Իրական եւ քարոզչական հավասարություն

03/12/2009

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ազգային հանձնաժողովի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ իրականացնում է «Հավասար հնարավորություններ հաշմանդամներին» խորագրով մեկամսյա ակցիա: Դրա հիմնական նպատակն է քարոզչական աշխատանքների միջոցով հասարակությանը բացատրել, որ հաշմանդամները բոլորին հավասար մարդիկ են, եւ նրանց պետք է ընդունել որպես լիարժեք քաղաքացիների: Ակցիայի հիմնավորումը բնականաբար, այն է, որ մեր հասարակությունը պատրաստ չէ այդպես ընդունել հաշմանդամներին, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորում: Եվ այդ նպատակով Սոցապ նախարարությունն ու զանազան կազմակերպություններ հսկայական գումարներ են ծախսում, զանազան հոլովակներ են պատրաստում, ավելի զանազան սեմինարներ են կազմակերպում, եւ այլն: Մինչդեռ իրականում հասարակությունը շատ լավ էլ գիտակցում է այն, ինչը «քարոզելու համար» ծախսվում են այդ գումարները: Դրա լավագույն օրինակը Սարի թաղում բնակվող, 10-ամյա, ի ծնե հաշմանդամ Արմենն է, ով ֆիզիկապես հաշմանդամ լինելով, մեր թղթակցի հետ հարցազրույցում շատ ավելի հասուն ու խորիմաստ մտքեր է արտահայտում, քան այն պաշտոնյաներից շատերը, ովքեր որոշումներ են կայացնում այս եւ մյուս նման երեխաների ճակատագրերի վերաբերյալ: «Դասատուներս ինձ շատ են օգնում, շատ սիրում են, ես էլ իրանց: Դասընկերներս էլ են շատ օգնում: Երբ մենակ եմ լինում ու մեկի օգնության կարիքն եմ զգում` իրանք հարազատի նման ինձ ուղեկցում են: Էնպես չի, որ ես իրանց նման չեմ, դրա համար ինձ ծաղրեն, ծիծաղեն ինձ վրա, չէ՛, բոլոր երեխեքն էլ ինձ սիրում են»,- ասում է Արմենը, ում ծնողները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում ապահովել երեխային անհրաժեշտ նվազագույն բժշկական պրոցեդուրաները: Իսկ նախարարություններն ու մնացած կազմակերպությունները շարունակում են քարոզչական ակցիաները: Դա հասցեական չէ, կոնկրետ մարդկանց չի վերաբերում, գովազդվում է հեռուստատեսությամբ, եւ ամենակարեւորը` շահութաբեր է: