7-ական սենթ՝ Շուշիին

05/12/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Նկատե՞լ եք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Եվրատեսիլ» երգի մրցույթի միջեւ որոշակի նմանություն կա։ Ընկալման իմաստով։ Այսինքն՝ երկու դեպքում էլ փորձում ենք գուշակել, թե որ երկրից մեզ որքան կտան՝ հիմք ընդունելով տվյալ երկրում ապրող հայերի քանակը։

Իհարկե՝ մի դեպքում փող են տալիս, մյուս դեպքում՝ ձայն, սակայն էությունը դրանից չի փոխվում։ Իսկ էությունն այն է, որ որոշիչ գործոնը ոչ թե նպատակն է՝ «Եվրատեսիլի» դեպքում՝ երգի որակը, իսկ մարաթոնի դեպքում՝ իրականացվելիք ծրագրերը, այլ հենց հայերի թիվը եւ այլ գործոններ։

Եվ ինչպես «Եվրատեսիլի» քվեարկությունից հետո ենք դատողություններ անում՝ ով մեզ որքան է սիրում, եւ ինչ չափով են փոխվել տրամադրությունները, նույն կերպ էլ «Հայաստան» հիմնադրամի տրամադրած տվյալներով ենք փորձում կարծիքներ կազմել։

Իհարկե, ի տարբերություն «Եվրատեսիլի» կոնկրետ քվեարկության, մարաթոնի ժամանակ գործ ունենք ոչ միայն կոնկրետ նվիրատվությունների, այլ նվիրատվությունների խոստումների հետ (որոնց մի մասը, հնարավոր է, այդպես էլ իրականություն չդառնա)։ Ինչեւէ, փորձեցինք հենց այդ տվյալների հիման վրա յուրատեսակ վարկանիշ կազմել՝ շռայլության վարկանիշ։

Ի՞նչ է մեզնից պահանջվում՝ ամենաշռայլ հայերին որոշելու համար։ Վերցնում ենք կոնկրետ երկիրը եւ բաժանում ենք տվյալ երկրից հանգանակված գումարը այնտեղ ապրող հայերի թվի վրա։ Այսինքն՝ հաշվում ենք, թե մեկ շնչին որքան գումար է բաժին ընկել։ Մինչ առաջ անցնելը նշենք, որ նվիրաբերության չափերը վերցրել ենք «Հայաստան» հիմնադրամի կայքէջից, իսկ հայերի թվաքանակի տվյալները՝ տարբեր աղբյուրներից։

Պարզ թվաբանական գործողությունների արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը։

Հասկանալի է, որ այս աղյուսակը ամբողջական չէ, կարող են լինել որոշակի թվային շեղումներ։ Սակայն մենք չենք հավակնում այն որպես այդպիսին ներկայացնել, քանի որ տեղեկատվությունը հայերի թվի մասին ճշգրիտ չէ։ Բացի այդ էլ՝ սա ընդամենը խորհելու տեղիք տվող «անշառ» համեմատություն է, ոչ թե ճշգրիտ հաշվարկ։

Այդուհանդերձ, այդ անշառ վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհով մեկ սփռված հայերից յուրաքանչյուրը Շուշիի համար հատկացրել է միջինը 2 դոլար։ Նշենք, որ աղյուսակում նշված հայերի թիվը՝ 7 միլիոն 485 հազարը, այն երկրներում բնակվող հայերին է վերաբերում, որոնցից Հիմնադրամը հանգանակություններ է գրանցել։ Վրաստանում, օրինակ, տարբեր գնահատականներով՝ ապրում է շուրջ 300 հազար հայ, սակայն, եթե հիմք վերցնենք հանգանակությունների չափը՝ նրանց համար Շուշին առաջնահերթությունների շարքում չէ։ Նույնը կարելի է ասել Իրանի, Սիրիայի կամ Բուլղարիայի հայերի մասին, որոնց անունները հիմնադրամի կայքէջում չգտանք։

Ինչեւէ, գրանցված երկրները համեմատելով՝ զարմանալիորեն պարզում ենք, որ ամենաշռայլը Մեծ Բրիտանիայի հայերն են։ 1 շնչի հաշվով նրանց հանգանակած գումարը 30 անգամ գերազանցում է միջին ցուցանիշը։ Կանադայի, Բրազիլիայի եւ եվրոպական երկրների հայերը Շուշիին օգնելու հարցում ցուցաբերել են միջին շռայլություն։ Իսկ «ամենաքծիբը», ինչպես տեսնում եք, մենք ենք՝ հայաստանաբնակ ու ղարաբաղաբնակ հայերս։

Ոմանք դա կբացատրեն սոցիալական վիճակով, ոմանք էլ՝ այն հանգամանքով, որ տեղի հայերն ավելի մոտիկից են տեսնում, թե որքան «արդյունավետ» են ծախսվում նման հանգանակությունների արդյունքում հանգանակված գումարները։ Սոցիալական վիճակի մասին խոսելիս չենք կարող շրջանցել եւս մի ցուցանիշ։ Կարծում ենք, շատերը կհամաձայնեն, որ Հայաստանի ամենաապահովված մարդիկ այսօր կա՛մ իշխանության մաս են կազմում, կա՛մ իշխանությանը մոտ են կանգնած։ Իսկ իշխանություն ասվածը կարելի է նույնացնել իշխող կուսակցության՝ Հանրապետականի հետ (մանավանդ նրանց վերջին համագումարից հետո)։ ՀՀԿ-ն, իրենց՝ կուսակցականների խոսքերով, ունի շուրջ 130 հազար անդամ։ Իսկ ինչքա՞ն է նվիրաբերել կուսակցությունը Շուշիի վերականգնման համար՝ 3.5 միլիոն դրամ կամ 9100 դոլար։ Եթե այս գումարը բաժանենք հանրապետականների թվի վրա, կստվացվի, որ յուրաքանչյուր հանրապետականի՝ նորաթուխ թե ստաժավոր, միջին հաշվով ընկնում է գ ընդամենը 7 սենթ։ Չէ, մենք ընդամենը թիվն ենք արձանագրում՝ առանց հետին մտքերի ու եզրակացությունների։