Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերջերս վերադարձել է Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացվող «Արեւելք-Արեւմուտք. դասական եւ ավանգարդ» երկրորդ միջազգային կինոփառատոնից, որտեղ մրցութային ծրագրում ներկայացրել էր իր դեբյուտային լիամետրաժ «Խճճված զուգահեռներ» կինոֆիլմը: Ֆիլմը գլխավոր մրցանակի է արժանացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Ֆրանսուհի Լորանս Ռիթերը, ով ֆիլմում կատարել է երեւանյան դպրոցի ուսուցչուհի Լաուրայի դերը, համարվել է լավագույնը, իսկ մրցանակը հանձնող հանձնաժողովը նշել է, որ դերասանուհին, որն ի դեպ` պրոֆեսիոնալ դերասանական կրթություն չունի, աչքի է ընկել իր զուսպ խաղով, որը զերծ է սենտիմենտալ երանգներից: Հ.Գալստյանին մրցանակը հանձնել է վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեցող երիտասարդ ռուս դերասանուհի Վիկտորյա Տոլստոգանովան, ով ցանկություն է հայտնել նաեւ նկարահանվել Հովհաննես Գալստյանի հաջորդ ֆիլմում:
«Խճճված զուգահեռներ» ֆիլմը առաջին լայնէկրան հայկական նախագիծն է, որի բյուջեի 85%-ը համալրվել է միջազգային կինոհիմնադրամների, հիմնականում նորվեգական ֆոնդի կողմից:
Օրենբուրգի փառատոնը լուրջ դեր է կատարում համագործակցության դաշտում, այնտեղ գործում է ասիական եւ եվրոպական ֆիլմերի երկկողմանի ներթափանցման ծրագիրը, որի նպաստում է կինոշուկայի զարգացման: Հ.Գալստյանը նշում է, որ հենց Օրենբուրգում իրենք պայմանավորվել են «Խճճված զուգահեռները» ցուցադրել Հնդկաստանի մի քանի քաղաքներում: Հաջորդ տարի ֆիլմը կցուցադրվի Ռուսաստանում, Սկանդինավյան եւ Բենիլյուքսի երկրներում: Ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա 2010 թ. հունվարին անցկացվելիք Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, որը լավ տրամպլին է հանդիսանում ֆիլմի հետագա վաճառքի համար:
Այժմ Հ.Գալստյանն ու իր համասցենարիստ գերմանացի Թոմաս Շլեզինգերը աշխատում են նոր՝ «Գաբրիել եւ Մարի» ֆիլմի սցենարի վրա, որը ներկայացվելու է Ռոտերդամի կինոփառատոնի սցենարական աշխատանքների զարգացմանը միտված մրցույթում (նախատեսվում է, որ ապագա ֆիլմի բյուջեի 70 %-ը եւս եվրոպական ներդրում է լինելու): Այդ նոր ֆիլմի հիմքում ընտանեկան զույգի բարդ, ճգնաժամային փոխհարաբերություններն են, դավաճանությունն ու սիրած էակի համար պատասխանատու լինելու ներքին մղումը: Սյուժեն զարգանալու է սիրային եռանկյունու ֆոնին, եւ անդրադարձ է կատարվելու այն մտքին, որ մեր կյանքից դեռ չեն անհետացել հրաշքները, եւ նույնիսկ անբուժելի հիվանդը կարող է լիովին ապաքինվել: Ֆիլմում կակնարկվի նաեւ էֆթանազիայի խնդիրը:
«Գաբրիել եւ Մարի» ֆիլմը ինտերնացիոնալ դերասանական կազմ է ունենալու, գլխավոր դերերում հանդես կգան ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը (հաջողակ գրող Գաբրիելի դերում), Վիկտորյա Տոլստոգանովան (քաղցկեղով հիվանդ երիտասարդ Ժանետի դերում), այժմ ընթանում են նաեւ բանակցությունները կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ, ով կատարելու է կլինիկայի տիրուհի Մարիի դերը: Ընդ որում` ֆիլմում հատուկ չեն ընդգծվելու հերոսների ազգությունն ու ապրելու վայրը, իսկ նկարահանումները կատարվելու են Նորվեգիայում, Հայաստանում եւ Նիդեռլանդներում:
Այդ ֆիլմի նախագիծը, որը դեռ «հում» վիճակում է գտնվում, արդեն իսկ տարբեր բանակցությունների շնորհիվ ռուսական մեծ կինոշուկա դուրս գալու հնարավորություն է ձեռք բերել: Հ.Գալստյանը նշում է, որ ռուս հայտնի դերասանուհու մասնակցությունը լինելու է այն կոմպոնենտը, որը թույլ կտա ռուսական շուկա դուրս գալ եւ կոմերցիոն հաջողություններ ակնկալել: Հայ ռեժիսորները սովորաբար նախընտրում են խոսել իրենց ֆիլմերի փառատոնային «աննախադեպ» հաջողությունների մասին, իսկ Հ.Գալստյանը համոզված է, որ փառատոները նրա համար են, որպեսզի ֆիլմը առավել շատ երկրներում վաճառվի, այլապես անիմաստ է նոր ֆիլմ նկարահանելը. «Քանի որ մենք անկախ ֆիլմ արտադրող ընկերություն ենք, ապա ստիպված ենք մանեւրել, որպեսզի մեր հաջորդ ֆիլմը ոչ միայն փառատոնային, այլեւ կոմերցիոն հաջողություն ունենա: Այսինքն` փող ետ բերի»:
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում դեռ չի եղել նախադեպ, երբ հայկական ֆիլմը` դուրս գալով այլ երկրների էկրաններ, գոնե բյուջեի չնչին մասը ետ բերի: Նման նպատակ ռեժիսորներն իրենց առջեւ չեն դնում: Եվ այս պայմաններում շատ կարեւոր է առաջինը ճանապարհ հարթել: Հայ կինոռեժիսորների ավելի երիտասարդ սերունդը (որը չի ցանկանում աշխատել խորհրդային անշտապ ու անվերադարձ ծախսվող գումարների սկզբունքով) փորձում է լինել առաջինը: Հովհաննես Գալստյանն ու Արամ Շահբազյանը (ով շուտով կավարտի իր «Չնչիկ» ֆիլմի նկարահանման փուլը, միաժամանակ իր նոր նախագծով մասնակցելով եվրոպական հիմնադրամների մրցույթներին) այն հայ կինոռեժիսորներից են, որոնք փորձում են ֆիլմերի վրա ծախսած գումարները ետ բերել` եվրոպական ու ասիական հանդիսատեսին ցուցադրելով իրենց աշխատանքները: Եվ եթե նման նպատակ է դրվում, ապա պետք է համապատասխան որակ ապահովվի: Ամեն դեպքում առաջնայինը հստակ հաշվարկված նպատակն է, որը ոչ թե պատահականության, այլ աշխատանքի վրա է հիմնվում: