Ստալինի հայտնի արտահայտությունը, որ «կա սուտ, ավելի մեծ սուտ եւ
վիճակագրություն», լավագույնս ապացուցում է ՀՀ Ազգային վիճակագրական
ծառայությունը (ԱՎԾ): Վերջինիս ֆունկցիան վաղուց արդեն ոչ թե երկրի
սոցիալ-տնտեսական վիճակի օբյեկտիվ ներկայացումն է, այլ իշխանությունների
քաղաքական պատվերի կատարումը, ավելի կոկրետ՝ «կովկասյան վագրի» թռիչքաձեւ
զարգացմանը վերաբերող քաղաքական հայտարարությունների թվային հիմնավորումը:
Մի խոսքով, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը զբաղված է
թվանկարչությամբ: Ընդ որում, ներկայացվող տվյալների «համալիրության»
սկզբունքը պահպանելու համար, մեր վիճակագիրները նկարում են ինչպես
մակրոտնտեսական, այնպես էլ տնտեսության առանձին ճյուղերին վերաբերող
ցուցանիշներ: Ունիվերսալ են, այսինքն:
Վիճակագրական տվյալների եւ իրական պատկերի տարբերությունն ակնհայտ է
տնտեսության բոլոր ճյուղերում՝ սկսած արդյունաբերությունից, վերջացրած
գյուղատնտեսությամբ: Վերջին բնագավառին վերաբերող թվերը նկարվում են
առավել մանրամասնորեն, քանի որ գյուղատնտեսությունը տալիս է Հայաստանի
համախառն ներքին արդյունքի 25-30 տոկոսը: Բարձր տեխնոլոգիաները գերակա
ուղղություն հայտարարած Հայաստանը, ըստ Վիճծառայության, փաստորեն,
ագրարային երկիր է, չնայած շատ հեռու է ագրարային տնտեսության դասական
չափանիշներից: Սակայն անդրադառնանք գյուղատնտեսության ճյուղերից մեկին՝
խաղողագործությանը: Այստեղ պաշտոնական վիճակագրության թվերն ուղղակի
ծիծաղելի են: Այսպես. 2004 թվականին, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանում խաղողի
համախառն բերքը կազմել է 148,9 հազար տոննա: Սա, ըստ վիճակագիրների,
ամենաբարձր ցուցանիշն է վերջին 5 տարիների ընթացքում: Խաղողի
բերքատվության միջին ցուցանիշը կազմում է տարեկան 120-130 հազար տոննա: Եվ
ահա նաեւ մոտ 150 հազար տոննա խաղողի բերքատվության շնորհիվ անցած տարի
հայրենի գյուղատնտեսությունն աճել է ամբողջ 14,5 տոկոսով: Սա, ըստ
պաշտոնական վիճակագրության:
Մինչդեռ իրական պատկերը մոտ 3 անգամ տարբեր է հրապարակված թվերից: Ըստ այս
ոլորտի փորձագետների գնահատականների, անցած տարի Հայաստանում խաղողի
բերքատվությունը կազմել է 44 հազար տոննա: Այս թիվը, ոչ մեծ շեղումով,
հաստատում են բնագավառի բոլոր ոչ պաշտոնյա մասնագետները:
Մեր վիճակագրության ծաղրանկարչությունը շարունակվելու է նաեւ այս տարի:
Համենայնդեպս, Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը մեր
թղթակցին հայտարարել էր, որ այս տարի սպասվում է 180-190 հազար տոննա
խաղողի բերք: Նախորդ տարվա համեմատ խաղողի բերքատվության ավելացում
կանխատեսում են նաեւ իրենք՝ խաղողագործներն ու այս ոլորտի մասնագետները:
Սակայն նրանց հաշվարկներով՝ այս տարի խաղողի բերքատվությունը կավելանա
ընդամենը 18 հազար տոննայով եւ կկազմի 62 հազար տոննա: Ընդ որում, չնայած
բերքատվության ընդհանուր ծավալի ավելացմանը, ըստ խաղողագործների, այս տարի
բավական նվազել է, այսպես կոչված, սեղանի տեսակների խաղողի
բերքատվությունը: Սա գյուղացիների համար շատ կարեւոր է, քանի որ «ուտելու»
կամ «սեղանի» խաղողը շուկայում բարձր պահանջարկ ու գին ունեցող մրգերից է:
Չնայած ընդունված է խաղողի բերքահավաքի շրջան համարել սեպտեմբերի 25-ից
հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը, սակայն հանրապետության որոշ
շրջաններում խաղողաքաղը կսկսվի արդեն այս ամսվա վերջին: Սովորաբար
օգոստոսին հավաքում են խաղողի ընդհանուր բերքի 5-10 տոկոսը: Այսինքն՝ մոտ
երկու շաբաթից Հայաստանում սկսվելու է նաեւ խաղողի մթերման շրջանը: Առաջ
անցնելով նշենք, որ ուռճացված թվեր ներկայացնելու հարցում վիճակագիրներին
չեն զիջում խաղող մթերող տեղական արտադրողները: Արդեն մի քանի տարի խաղողի
մթերմամբ զբաղվում են հիմնականում կոնյակ եւ գինի արտադրող
ձեռնարկությունները: Սակայն խաղողագործները նշում են, որ գյուղատնտեսական
այս կուլտուրայի մշակումը Հայաստանում ուղղակի կվերանար, եթե իրենց բերքը
չմթերեր «Երեւանի կոնյակի գործարանը» (ԵԿԳ), որն այս շուկայում ամենամեծ
մթերողն ու արտադրողն է: Վերջինս էլ, ըստ էության, թելադրում է խաղողի
մթերման գինը: Օրինակ, 2004 թվականին, մեր տեղեկություններով, ԵԿԳ-ն
մթերել է 19 հազար տոննա, 1 կգ-ի դիմաց վճարելով միջինը 146 դրամ: Այս,
տարի, նույն աղբյուրի համաձայն, «Երեւանի կոնյակի գործարանը» պատրաստվում
է մթերել 24 հազար տոննա խաղող: ԵԿԳ-ում, ըստ մեր աղբյուրի, այս տարվա
մթերման գնի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Գնի
բարձրացում գործարանի ներկայացուցիչները խաղողագործներին չեն խոստացել,
սակայն վստահեցրել են, որ էական նվազեցում էլ չի լինի: Ընդ որում, ԵԿԳ-ն
խաղողագործների հետ աշխատում է վճարման, այսպես կոչված, բոնուսային
համակարգով. նախորդ տարի միջինը 146 դրամով մթերված խաղողի յուրաքանչյուր
կիլոգրամի համար ԵԿԳ-ն վճարելու է լրացուցիչ 12 դրամ, եթե խաղողագործը
պահպանի անցած տարի կնքված պայմանագրի պարտավորությունները եւ այս տարի
գործարանին վաճառի այնքան խաղող, որքան նշել է պայմանագրում:
Ֆրանսիական «Պեռնո Ռիկարի» խմբի մեջ մտնող ԵԿԳ-ն, ըստ էության, թափանցիկ է
աշխատում, քանի որ հարկային պարտավորություններից խուսափելու խնդիր չունի
եւ ուռճացված թվեր չի հրապարակում: Նույնը չի կարելի ասել կոնյակի-գինու
արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունների մասին: Իհարկե, մենք
փաստաթղթային ապացույցներ չունենք, որ խաղողի մթերման ծավալների
վերաբերյալ նրանց հրապարակած թվերը չեն համապատասխանում իրականությանը:
Սակայն, օրինակ, Արարատյան դաշտի որոշ գյուղերի խաղողագործների ասելով, մի
քանի հազար տոննա թիվ հրապարակող ընկերությունները գյուղացիներից տարեկան
«ընդամենը մի քանի լաֆետ» խաղող են գնում:
Հայաստանում կոնյակի-գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների թիվը
հասնում է մոտ երկու տասնյակի, սակայն մեզ հաջողվեց պարզել մեկ-երկու
ձեռնարկությունների՝ խաղողի մթերման ծավալները: Չնայած մթերման շրջան է,
սակայն գինեգործների մեծ մասն արձակուրդում է: Այսպես, «Վեդի-Ալկո»
ընկերությունը 2004 թվականին մթերել է 4100 տոննա խաղող, իսկ այս տարի
պատրաստվում է գնել մինչեւ 5000 տոննա: Ըստ «Վեդի Ալկոյի» արտադրության
պետ Ավետիք Կիրակոսյանի, իրենց ընկերությունը, բացի օղուց եւ գինուց,
արտադրում է նաեւ կոնյակի սպիրտ, մասնագետների գնահատմամբ՝ բավական
բարձրորակ: Օրինակ, ԵԿԳ-ն այս տարի «Վեդի-Ալկո»-ից գնել է 8630 դեկալիտր
բացարձակ՝ 100 աստիճան ունեցող կոնյակի սպիրտ։ «Վեդի Ալկոն» այս տարի
զբաղվելու է նաեւ կոնյակի շշալցմամբ եւ մինչեւ տարեվերջ պատրաստվում է
շուկա բաց թողնել շուրջ 400 հազար շիշ կոնյակ՝ 9 տարվա հնեցված բարձր
տեսակի եւ սովորական՝ 3-4 աստղանի կոնյակներ: «Վեդի-Ալկոն», Ավետիք
Կիրակոսյանի խոսքերով, 1 կգ խաղողի դիմաց այս տարի պատրաստվում է վճարել
մոտ 150 դրամ: Արմավիրի «ՄԱՊ» գործարանն անցած տարի մթերել է 6 հազար
տոննա խաղող՝ 1 կգ-ի դիմաց վճարելով 152-170 դրամ: «ՄԱՊ»-ի գլխավոր
տնտեսագետ Դավիթ Խառատյանի նախնական տվյալներով, ընկերությունն այս տարի
նույնպես մթերելու է 6 հազար տոննա խաղող: Սակայն, ի տարբերություն անցած
տարվա, «ՄԱՊ»-ում նախատեսել են այս տարի 1 կգ խաղողի համար վճարել 120-130
դրամ: Ինչո՞վ է պայմանավորված գնի նման իջեցումը, այն դեպքում՝ երբ մյուս
խոշոր մթերողները գյուղացուն ավելի բարձր են վճարելու, ընկերության
տնտեսագետը չպարզաբանեց:
Թե ինչու են նշված ընկերությունները մթերումների ծավալների վերաբերյալ
ուռճացված թվեր հրապարակում, դժվար չէ ենթադրել: Նրանք այդպիսով հարկային
մարմիններին ցույց են տալիս իրականից ավելի մեծ ծավալի ծախսեր, եւ ոմանք
անգամ հայտնվում են վնասով աշխատող ընկերությունների ցուցակում: Ինչեւէ:
Խաղողի մթերումների թեմային մենք կանդրադառնանք նաեւ առաջիկա համարներում,
հատկապես՝ մթերման ակտիվ շրջանի ընթացքում: Կփորձենք պարզել նաեւ մյուս
խոշոր ընկերությունների մթերման ծավալները, որպեսզի ոչ մեծ շեղումով
ստանանք խաղողի բերքատվության իրական պատկերը:
Իսկ պաշտոնական վիճակագրության հրապարակումներին պետք է վերաբերվել որպես
գեղարվեստական ստեղծագործություն: Ընդ որում՝ սյուրռեալիստական ժանրի: