Հասարակության մեջ շրջանառվող այն լուրերը, որ Հայաստանում 5 մարդ է մահացել A /H1N1` խոզի գրիպից, իրականությանը չեն համապատասխանում: Բայց մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է երկու մահացության դեպք A գրիպի, այսինքն` սովորական գրիպի հետեւանքով: Այդ մասին «Ա1+»-ին ասել է Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Վերջինս մանրամասնել է, թե մեկը մահացել է դեկտեմբերի 1-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում, մյուսը՝ դեկտեմբերի 3-ին` «Էրեբունի» հիվանդանոցում: Իսկ հարցին, թե ինչո՞ւ են վստահ, որ մահացածները հիվանդ են եղել ոչ թե խոզի, այլ սովորական գրիպով, Շուշան Հունանյանը պատասխանել է. «Նախապես հիվանդության շրջանում հասցրել են նմուշներ վերցնել, եւ հաստատվել է, որ սովորական A գրիպ է: Իսկ այն առաջին մահացածի հետ կապված չէին հասցրել, դրա համար նոր պետք է որոշեն»: Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ օրս արձանագրվել է խոզի գրիպ ախտորոշմամբ 28 հիվանդ, բոլորն էլ լավացել են: Ի դեպ, ըստ «Ա1+»-ի աղբյուրների՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գրիպով հիվանդների թիվը այնքան շատ է, որ ստիպված նրանց բերում են ՀՀ Ոստիկանության հիվանդանոց` ստուգումների: Շուշան Հունանյանը դրա հետ կապված ասել է, թե յուրաքանչյուրը ինքն է որոշում` որ հիվանդանոց դիմել, սակայն այս պահի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվում են միայն 5 գրիպով հիվանդներ: «Չեք կարծում, չէ՞, որ այնտեղ միայն 5 մահճակալ կա: Նրանց բուժումը ընթանում է, սակայն միաժամանակ ճշտվում է, թե ինչ է նրանց մոտ»,- ասել է նա: