Թուրքիայի պետնախարար եւ ԵՄ ինտեգրման գծով Թուրքիայի կողմից գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի իրականացնել Եվրամիության կողմից որդեգրված խաղաղ քաղաքականության գործընթացը: «Երբ մենք նայում ենք ԵՄ անդամ երկրներին, տեսնում ենք, որ այն երկրները, որոնք մի ժամանակ պատերազմել են միմյանց դեմ, վերջին 50 տարվա ընթացքում խաղաղ են ապրում: Սակայն այդ խաղաղության գործընթացը դեռեւս չի ավարտվել: Թուրքիան կլինի այդ գործընթացի գագաթնակետը»,- ասել է Բաղիշը: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Մենք կհասնենք վերջնական նպատակին, որը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը դրել էր Թուրքիայի առջեւ տարիներ առաջ: Մենք կդառնանք Եվրամիության լիարժեք անդամ»: