Ալավերդի. հուշերի եւ կոնտրաստների քաղաք

03/12/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Ալավերդին զարմանալի դիմանկար ունեցող քաղաք է: Այն կարծես պատմության ներկա ընթացքից շատ հեռու գտնվող բնակավայր է, որն ապրում է անշտապ ռիթմով` շրջապատված հսկա սարերով, չնաշխարհիկ բնությամբ եւ սուզված լինելով խորհրդային անցյալի հուշերի եւ գործարանից հանդարտ շիթերով դուրս մղվող ծխի մեջ: Ալավերդիում սովետական էպոխայի դրոշմներն այնքան շատ են, որ իսկապես թվում է` պատմությունն այստեղ «սառել» է մի կետի վրա: Եվ այդ կետը ոչ թե վանում է, այլ ընդհակառակը` հուզիչ երանգ է հաղորդում այդ արդյունաբերական քաղաքին ու նոստալգիկ հուշեր է արթնացնում: Ալավերդին կարծես չի ջանում ամեն գնով ստանդարտներին համապատասխանել (ընդունելով, որ իրականում հիմա դա անհնար է անել), այլ փորձում է պահպանել եղածը: Իսկ եղածը մետալուրգիական գործարանի երբեմնի փառքն է, ճոպանուղին եւ, իհարկե, մարդիկ, որոնց հիմնական զբաղմունքը հիշելն ու իրականության հետ հաշտվելու եզրեր գտնելն է:

Քաղաքում ապրում է 8500 մարդ, այդ թիվը ճշտվել է ընտրությունների ժամանակ, քանի որ հենց այդքան քվեաթերթիկ է տպագրվել: Եվ, ինչպես կարելի է ենթադրել, մեծամասնությունը աշխատանք չունի: Մետալուրգիական գործարանը, որտեղ նախկինում մոտ 3000 ալավերդցի էր աշխատում, հիմա աշխատանքով ապահովում է ընդամենը 700 մարդու: Քաղաքային ենթակառուցվածքում քիչ թվով մարդիկ են ներգրավված, իսկ խորհրդային տարիներին գոյություն ունեցող կաթի, մսի վերամշակման եւ պահածոների գործարանները վաճառվել ու դադարել են գործել: Բնակիչները հիշում են, որ ժամանակին իրենց քաղաքի միրգը բեռնում էին գնացքներն ու Մոսկվա տանում, իսկ հիմա շատերը կտրում են իրենց պտղատու ծառերը` անիմաստ համարելով խնամել դրանք: «Ինչպե՞ս եք ապրում» հարցին շատերը պատասխանում են` «ինչպես ստացվի»: Ալավերդի քաղաքի քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նկատում է, որ մետալուրգիական քաղաք լինելու ավանդույթը իրականում շատ է իրենց խանգարում, քանի որ ալավերդցիները աշխատելու այլընտրանքային հնարավորություն չեն կարողանում տեսնել: Երիտասարդ քաղաքապետը ասում է, որ նույնիսկ փոքր առեւտրային գործունեությամբ զբաղվել բնակիչները չեն կարողանում, քանի որ գործում է «Բանվոր հոր որդին նույնպես բանվոր պիտի լինի» կարծրատիպը: Բանվոր հիմա չկա, եւ առաջացել է դատարկություն: «Մանեքս» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ավետ Թամազյանն էլ հպարտությամբ հիշատակում է, որ Ալավերդին հայաստանյան առաջին կապիտալիստական քաղաքն է, քանի որ հենց այստեղ է դեռ 18-րդ դարում ձեւավորվել բանվոր դասակարգը: Ահա այսպիսի հետաքրքիր զուգահեռներ են անցկացվում սովետական ու կապիտալիստական պատմական շերտերի միջեւ:

Գրեթե նույն զուգահեռները նկատվում են նաեւ քաղաքի մշակութային կյանքում: Մեր այցելության օրը բոլորն, օրինակ, քննարկում են քաղաքային թատրոնի պրեմիերան: Բեմադրվել էր Ժան-Պոլ Սարտրի «Դռնփակ» պիեսը, որը հանդիսատեսի հիշողության մեջ մնացել էր որպես լեսբիական սիրո մասին պատմող, բայց շատ հուզիչ ներկայացում: Առավել շատ դուր էր եկել դրախտի եւ դժոխքի ալեգորիան: Քաղաքն անկասկած մշակութային սով է զգում, եւ քաղաքապետարանը փորձում է այդ սովը որոշակիորեն հագեցնել: Մեր այցելության առիթը «Ռոլան Բիկով» մանկապատանեկան ֆիլմերի ու հեռուստահաղորդումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած կինոդիտումներն էին: Մանկական ֆիլմերն ու մուլտֆիլմերը 2 օր շարունակ ցուցադրվեցին Մշակույթի տան դահլիճում, եւ դահլիճը լիքն էր տոնական հագնված եւ ուրախ երեխաներով: Հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նկատում է, որ իրենց մարզային ծրագրերը միտված են հենց կինոդիտումների ավանդույթի վերականգնմանը: Եվ Ալավերդիում այդ ավանդույթները կամաց-կամաց ձեւավորվում են: Ալավերդու քաղաքապետարանի մշակութային ծրագրերի համակարգող Սիլվա Դավթյանը ասում է. «Շատ եմ ուզում, որ մեր երեխաների մեջ հավես արթնանա, որ գան, սովորեն մեծ էկրանին ֆիլմ դիտել, խոսեն ու իրենց դահլիճում կարգին պահեն»: Ուշագրավ է, որ երբ նույն նախաձեռնությունը հիմնադրամը կազմակերպել էր մի քանի տարի առաջ, երեխաները գալիս էին դահլիճ ու պատռում էին նստարանները: Եվ քաղաքապետը ասել էր` ոչինչ, թող պատռեն, բայց ֆիլմ նայեն:

Ալավերդին ունի շատ օրիգինալ Մշակույթի տուն, որտեղ վսեմաշուք խորհրդային սխեման գրեթե անփոփոխ է մնացել: Պահպանվել է ալ թավշյա վարագույրը, սովետական կարգախոսներն ու «Փառքի թանգարանը», իսկ այցելուներին դիմավորում է պաստառ, որի վրա նշված է` ՀՍՍՄ: Շատ բան է մաշվել ու ճաքճքել, բայց քանի որ այլ փոխարինող սիմվոլիկա դեռ չկա, խնամքով պահպանվում է եղածը (հո չի՞ կարելի լիարժեք փոխարինիչ համարել քաղաքի շինությունների վրա առատորեն տեղադրված «Վալեքս» գովազդային վահանակը, քանի որ դա ընդամենը մի դրվագ է, որը քաղաքի իրական ռիթմի հետ կապ չունի եւ դիտվում է միայն որպես օտար մի էլեմենտ): Քաղաքի ամենալավ բնութագրումը հենց խնամքն է անցյալի նկատմամբ: Եվ եթե մենք սովոր ենք «թանգարան` բաց երկնքի տակ» արտահայտությանը, ապա պետք է ընդունենք, որ Ալավերդին թանգարան է: Թանգարան է, որը ոչ թե դարավոր անցյալի գանձեր է ներկայացնում, այլ գանձեր, որոնք ստեղծվել են ոչ վաղ անցյալում, ընդամենը 50-60 տարի առաջ: Նման գանձ է, օրինակ, շիկացման ածուխով աշխատող կինոցուցադրման սարքը, որի 2 նմուշները ոչ միայն լավ պահպանվել են, այլեւ… աշխատում են: Եվ եթե հին կինոժապավեն լինի, այն կարելի է ցուցադրել Ալավերդու Մշակույթի տանը` դարձնելով կինոմեխանիկի խուցը յուրատեսակ թանգարան: Այդ սարքերը անխափան գործել են 1959 թվականից մինչեւ 21-րդ դարի սկիզբը, այսինքն՝ կեսդարյա պատմություն ունեն: Եվ կարեւորն այն է, որ ոչ մի բան չի գողացվել ու աղբանոց չի նետվել, պարզապես սպասում է կոնցեպտուալ թանգարան ստեղծելու ունակ մարդկանց: Ընդ որում` Ալավերդու մետալուրգիական գործարանին նվիրված թանգարանում նույնպես կարելի է ապշելու նմուշներ հանդիպել: Սովետական մոդեռնիստական ոճով ձեւավորված ցանկացած ցուցավահանակ կարող է գլուխգործոց համարվել, քանի որ վեհ նվաճումային ոգով արված ձեւավորումները հիմա տեղադրված են սյուրռեալիստական միջավայրում, երբ փառաբանվում է մի բան, որն արդեն չկա: Թերթում ես թանգարանում պահվող ֆոտոալբոմները ու խորասուզվում քո հայրերի ու պապերի մշակույթի մեջ: Ավետ Թամազյանը պատմում է, որ ժամանակին Ալավերդու ռոք-խմբում է նվագել, որ քաղաքն ընդհանրապես լի էր մոդայիկ հագնված մարդկանցով ու պատվավոր հյուրերով: «Սա մեր պատմությունն է, եւ պարտավորված եմ զգում պահպանել այն»,- ասում է նա:

Քաղաքն ունի իր սեփական քրոնիկյոր-վավերագիրը: Օպերատոր, 30 տարի առաջ լուծարված Լոռու մարզի կինոցանցի տնօրեն Լեւոն Հարությունյանն Ալավերդու ժամանակագիրն է: Նա նկարահանել ու լուսանկարել է քաղաքի անցուդարձը` կոմսոմոլական միջոցառումներից սկսած, վերջացրած ալավերդցիների հարսանիքներով: Շարունակում է անել նույնը նաեւ այսօր: Եվ հետաքրքիրն այն է, որ քաղաքապետը այդ տեսահատվածները տեղադրում է «youtube»-ում: Իհարկե կոնտրաստ է, բայց միաժամանակ՝ հեռատես քայլ է: Ա.Նալբանդյանը երազում է Ալավերդին տուրիստական քաղաք դարձնել: Հաշվի առնելով, որ քաղաքի սահմաններում են գտնվում հայկական ամենագեղեցիկ վանքերից 2-ը` Սանահինն ու Հաղպատը, նա փորձում է զարգացնել տուրիստական երթուղիները: Ալավերդու քույր քաղաք Քոբուլեթիի հետ փորձ է արվում սեզոնային տուրիզմի զարգացման ուղիներ գտնել: «Եթե Քոբուլեթին տուրիստներ է ընդունում միայն ամառվա երկու ամիսների ընթացքում, մենք կարող ենք դա անել վաղ գարնանից մինչեւ ուշ աշուն: Պարզապես պետք է լուծենք կացարանների խնդիրը: Ուզում ենք այնպես անել, որ Փարիզում գտնվող մարդը ինտերնետով իմանա Ալավերդու մասին ու գա մեզ մոտ հանգստանա»,- ասում է նա: Ալավերդին արդեն ունի գեղեցիկ ու գրագետ կառուցված իր կայքէջը, փորձում է նաեւ հագեցնել քաղաքի բնակիչների ժամանցը: Դժվար գործ է, իհարկե, սակայն թերեւս դա է միակ ճիշտ ճանապարհը:

Ալավերդու վրայով սավառնում է գործարանային ծխի ամպը, որի հետ ալավերդցիներն արդեն հարազատացել են: Եվ լուրջ բնապահպանական խնդիրներ ունեցող այդ վայրը գերադասում է չնկատել այդ խնդիրները: Իսկ մարդիկ շարունակում են ապրել, երազել ու հիշել անցյալը: Ապագան իրապես մշուշոտ է: Բայց քաղաքը ջանում է ներկա ունենալ, եւ քայլ առ քայլ կառուցում է այն` ներկան տեսնելով մշակույթի մեջ եւ նույն հարթության վրա դնելով Սարտրին, կոմսոմոլն ու ինտերնետը: Քաղաքը բաց է էքսպերիմենտների համար: Եվ տա Աստված, որ այդ էքսպերիմենտները միայն մշակույթի ոլորտում լինեն: