Անգլիական ձեւով

02/12/2009

Ամերիկյան «New York Times» պարբերականը «Թուրքիան փոխում է դիվանագիտության ուղեգիծը» հոդվածում անդրադարձել է մեր տարածաշրջանին` ուշադրությունը սեւեռելով մասնավորապես Թուրքիայի քաղաքականության վրա։ Հոդվածի հեղինակն է բրիտանական հետախուզության նախկին գործակալ Էլեստեյր Քրուքը, ով նշում է, որ Թուրքիան վերջին շրջանում իր դեմքը թեքում է դեպի հարեւան երկրները, որոնց հետ Օսմանյան կայսրության օրոք սերտ կապեր է ունեցել: Այս փոփոխության պատճառներից է երկրում աճող դժգոհությունը ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների՝ Գազայի հատվածում եւ Իրանի հանդեպ քաղաքականության նկատմամբ, գրում է հոդվածագիրը: Բացի այդ, ինչպես նշում է Քրուքը, այս ամենը պայմանավորված է նաեւ «իսլամական վերածննդով», որն այժմ նկատվում է Թուրքիայում: Ըստ հոդվածագրի, եթե Թուրքիան շարունակի նույն ուղիով ընթանալ, դա կարող է լուրջ ռազմավարական նշանակություն ունենալ տարածաշրջանի համար, քանի որ Թուրքիան կարող է հակակշիռ դառնալ Իրանին, որը հետզհետե թափ է հավաքում: «Վերջին ամիսների ընթացքում Թուրքիան մի շարք պայմանագրեր է կնքել Իրաքի, Իրանի եւ Սիրիայի հետ… Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրումը վկայում է այն մասին, թե որքան լուրջ է Անկարան ընկալում իր կողմից հռչակած «զրոյական խնդիրներ» հարեւանների հետ քաղաքականությունը»,- գրում է Քրուքը` ավելացնելով, որ բնականաբար, այդ բոլոր քայլերն ունեն տնտեսական հիմք: Թուրքիան ցանկանում է «Նաբուկո» գազատարի շահագործմամբ կարեւորել իր դերը որպես էներգետիկ առումով առանցքային տարանցիկ երկիր: