Պետռեգիստրի տվյալներով՝ պարոն Ալամդարին Հայաստանում 8 ընկերությունների
հիմնադիր, տնօրեն կամ բաժնետեր է եղել, եւ չի բացառվում, որ բացի «Տոմպակ»
ընկերությունից խողովակ են արտահանել նաեւ նրա հետ կապված մյուս
ընկերությունները: Որոշ տվյալներով՝ նա Հայաստանից խողովակների հիմնական
արտահանողներից է: Ջրային տնտեսության համակարգի գրեթե բոլոր
ընկերություններից պարոն Ալամդարին աճուրդով, սակայն բավական ցածր գներով՝
1 տոննան մոտավորապես 18.000-20.000 դրամի սահմաններում, գնել է մեծ
քանակությամբ մետաղյա խողովակներ, որոնց շուկայական արժեքը 300 դոլարից
ավելի է:
Փարվիզ Ալամդարիի հայաստանյան գործունեությանը մենք անդրադարձել ենք մեր
թերթի նախորդ համարներում եւ արժանացել նրա խիստ զայրույթին: Արդյունքում
«Տոմպակ» ՍՊԸ-ն մեր թերթին հուլիսի 3-ին դատի տվեց, բայց դատարան այդպես
էլ չներկայացավ:
«Տոմպակի» տնօրենը Տնտեսական դատարանին խնդրում էր «168 Ժամ» շաբաթաթերթին
պարտավորեցնել հերքել այն, որ «Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի
Փ. Նոսրաթի Ալամդարին «Տոմպակ» ՍՊԸ «գլխավոր հիմնադիրն» է հանդիսանում»:
Պետռեգիստրի տվյալներով՝ «Տոմպակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ. հոկտեմբերի
22-ին եւ ունեցել է 50.000 դրամ հիմնադիր կապիտալ, որից 47.500 դրամը եղել
է Փ. Ալամդարիի բաժինը: Այս փաստն է մեզ իրավունք տվել նրան համարել
գլխավոր հիմնադիր: Սակայն 2005թ. մարտի 9-ին ընկերության բաժնեմասերի մեջ
փոփոխություն է կատարվել, եւ հիմնական բաժնետերը դարձել է Ալիրեզա Նոսրաթի
Ալամդարին, հավանաբար մեր հերոսի եղբայրը կամ որդին: Իսկ Փ. Ալամդարին իր
համար թողել է ընդամենը 500 դրամ բաժնեմաս: Քանի որ Փ. Ալամդարին տարբեր
ընկերությունների հետ անընդհատ դատական պրոցեսների մեջ է, այս
փոփոխությունը հավանաբար կատարել է «Տոմպակի» կարողությունը կալանքի տակ
դնելու ապագա վտանգից խուսափելու համար: Նման ձեւով նա բազմիցս է խուսափել
նյութական պատասխանատվություն կրելուց: Եվ որոշել է Ս. Սիմոնյանի միջոցով
թերթին դատի տալ, իբր ինքը «Տոմպակ» ՍՊԸ-ի հետ կապ չունի: Սա հարցի մի
կողմն է: Հետաքրքիր է նաեւ, որ այդ ընկերությունն ունենալով ընդամենը
50.000 դրամ հիմնադիր կապիտալ, որը հավասար է ընդամենը 2,5 տոննա
խողովակի՝ իր կողմից առաջարկված արժեքին, ինչպե՞ս է կարողացել տարիներ
շարունակ հարյուրավոր միլիոնների արժողությամբ խողովակների առքուվաճառքով
զբաղվել: Մամուլում հրապարակումներ եղան, որ նրան թեւ ու թիկունք են եղել
նույն դատական-դատախազական համակարգից եղբայրներ, Երեւան քաղաքի
Դատախազության քննիչ Վահագն Մուրադյանը եւ Գլխավոր դատախազության քննիչ
Վարդան Մուրադյանը: Բացի այդ, այս 8 ձեռնարկություններում պարոն Ալամդարին
մասնակցել է 3 տարբեր անձնագրերով, որոնցից մեկը հայկական է: Ինչեւէ,
պարոն Սիմոնյանին անհանգստացնող մյուս հարցն այն էր, որ մեր հոդվածները
ստվեր են գցել «Տոմպակ» ՍՊԸ-ի եւ Փ. Ալամդարիի գործարար համբավի վրա: Եթե
ազերի Ալամդարին «Տոմպակի» հետ կապ չունի, ընկերության տնօրենին ինչո՞ւ է
անհանգստացնում նրա համբավը:
Անցյալ տարի իրանական «Shahab Tejarat Aras Commercial Co» ընկերությունը
«Հայջրմուղից» գնել է 4621,21 տոննա 334.667.860 դրամ ընդհանուր
արժողությամբ մետաղյա խողովակներ: Ընկերությունը 195.695.132 դրամ վճարել
է, եւ 2004թ. նոյեմբերի 29-ի դրությամբ 138.667.860 դրամ, ավելի քան 300
հազար դոլար, պարտք է մնացել: 2005թ. փետրվարի 4-ին «Հայջրմուղկոյուղի»
ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի եւ «Shahab Tejarat Aras
Commercial Co» ընկերության ներկայացուցիչ Փ. Նոսրաթին կազմում են պարտքի
մարման ժամանակացույց՝ մարտի 14-ից մինչեւ օգոստոսի 14-ը: Այս 5 ամիսների
ընթացքում պարոն Նոսրաթին վճարել է 1 մլն դրամից էլ քիչ գումար: Մեր
ունեցած տվյալներով՝ մնացած մասը նա չի էլ պատրաստվում վճարել: Նույնիսկ
հայտարարել է, որ ինքը «պարտք չունի, ում որ պետք է՝ վճարել է»: Իսկ
մետաղյա խողովակների առքուվաճառքով զբաղվելը ոչ բոլորին է հասանելի: Ի
դեպ, խողովակներն իրանական այդ ընկերությանն են վաճառվել կառավարության
2003թ. հոկտեմբերի 16-ի 1350-Ա որոշման համաձայն: «Սեւանի օղակաձեւ
կոյուղու կոլեկտորի անավարտ շինարարության համար նախատեսված պողպատե
խողովակներն օտարել նախապես հայտնի գնորդ «Shahab Tejarat Aras Commercial
Co» կազմակերպությանը»,- նշված է որոշման մեջ: Տարօրինակ է, որ մեր
կառավարությունն առանց լուրջ քննարկման պետական սեփականություն հանդիսացող
գույքը ոչ թե մրցութային կարգով, այլ ուղղակի վաճառել է իրանական ինչ-որ
ընկերության: Մանավանդ, որ Հայաստանը Իրանի հետ չունի միջպետական իրավական
փոխօգնության պայմանագիր: