Նախօրեին Երեւանում դաժանաբար դանակահարվել է Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սոս Մելքոնյանը: Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության, անհայտ անձը ներխուժել է Մելքոնյանների բնակարան, խոհանոցային դանակի հարվածներով սպանել է 13-ամյա տղային: Ոստիկանության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 23-ին «Հաղթանակ» զբոսայգում անհայտ անձը բռնաբարել է 8-ամյա մի աղջնակի: Դժբախտաբար, Ոստիկանության ամփոփագրերը ընդամենը մի քանի րոպե թերթելիս կարելի է հանդիպել բազմաթիվ նման դեպքերի: Նույնիսկ չոր թվային վիճակագրությունը սարսափելի պատկեր է արձանագրում: Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում պաշտոնապես արձանագրվել է անչափահասների նկատմամբ կատարված 155 հանցագործություն, այդ թվում` 3 բռնաբարության դեպք եւ սեռական բնույթի այլ 29 հանցագործություն: Որքան սահմռկեցուցիչ են այս տվյալները, նույնքան անհանգստացնող է հասարակության անտարբերությունը նման սարսափելի հանցագործությունների նկատմամբ: Վայրենության այսպիսի դրսեւորումներին նորմալ երկրներում հասարակությունը գոնե համարժեք պատասխան է տալիս իր վերաբերմունքով. հեռուստատեսությունները բանավեճեր են կազմակերպում` պարզելու համար հասարակության դեգրադացման պատճառները, իշխանությունների համար նման դեպքերի բացահայտումը դառնում է օրակարգային խնդիր: Մինչդեռ մեր հասարակությունը նույնիսկ այսպիսի բարբարոսություններին վերաբերվում է որպես հերթական տեղեկատվության: Իսկ իշխանությունները գեղեցիկ խոսքեր են ասում «հաղթահարված անհանդուրժողականության վերաբերյալ»: