Ի՞նչ է թաքնված հայտարարության հետեւում

03/12/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Աթենքում կայացած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների տարածած հայտարարության մեջ առաջընթաց է գրանցվել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում: Բայց «առաջընթաց» բառը չէ այդ հայտարարության կարեւորությունը:

ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցություններում «առաջընթացի» մասին պարբերաբար հայտարարվում է: Նախ՝ առաջին հայացքից կարեւորն այն փաստն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով է տարածվում մի հայտարարություն, որով ԼՂՀ խնդրի կարգավորումը պետք է ընթանա Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման սկզբունքների եւ ժողովուրդների իրավահավասարության հիման վրա: Մինչ այդ կարգավորման հիմքում այս սկզբունքների առկայության մասին տարբեր մակարդակով հայտարարություններ եղել են: Նույնիսկ անցած տարի այդ սկզբունքները կային նաեւ Մայնդորֆյան հռչակագրում, որի տակ ստորագրել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Բայց այս անգամ դա ամրագրվել է կարգավորմամբ զբաղվող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարությամբ, եւ կարծիք կա, որ այդ փաստը կարող է ազդեցություն ունենալ գործընթացի վրա: Ավելին, սպասվում է, որ նիստի շրջանակում նմանատիպ հայտարարություն կանեն նաեւ ԵԱՀԿ անդամ բոլոր 56 երկրների արտգործնախարարները: Որոշ փորձագետներ հակված են կարծելու, թե այսպիսով փորձ է արվում զսպել Ադրբեջանի կողմից ուժի հնարավոր կիրառումը, եւ ավելի է ամրանում ԼՂՀ ինքնորոշման հնարավորությունը: Բայց սա կարելի է դիտարկել նաեւ ընդամենը հերթական հայտարարություն, քանի որ կարգավորման հիմնական փաստաթուղթը դեռ համաձայնեցված չէ: Այս հայտարարության մեջ նորությունն այն է, որ ուժի չկիրառման սկզբունքն օգտագործվել է ամբողջական ձեւակերպմամբ` «ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում» սահմանմամբ: Մինչ այժմ նշվում էր միայն «ուժի չկիրառում» արտահայտությունը, եւ «ուժի սպառնալիքի չկիրառման» մասին նախկինում հայտարարություններում խոսք չի եղել: Սկզբունքը մասնակի է օգտագործվել: Թվում է, թե այս լրացումն ուղղված է Ի.Ալիեւի ու Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների ավելի ակտիվացող ռազմաշունչ հայտարարությունների դեմ: Բայց կարելի՞ է սպասել, որ այդ հայտարարությունից հետո այդ երկրից այլեւս նման սպառնալիքներ չեն հնչի, որ այս հայտարարությունն արդեն ՀՀ-ին ու ԼՂՀ-ին ապահովագրում են Ադրբեջանի ռազմական ագրեսիայից: Ի՞նչ լրջությամբ են ընդունում այս հայտարարությունը նման շատ հայտարարություններ լսած ՀՀ քաղաքական ուժերը: «Իհարկե, որեւէ մեկը չի կարող Ալիեւի բերանը փակել, ասել՝ մի հայտարարի, բայց նա արդեն կհասկանա, որ դրանով իսկ ոտնահարում է ԵԱՀԿ-ի այդ մոտեցումները: Երբեք ոչինչ չի կարելի բացառել: Նույնիսկ պատերազմի վերսկսումը չպետք է բացառել: Դրա համար էլ հայ ժողովուրդը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի, եթե ուզում է խաղաղ ապրել: Պարզապես սրանք լրացուցիչ երաշխիքներ են պատերազմի չվերսկսման կամ սպառնալիքի կիրառման դեմ: Իսկ եթե ԼՂՀ խնդրի կարգավորման դեպքում այդ երեք սկզբունքների մասին նաեւ ԵԱՀԿ Նախարարների կոմիտեն հայտարարի, կարծում եմ, դա կարելի է համարել առաջընթաց»,- ասում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

«Ուժի կիրառումը մշտապես դատապարտվել է, բայց Կովկասը գոնե մոլորակի այն տարածաշրջաններից է, որտեղ կարող են հազարավոր փաստաթղթեր ստորագրվել, բայց դրանցից որեւէ դրույթ չհարգվի: Նույնը կարող ենք ասել նաեւ Մայնդորֆյան հռչակագիրը ստորագրած, ԵԽ առջեւ խաղաղ կարգավորման պարտավորություն ստանձնած Ադրբեջանի համար: Չմոռանանք, որ 100 տարվա ընթացքում Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ Հարավային Օսիայի կոնֆլիկտը մի քանի անգամ կրկնվել է: Ընդ որում, յուրաքանչյուր կոնֆլիկտից առաջ մշտապես ստորագրվել են տարբեր թղթեր ու պարտավորվածություններ, բայց ոչ մեկը չի հարգվել»,- հիշեցնում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Համանախագահող երեք երկրների ներկայացուցիչներ Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշներն ու Ջեյմս Սթեյնբերգը հայկական ու ադրբեջանական կողմերին նաեւ կոչ են արել հնարավորինս արագ ավարտել ԼՂՀ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքը` «հուլիսի 10-ին Ակվիլայում Ութնյակի գագաթաժողովում երեք նախագահների կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարության համաձայն»: Հիշեցնենք, այդ հայտարարությանը կից հրապարակվել էին նաեւ Մադրիդյան 6 սկզբունքները, որոնցից առաջինը ԼՂՀ հարակից շրջանների վերադարձն էր Ադրբեջանին: Երկրորդը ԼՂՀ կարգավիճակի միջանկյալ լուծումն էր, իսկ խնդրի վերջնական լուծումն արձանագրվել էր որպես չորրորդ: Արդյո՞ք Ակվիլայի հայտարարության, նույնն է թե՝ սկզբունքների այս հերթականությունը մեկ անգամ եւս ամրագրելը վտանգավոր չէ հայկական կողմի համար: Շրջանները հանձնելուց հետո ի՞նչ երաշխիք կա, որ միջանկյալ կարգավիճակը երկար չի ձգձգվի եւ այդ ընթացքում վերջնական կարգավիճակի հարցը չի որոշվի ի վնաս ԼՂՀ-ի: «ԼՂՀ կարգավորումը հատվածային լուծումներով չի կարող լինել: Շղթայի մեջ որեւէ օղակի բացակայությունը նշանակում է՝ շղթան ամբողջական չէ, մի խնդրի չհամաձայնեցումը նշանակում է՝ ոչ մի խնդիր համաձայնեցված չէ: Այո, եթե ճանապարհը բացում ես, դա ցանկացած պահի կարող ես փակել, բայց եթե տարածքներ ես տալիս, դա վերադարձնելը դժվար կլինի: Դրա համար եթե մի հարց համաձայնեցված չէ, նշանակում է, ոչ մի հարց համաձայնեցված չէ»,- ասում է Ս.Նիկոյանը:

Ս.Սաֆարյանը Աթենքում հրապարակված հայտարարությունից եզրակացնում է, որ միջազգային հանրությունը երկու հնարքի է գնացել: Նախ՝ կարեւորվել է հանդիպումների հաճախականության ավելացումը: Այսինքն` այնքան շատ բան կա քննարկելու եւ քննարկելու այնքան մեծ վճռականություն կա, որ հանդիպումները հաճախակի են լինում: Նաեւ ցույց է տրվում, որ երկու կողմերի միջեւ խորանում է փոխըմբռնումը, դրանով էլ ստեղծվում է «դրական դինամիկայի տպավորություն»: «Դա այն է, ինչ Թուրքիան ակնկալում էր հայ-ադրբեջանական հարաբերություններից: Փորձ է արվում Թուրքիային ցույց տալ, որ ԼՂՀ հակամարտությունը անշրջելիորեն գնում է դեպի կարգավորում, հետեւաբար՝ ինքը պետք է վավերացնի ու կյանքի կոչի պայմանագրերը: Այս համատեքստում կա մի խնդիր. մինչ այժմ ավանդաբար Թուրքիան էր Ադրբեջանին հարցնում, թե արդյո՞ք կա դրական դինամիկա, որ արձանագրությունները վավերացնեմ ու սահմանը բացեմ: Պատասխանող կողմը Ադրբեջանն էր: Այսօր ակնհայտ է, որ միջազգային հանրությունն ինքն է փորձում դառնալ այս հարցի հասցեատերը: Թուրքիան միջազգային հանրությանն է հարցնում, թե կա՞ այն դրական դինամիկան, որը ցանկանում եմ տեսնել»,- ավելացնում է Ս.Սաֆարյանը: