Չի պատասխանել

03/12/2009

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է պարտավորվեն խուսափել քայլերից, որոնք կարող են խոչընդոտել խաղաղ գործընթացին, այդ թվում` խնդրի էությունն ու բանակցությունների շարունակվող գործընթացը աղավաղելու փորձերից, ինչպես որ հենց նոր արեց Ադրբեջանի նախարարը»,- Աթենքում` ԵԱՀԿ-ի Արտգործնախարարների խորհրդի նիստում երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ի պատասխան Ադրբեջանի իր գործընկերոջ հետեւյալ հայտարարության՝ «Այս հակամարտության հետեւանքով, Ադրբեջանի տարածքի շուրջ 30 տոկոսը մնում է օկուպացված ՀՀ-ի կողմից, իսկ էթնիկ զտման ենթարկված շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ ու փախստականներ: Հազարավոր ադրբեջանական պատմամշակութային ժառանգության նմուշներ այդ օկուպացված տարածքներում ոչնչացվել եւ թալանվել են»: «Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանն ու Թուրքիան էական առաջընթաց քայլ են կատարել` ստորագրելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու մասին արձանագրությունները հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Հաջորդ կարեւոր քայլը, որ պետք է ձեռնարկեն կողմերը, արձանագրությունների վավերացումն է, մենք հուսով ենք, որ այդ կարեւոր քայլը կարվի, եւ Հայաստանն ու Թուրքիան կսկսեն համաձայնությունների իրագործումը: Չպատճառաբանված հետաձգումները եւ նախապայմանները, այդ թվում` այս հարցը Ղարաբաղյան խնդրին կապելու մղումը, կարող են վնաս հասցնել երկու գործընթացների հեռանկարին էլ»,- ասել է Է. Նալբանդյանը: Շնորհակալություն հայտնելով միջազգային հանրությանը, այդ թվում` Շվեյցարիային, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Եվրամիության այլ անդամներին` հայ-թուրքական գործընթացին սատարելու համար, Նալբանդյանն ասել է. «Այդուամենայնիվ, չնայած ողջ աշխարհի երկրների ցուցաբերած լիակատար աջակցությանը, մեր շարքերում կա մի երկիր` Ադրբեջանը, որը դեմ է արտահայտվում ԵԱՀԿ անդամ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գաղափարին եւ դրանով իսկ հակառակվում է այն արժեքներին, որոնց վրա հիմնվել է այս կազմակերպությունը… Մինչ օրս բանակցող կողմերը որոշ առաջընթաց են արձանագրել Մադրիդյան փաստաթղթի շուրջ բանակցություններում, սակայն դեռեւս կան հարցեր, որոնք պետք է լուծվեն: Հայաստանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, մասնավորապես, ուժի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության, որը արտացոլվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների, Հայաստանի եւ Ադրբեջանի` երեկվա համատեղ հայտարարության մեջ»: Իսկ Էլմար Մամեդյարովը նույն նիստի ընթացքում հայտարարել է. «Ադրբեջանի կազմում ԼՂ-ին ինքնակառավարման իրավունքի տրամադրումը արդար ու տեւական լուծում կլինի: ԼՂ-ի հակամարտությունը շարունակում է մնալ Կովկասի ողջ տարածաշրջանի ապակայունացման եւ տնտեսական զարգացմանն ու ինտեգրացմանը խոչընդոտող գլխավոր աղբյուր… Այս տարին հիշարժան դարձավ երկու կողմերի նախագահների միջեւ հանդիպումների ինտենսիվության եւ առայժմ չլուծված հարցերի շուրջ մանրամասն ու ամենայն խորությամբ ընթացած քննարկումների առումով: Ես պետք է ընդունեմ, որ դրական դինամիկա կա վերջին բանակցություններում, եւ երկու կողմերը Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնել են արագացնել բանակցությունները: Ադրբեջանը պահպանում է կառուցողական դիրքորոշումը եւ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայկական ու ադրբեջանական համայնքների խաղաղ ու համագործակցված համակեցության կողմնակից է: Սա հիմք կստեղծի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման»: «Մենք Ադրբեջանում հաստատակամորեն հավատում ենք, որ հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից հաստատագրված ժամկետներում հսկայական հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար` ապահովելով կանխատեսելիության, զարգացման եւ յուրաքանչյուրի եւ ողջ տարածաշրջանի համար այլ նպաստավոր միջավայր: Ահա սա է հարցի ողջ էությունը»,- ամփոփեց իր խոսքը Էլմար Մամեդյարովը: Նկատենք, որ ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին Մամեդյարովի հայտարարությանը Է. Նալբանդյանն ըստ էության չի պատասխանել: