Թալանն ու հրիկիզումները իրականացրել են իրավապահները

05/12/2009

Երեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Դատարանն ավարտել է ապացույցների հետազոտման փուլը, հրապարակել փորձագիտական եզրակացություններ ու գործով անհրաժեշտ այլ նյութեր, ցուցադրվել են մարտի 1-ի դեպքերի տեսագրություններ: Տեսաերիզներից մեկում պարզ երեւացել է, թե ինչպես զինված խմբերի ներկայությամբ քաղաքացիական հագուստով մարդիկ մեքենա են այրում եւ հարձակվում քաղաքացիների վրա: «Ցավն այն է, որ նրանք եկել էին ոչ թե ծառայություն իրականացնելու, այլ եկել էին այլ գործողություններ կատարելու, որոնք հակասում էին օրենքին»,- հայտարարել է Ն. Փաշինյանը` անդրադառնալով այդ տեսաերիզներին: Մեղադրող Կորյուն Փիլոյանը տեսագրությունների դիտումից հետո հայտարարել է, որ Մաշտոցի պողոտայում եւ ընդհանրապես մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցած անկարգությունները մարդիկ կատարել են Փաշինյանի ելույթից ոգեւորված: Այս առնչությամբ Փաշինյանի պաշտպանը նկատել է, որ Մյասնիկյանի արձանի մոտից Փաշինյանի ձայնը չէր կարող հասնել Մաշտոցի պողոտա, ինչի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան: «Մենք գտնում ենք, որ մեղադրող կողմը դատարան է ներկայացրել փայլուն կադրեր: Նույնիսկ դրանք ապացուցում են, որ հրկիզումները, ջարդերը եւ թալանը իրականացվել է իրավապահների կողմից»,- հայտարարել է Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Իսկ Ն. Փաշինյանի մյուս փաստաբան Երվանդ Վարոսյանը մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող ցուցադրված տեսանյութի կապակցությամբ ասել է, որ տեսախցիկը եղել է Օպերայի շենքի հետնամասում` տեղադրված սյուներից մեկի վրա, եւ հստակ է, որ ինչ-որ մեկը, մոնիտորի առջեւ նստած, ղեկավարել է այն հեռակառավարման վահանակով: Փաստաբանը նշել է, որ շատ հետաքրքիր կլիներ դիտել այնպիսի կադրեր, որոնք ցույց կտային, թե ինչպես են իրավապահները մի քանի անգամ, զանգվածային միջոցառումը դադարեցնելու կոչով, դիմել Ազատության հրապարակում հավաքվածներին, ովքեր, ինչպես մատուցվում է պաշտոնական վարկածով, չեն ենթարկվել ու հարձակվել են ուժայինների վրա: «Եթե նման բան եղած լիներ, անպայման այդ կադրերն էլ կլինեին ու կներկայացվեին դատարան, այլ ոչ թե կցուցադրվեին հատվածաբար ներկայացվող ընտրովի կադրեր»,- ասել է Ե. Վարոսյանը` վստահեցնելով, որ եղած կադրերն էլ բավարար են հիմնավորելու, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականում զանգվածային միջոցառման հարկադիր դադարեցում է տեղի ունեցել: «Մեղադրող կողմը փորձում է այնպես անել, որ պաշտպանական կողմն անընդհատ լինի արդարացողի դերում: Կոնկրետ ես արդարանալու ոչ մի բան չունեմ: Թող արդարանան նրանք, ովքեր այդ օրը հանցագործություն են կատարել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- հայտարարել է Ն. Փաշինյանը: Նիստի ավարտից հետո մոնտաժված տեսաերիզների եւ այլ վիճելի հարցերի վերաբերյալ պարզաբանումներ է տվել նաեւ մեղադրող Կ. Փիլոյանը: «Նախաքննական մարմինը գործին կցել է այն, ինչ ստացել է: Եթե մենք կտրտած լինեինք, ապա այդպես չէինք կտրտի: Մենք ներկայացրել ենք, դատարանը կգնահատի: Մենք ունեինք տասնյակ եւ հարյուրավոր այլ ապացույցներ եւ դրա միայն մի փոքրիկ մասն ենք ներկայացրել դատարանին, որովհետեւ ողջամիտ չէր լինի հարյուրավոր մարդկանց հարցաքննել այն դեպքում, երբ երեք մարդով դա հնարավոր է ապացուցել»,- ասել է նա: