Ճգնաժամ

03/12/2009

GM-ի տնօրենը հեռանում է

General Motors կոնցեռնի գործադիր տնօրեն Ֆրից Հենդերսոնը մտադիր է թողնել իր պաշտոնը։ Այդ մասին հաղորդել են «Agence France-Presse» եւ «Associated Press» գործակալությունները՝ հղում անելով ընկերության ղեկավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրներին։ Ավելի ուշ GM-ը հաստատել է այդ տեղեկատվությունը։ Ընկերությունը ժամանակավորապես կգլխավորի տնօրենների խորհրդի նախագահ Էդ Ուայթեկեր կրտսերը։

Հապճեպ կազմակերպված մամուլի ասուլիսում Ուայթեկերը հայտարարել է. «Հենդերսոնը հսկայական աշխատանք է կատարել՝ ընկերությունը ղեկավարելով շատ դժվարին ժամանակներում։ Սակայն տնօրենների խորհուրդը եկել է այն եզրակացության, որ ընկերությանը անհրաժեշտ են փոփոխություններ»։

Հենդերսոնը GM-ը ղեկավարել է 2009թ. մարտից։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը։ GM-ի տնօրենի պաշտոնում Հենդերսոնը փոխարինել էր Ռիկ Վագներին, որի հրաժարականը, ըստ ԶԼՄ-ների, ԱՄՆ վարչակազմի կողմից օգնության տրամադրման կարեւոր նախապայմաններից մեկն էր։

Դուբայի վարկատուները միավորվում են

Dubai World ներդրումային հիմնադրամի պարտատոմսերի սեփականատերերն ու վարկային ընկերությունները ձեւավորել են մի խումբ, որի նպատակն է՝ թույլ չտալ իրականացնել ընկերության պարտքի վերակազմավորում։ Խմբին միացել են Dubai World-Nakheel շինարարական ստորաբաժանման՝ 3.5 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով պարտատոմսերի սեփականատերերը, այդ թվում՝ 6 բանկեր (ինչպես բրիտանական EBS, Lloyds, TSB եւ HSBC բանկերը)։

Կրեդիտորների այս խումբը տիրապետում է պարտատոմսերի 25%-ին, որը նրան թույլ է տալիս վետո դնել պարտքի վերակազմավորմանը վերաբերող ցանկացած որոշման վրա։ Պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2009թ. դեկտեմբերի 14-ին։ Ավելի վաղ, Dubai World-ը հայտարարում էր 26 միլիարդ դոլարի պարտատոմսերի վերակազմավորման անհրաժեշտության մասին։ Ընկերության ընդհանուր պարտքը, որը վերահսկվում է Դուբայի Էմիրության կողմից, կազմում է 59 միլիարդ դոլար, Կրեդիտորների թվում են ավելի քան 70 ֆինանսական ընկերություններ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Dubai World-ը հանդես էր եկել հայտարարությամբ, խնդրելով հետաձգել պարտավորությունների գծով իր վճարումները։ Հայտարարությունը խուճապ առաջացրեց համաշխարհային ֆոնդային բորսաներում։ Եվրոպական երկրների հիմնական ինդեքսները, օրինակ, դրա արդյունքում արձանագրեցին ամենազգալի անկումը այս տարվա ապրիլից ի վեր։ Հետագայում, երբ ընկերությունը կոնկրետացրեց վերակազմավորման ենթակա գումարի չափը, ներդրողները փոքր-ինչ հանգստացան։

Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է, եւ իրադարձությունները կարող են զարգանալ ոչ ամենալավ սցենարով։ Օրինակ, համաշխարհային ճգնաժամի գալուստը ճշգրիտ կերպով կանխատեսած պրոֆեսոր Նուրիել Ռուբինին այս առնչությամբ ասել է, որ Դուբայի պարտքի շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին, թե համաշխարհային տնտեսությունը որքան խոցելի է նոր անկումների նկատմամբ։ Նրա խոսքերով, ճգնաժամին հանգեցրած խնդիրները դեռ ամբողջությամբ չեն լուծվել։

Ամերիկյան ավտոշուկան ոտքի է կանգնում

Այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների որոշակի աճ։ Փորձագետները դա հիմնականում պայմանավորում են ամերիկյան ավտոշուկայում հարավկորեական Hyundai Motor Co ընկերության հաջողություններով: Հաշվետու ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Hyundai ընկերության վաճառքի ծավալներն աճել են 46%-ով: Հարավկորեական ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան շուկայում ընկերության վաճառքի ծավալների աճը նախեւառաջ պայմանավորված է ընկերության մարկետինգային կոշտ ռազմավարությամբ եւ վառելիք խնայող նոր մոդելի ավտոմեքենաների արտադրությամբ: Ինչ վերաբերում է ամերիկյան սպառողների շրջանում մեծ պահանջարկ վայելող եւ համաշխարհային ավտոարտադրության ոլորտում առաջատար ճապոնական Toyota-ին, ապա այստեղ եւս գործերը սկսում են կարգավորվել։ Toyota Motor Corp ընկերության վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում այս տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ աճել են շուրջ 3%-ով: Ճապոնական մեկ այլ խոշոր ավտոարտադրող` Nissan Motor Co Ltd ընկերությունը, որն իր վաճառքի ծավալներով ամերիկյան ավտոշուկայում վեցերորդն է, նոյեմբեր ամսվա ընթացքում տարեկան կտրվածքով ապահովել է վաճառքի ծավալների շուրջ 21% աճ, մինչդեռ նրա մյուս հայրենակցի` Honda Motor Co Ltd ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 3%-ով: 2009 թ. նոյեմբեր ամսվա արդյունքներով ամերիկյան ավտոարտադրողները զիջել են իրենց դիրքերն արտասահմանյան գործընկերներին: Հաշվետու ամսվա ընթացքում Ford Motor Co ընկերության վաճառքի ծավալները գրեթե չեն փոփոխվել, սակայն Chrysler ընկերությունը գրանցել է ամերիկյան ավտոշուկայում վաճառքի ծավալների 25% անկում, իսկ GM-ը` շուրջ 2% անկում:

Բջջային շուկան դուրս եկավ ճգնաժամից

Բջջային հեռախոսների արտադրության համաշխարհային առաջատար ֆիննական Nokia ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ 2010թ.-ին բջջային հեռախոսների եւ սարքավորումների համաշխարհային շուկան կաճի 10%-ով: Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ հաջորդ տարի կթողարկի սմարթֆոնի նոր տարբերակ, որը մրցակցության մեջ կմտնի iPhone-ի հետ: Հիշեցնենք, որ Բլումբերգ գործակալության տվյալների համաձայն՝ այս տարի Nokia-ի մասնաբաժինը սմարթֆոնների շուկայում անցյալ տարվա համեմատ նվազել է 3%-ով եւ կազմել 39.3%: Միեւնույն ժամանակ աճել են ընկերության գլխավոր մրցակիցների՝ Apple, Blackberry հեռախոսների մասնաբաժինները:

МТС-ի հասույթը մեծացել է

Բջջային կապի ռուսաստանյան շուկան աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից։ Այդ մասին գրում է «Ведомости» թերթը՝ հիմնվելով բջջային օպերատորների՝ այս տարվա երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների վրա։ Ճգնաժամի պիկից հետո, որը արձանագրվեց առաջին եռամսյակում, օպերատորների «մեծ եռյակի» եկամուտները արդեն երկու եռամսյակ կայուն կերպով աճում են։ Ամենաարագը վերականգնվում է ԾՁհ-ը։ Ընկերության հասույթը երրորդ եռամսյակում աճել է 20.1%-ով՝ առաջին եռամսյակի համեմատ։ Երկրորդ տեղում «ԹօՎտպսՍՏՎ»-ն է, որին հաջողվել է եռամսյակային հասույթն ավելացնել 12.7%-ով։ Իսկ «ԾպչՈՒՏվ»-ը արձանագրել է 12.4% աճ։ Իրենք՝ ընկերությունները, արձանագրված աճը բացատրում են սեզոնային գործոններով։ Բանն այն է, որ Ռուսաստանում հենց այս սեզոնին է վրա հասնում արձակուրդների պիկը։ Իսկ հանգիստը վայելող աբոնենտները ավելի շատ են ծախսում բջջային կապի վրա, քանի որ օգտվում են ռոումինգի եւ միջազգային հեռախոսակապի ծառայություններից։ Արդյունքում, բոլոր երեք օպերատորներն էլ բարձրացրել են րոպեավճարը. МТС-ը` 6 տոկոսով, «Ведомости»-ը՝ 1.5 տոկոսով, իսկ «Мегафон»-ը՝ 3.1%-ով։ «Մեծ եռյակի» ներկայացուցիչները գտնում են, որ 2009-2010թթ. իրենց հասույթը 10 տոկոսից ավելի չի աճի։ Համեմատության համար նշենք, որ մինչճգնաժամային 2008թ. աճը նախորդ տարվա համեմատ կազմել էր 22%։

Շվեյցարիան թոթափում է ճգնաժամը

Շվեյցարիայի Էկոնոմիկայի նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով այս տարվա ընթացքում առաջին անգամ երկրում եռամսյակային կտրվածքով գրանցվել է ՀՆԱ-ի աճ, որն առավելապես պայմանավորված է հաշվետու եռամսյակում երկրի արտահանման ծավալների աճով եւ սպառողական պահանջարկի խթանմամբ: Հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում Շվեյցարիայի ՀՆԱ-ն աճել է 0,3%-ով, սակայն նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՆԱ-ն գրանցել է 1,3% անկում: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակում Շվեյցարիայում գրանցվել էր ՀՆԱ-ի 0,9% անկում, իսկ երկրորդ եռամսյակում` 0,3%:

Ճգնաժամը «փախցնում» է օդաչուներին եւ նավաստիներին

2009թ. ընթացքում Ռուսաստանում զգացվում է որակյալ օդաչուների եւ նավաստիների սուր դեֆիցիտ։ Նրանցից շատերը ճգնաժամի պատճառով թողնում են երկիրը, քանի որ հեշտությամբ աշխատանք են գտնում արտասահմանում։ Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ Տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը՝ ավելացնելով, որ արտասահմանում նրանք ստանում են ավելի բարձր աշխատավարձ։ Բացի այդ, որակյալ կադրերը ստիպված են եղել բախտ որոնել ուրիշ երկրներում, քանի որ «ոլորտի վերակազմավորման եւ օդային տրանսպորտի պարկի փոխարինման» արդյունքում ավիացիայում տեղի ունեցան լայնամասշտաբ կրճատումներ։

Նշենք նաեւ, որ ռուսաստանյան իշխանությունները գտել են որակյալ կադրերի դեֆիցիտը լրացնելու ձեւը։ Դուրս գրված խորհրդային ինքնաթիռները այն շտուրմաններն ու բորտ մեխանիկները, ովքեր առողջությամբ եւ տարիքով համապատասխանում են ընդունված չափանիշներին եւ ներկայումս աշխատանք չունեն, կանցնեն համապատասխան վերապատրաստում՝ դառնալով օդաչուներ։ Այդ նպատակով նախատեսվում է 2010-2011թթ. համապատասխան սուբսիդիաներ տրամադրել պետբյուջեի հաշվին։

Ե՛տ վերցրեք ձեր փողերը

Թուրքիայի պետնախարար (կամ, ինչպես ընդունված է ասել, նախարար առանց պորտֆելի) Էգեմեն Բագիսը, ով հանդիսանում է Եվրամիությանը անդամակցելու գործընթացում հիմնական բանակցողը, մահմեդական ներդրողներին կոչ է արել ետ վերցնել իրենց փողերը շվեյցարական բանկերից։

«Այն բանից հետո, երբ շվեյցարացիները հանրաքվեի միջոցով արգելեցին իրենց երկրում մինարեթներ կառուցել, ես սպասում եմ, որ տեղի կունենա մահմեդական ներդրողների մասսայական արտահոսք այդ երկրի բանկային համակարգից»,- ասել է Բագիսը՝ ավելացնելով, որ նրանց համար բաց կլինեն թուրքական բանկերի դռները։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Եվրախորհրդարանում «Կանաչների» խմբակցության համանախագահ Դանիել Կոն-Բենդիտը։ Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքում, բնակչության 57%-ը կողմ է արտահայտվել երկրում մինարեթների կառուցումը արգելելու օգտին։ Շվեյցարացիների որոշումը քննադատության է ենթարկվել թե եվրոպական առաջնորդների, թե մահմեդական երկրների կողմից։ Մինարեթների արգելումը քննադատել է նաեւ Կաթոլիկ եկեղեցին։

200 միլիոն՝ ճգնաժամը հաղթահարելու համար

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Բելառուսին 200 միլիոն դոլար վարկի տրամադրումը։ «Բելառուսի Հանրապետությանը տրված վարկը կամրապնդի այդ երկրի կառավարության տնտեսական ծրագիրը, որն ուղղված է բնակչության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մեղմացմանը։ Ինչպես նաեւ՝ կնպաստի տնտեսության կենսունակության վերականգնմանը»,- ասված է ՀԲ հաղորդագրության մեջ։ Վարկը տրվում է 16 տարով, արտոնյալ պայմաններով՝ այսինքն՝ վարկի գծով վճարումները կկատարվեն 6 տարի հետո։ Նշենք, որ հոկտեմբերի վերջին Բելառուսը 699.5 միլիոն դոլարի վարկ էր ստացել Արժույթի միջազգային հիմնադրամից։