը որոշում է միայն Ս.Սարգսյանը, եւ մյուսներին, համաձայնելուց բացի, ոչինչ չի մնում: «Դա գործընթաց էր եւ քվեարկության հետեւանք չէր: Քննարկման փուլով էր անցնում: Տ.Թորոսյանը մեր ընկերն էր, ու փորձում էինք իր հետ միասին լուծումներ գտնել, բայց ինքն այս ճանապարհով գնաց: Ինքը որոշում կայացրեց»,- ասաց Գ.Սահակյանը:
«Տ.Թորոսյանի հարցը փակել ենք: Հիմա եթե կարծիքներ ասեմ, Թորոսյանն ինձ պիտի պատասխանի, ես իրեն պատասխանեմ: Փակված էջ է: Բայց ամեն դեպքում ասեմ, որ հավերժական պաշտոններ չկան կուսակցություններում եւ պետության մեջ: Գիտեք ինչ, նախագահը մեզ մոտ բարձրագույն մարմինն է, եւ եթե նրան հակաճառում ես, կուսակցության մեջ դառնում ես ընդդիմություն, խախտում ես որոշակի դիրքորոշումներ: Նույն Տ.Թորոսյանի եւ Ս.Սարգսյանի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ պաշտոնավարելու է մինչեւ 2008-ի նախագահական ընտրությունները: Կարծում եմ, որ նախագահը չի խախտել պայմանավորվածությունը: Այս համագումարից հետո ես կարող էի նաեւ փոխնախագահ չլինել»,- ասաց Ռ.Զոհրաբյանը:
Համագումարից ու դրա ընթացքում կատարված փոփոխություններից առաջ տեղեկություններ կային, որ ՀՀԿ-ում կրքերը որոշակիորեն թեժացել են: Կանոնադրական փոփոխությունների արդյունքում առաջ մղվեց գործադիր մարմինը, որի անդամների հիմնական մասը կուսակցություն են եկել Ս.Սարգսյանի հետ միասին կամ ավելի ուշ: Բացի այդ, ակնհայտ է, որ այդ կուսակցությունում հնարավորինս նվազեցվել է փոխնախագահների դերը: Անկախ ամեն ինչից, առնվազն մի քանի տարի առաջ Ռ.Զոհրաբյանի ու Գ.Սահակյանի խոսքը որոշակի կշիռ ուներ կուսակցությունում: Մինչդեռ նրանք արդեն ավելի շատ խորհրդանշորեն են փոխնախագահներ: Կուսակցությունում միայն որոշակի ընթացիկ աշխատանք են կատարում եւ այլեւս ըստ էության չեն մասնակցում որոշումների կայացմանը: Եվ ընդհանրապես, ՀՀԿ-ում այլեւս չկան նախկին ավանդույթները: Ի դեպ, Տ.Թորոսյանից հետո այդ կուսակցությունում թափուր էր մնացել մի փոխնախագահի պաշտոնը: Ընդ որում, Տ.Թորոսյանը համակարգում էր կուսակցության քաղաքական ուղղությունը: Համագումարի ընթացքում այդ բացը չլրացվեց՝ նախկին երեք փոխնախագահներին իրենց տեղերում վերահաստատելով: Սակայն կուսակցության քաղաքական հանձնաժողովի նախագահ նշանակվեց ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը: Այսինքն` Հ.Աբրահամյանը թե ԱԺ-ում, թե ՀՀԿ-ում փոխարինեց Տ.Թորոսյանին, սակայն կուսակցության փոխնախագահ չդարձավ: «Դա մի քիչ նուրբ հարց է, եթե նախագահը չի առաջարկել, երեւի թե բավարարվել է եղածով»,- այսպես է մեկնաբանում Ռ.Զոհրաբյանը:
Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ Ս.Սարգսյանի հետ միասին ՀՀԿ-ին անդամագրվեց գործարարներից ու, մեղմ ասած, ոչ քաղաքական անձանցից բաղկացած մի մեծ խումբ: Այդ խումբը անցած տարիների ընթացքում որակվեց որպես ՀՀԿ-ի կիսաքրեական թեւ: Վերջերս կուսակցությունը համալրեց վարչապետ Տ.Սարգսյանն իր թիմով, որը ստացավ «ինտելեկտուալ ռեֆորմիստներ» որակումը: Այսինքն` ՀՀԿ-ն այլեւս մի քանի խմբավորումներ ունի` կուսակցության հին անդամները, կիսաքրեական դեմքերը եւ «ինտելեկտուալ-բարեփոխիչները»: Ռ.Զոհրաբյանը կուսակցությունում տարբեր խմբավորումների առկայությունը նորմալ է համարում: «Այդ մարդիկ թեւերը թափ տալով չեն եկել կուսակցություն, մարդիկ են բերել եւ դրանց մինի-լիդերներն են: Ինձ ճանաչում են մարդիկ դեռեւս 90-ականներից եւ իմ գործունեությունից ելնելով մնում են կուսակցությունում: Այսինքն, կան մարդիկ, ովքեր մինի ղեկավարներ են: Բայց հակասություն չկա, ուժեղ լիդերը համախմբում է այդ ուժերին: Եթե մեկը փորձի սեպարատ գործունեություն իրականացնի, դա կչեզոքացվի: Դա շատ լավ հաջողվում է Ս.Սարգսյանին: Որքան կուսակցություն մտնում են թե տնտեսական, թե քաղաքական լծակներ ունեցող ուժեղ անհատներ, նույնքան ուժեղ պետք է լինի լիդերը, որ կարողանա նրանց աշխատեցնել»,- ասում է Ռ.Զոհրաբյանը: