Շարունակեք հայհոյախոսել, պարոնայք

03/12/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վերջին շրջանում Լեզվի պետական տեսչությունը (ԼՊՏ) սկսել է ամփոփագրեր ուղարկել իշխանության տարբեր մարմինների` նշելով դրանց ներկայացուցիչների սխալները բանավոր ու գրավոր խոսքում: Սակայն այդ ամփոփագրերում չեն նշվում կոնկրետ անուններ, առանձնացվում են միայն սխալներն ու առաջարկվում դրանց ուղղված տարբերակները: ԼՏՊ-ի պետ Լավրենտի Միրզոյանը, սակայն, հրաժարվում է որեւէ կոնկրետ անուն նշել:

– Խնդիրները շատ են, նախ՝ մենք չենք կարող պատժել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը խախտողներին: Ցուցանակների պարագայում մենք խախտումն արձանագրում ենք եւ ուղարկում վարչական դատարան, որտեղ տնտեսվարող սուբյեկտներին տուգանում են: Բայց մենք տարվա ընթացքում միայն մեկ անգամ կարող ենք ստուգում իրականացնել, իսկ տուգանքի չափն էլ տնտեսվարողների համար հաճախ աննշան գումար է կազմում: Այսօր Երեւան քաղաքում արտաքին գովազդ տեղադրելու համար թույլտվությունները տրվում են քաղաքապետարանի կողմից` առանց այդ ցուցանակների շարադրանքը ԼՊՏ-ի հետ համաձայնեցնելու: Մենք ընդամենը գնում արձանագրում ենք խախտումն ու դիմում վարչական դատարան: Իսկ հեռուստաընկերությունների պարագայում լեզվի անաղարտության պահպանման խախտումներ արձանագրելիս մենք ոչինչ անել չենք կարող, այդ պատճառով էլ ամփոփագրեր ենք պատրաստում եւ ուղարկում դրանց ղեկավարներին: Ի թիվս բազմաթիվ այլ օրենսդրական փոփոխությունների, առաջարկել ենք նաեւ «Հեռահաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի ամրագրվի, որ եթերի լեզուն ոչ թե հայերենն է, ինչպես գործող օրենքով է սահմանված, այլ գրական հայերենը: Այդ ամրագրումից հետո հայհոյաբանությունն ու գռեհկաբանությունը եթերից իսպառ կվերանա: Նման ամփոփագրեր ուղարկում ենք նաեւ տարբեր պետական մարմիններին: Վերահսկում ենք պատգամավորների բանավոր խոսքը, եթե նրանք ելույթների ընթացքում սխալներով են խոսում, մենք պատրաստում ենք հորդորակներ` նշելով, թե տվյալ քառօրյայի ժամանակ ինչ սխալներ են արվել (առանց որեւէ պատգամավորի անուն նշելու): Այդ հորդորակը հասցեագրում ենք ԱԺ աշխատակազմ, այնտեղից հանձնում են գրադարան: Պատգամավորները, երբ գալիս են օրվա թերթերը կարդալու, հարցնում են` Լեզվի տեսչությունից կա՞ հորդորակ: Եթե լինում է, վերցնում ծանոթանում են մեր դիտողություններին:

– Բայց որքանո՞վ եք վստահ, որ որեւէ մեկը ծանոթանում է այդ հորդորակներին:

– Մենք չենք կարող ամեն մի փաստաթղթի հետեւից գնալ տեսնել, թե որքանով են ծանոթանում, ով է ծանոթանում: Մենք մատնանշում ենք այդ խախտումները: Ես չգիտեմ, թե ԶԼՄ-ների ղեկավարները ամփոփագրերը ստանալուց հետո ինչ միջոցներ են ձեռնարկում:

– Հատկապես ի՞նչ սխալներ են թույլ տալիս բարձրաստիճան պաշտոնյաները:

– «Կարապետյանի» տեղը օգտագործում են «Կարապեծյան», «սերտիֆիկատ» բառն են հատկապես շատ օգտագործում` «հավաստագիր» ասելու փոխարեն: Ասում են` «ուրախ ենք քեզ լսել», պետք է ասել` «ուրախ ենք քեզ լսելու համար»: Հաճախ ԱԺ-ում ասում են` «հրավիրում ենք ամբիոնի մոտ», բայց ամբիոնի մոտ չեն հրավիրում, պետք է լինի՝ «հրավիրում ենք մոտենալ ամբիոնին»: Բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ հաճախ նաեւ դիմում են մեզ` գրավոր կամ բանավոր` խնդրելով այս կամ այն բառի, բառակապակցության մեկնաբանությունը: Լինում են հարցեր նաեւ ուղղագրության, շեշտադրության հետ կապված:

– Շա՞տ են դիմող պաշտոնյաներն ու պատգամավորները:

– Որ ասեմ՝ բոլոր պատգամավորներն էլ դիմել են, այդպես չէ, բայց կան մարդիկ, օրինակ` Էռնեստ Սողոմոնյանը, որ դիմում են: ԱԺ աշխատակազմից են հաճախ դիմում, Արտգործնախարարությունից` հատկապես արարողակարգերի վարչությունից, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է մի քանի անգամ դիմել: Վերջերս դիմումները շատացել են հատկապես Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունից, Սփյուռքի նախարարությունից, քանի որ կառավարությունը որոշում կայացրեց երկքաղաքացիություն ընդունող սփյուռքահայ մեր բարեկամների անունների հայերեն տառադարձման հետ կապված:

– Չե՞ք կարծում, որ պաշտոնյաների անգրագետ խոսքը ավելի շատ ազդեցություն է թողնում, քան նույնիսկ ողջ հեռուստատեսությունն ու ուղղագրական սխալներով ցուցանակները:

– Պետք է ավելի կոնկրետ լինել, կան պատգամավորներ, որ շատ գրագետ են խոսում, կան պատգամավորներ, որ փորձ չունեն, երբ մոտենում են բարձրախոսին, սխալ բառեր են օգտագործում, կան նաեւ պատգամավորներ, որ ընդհանրապես չեն խոսում: Այնպես որ, բոլոր տեղերում էլ կան գրագետ եւ անգրագետ մարդիկ: Եթե մարդիկ ավարտել են միջնակարգ դպրոց, հետո` բուհ, բայց ինչ-որ բառում տառասխալ են անում, դեռ չի նշանակում, թե նրանք անգրագետ են: Ուրիշ բան է, որ մշակվեն հայերենի տիրապետման չափորոշիչներ: Հիմա քաղաքացիական կամ հանրային ծառայողների ատեստավորման ժամանակ որպես հայերենի տիրապետման չափորոշիչ հաշվի են առնում դպրոցի ու բուհի կողմից տրված գիտելիքները: Այնպես որ, չեմ կարող Ձեր հարցին լիարժեք պատասխանել: Կամ, եթե ժողովուրդը այդ պատգամավորին է ընտրել, Լեզվի պետական տեսչությունը ի՞նչ կարող է անել: Կամ ես ո՞նց կարող եմ գնալ թեկնածուին ասել` եկեք Ձեր հայերենի իմացությունը ստուգենք: