Էլի փալասի տակ

02/12/2009

Ըստ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի, արտաքին քաղաքականության բնագավառում Սերժ Սարգսյանը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղեգիծը: Խոսելով Հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների առնչությամբ ՀԱԿ-ի դիրքորոշման մասին՝ նա զարմանք է արտահայտել՝ նշելով` «թե ինչ է նշանակում նյուանսներին դեմ ենք»: Իսկ ՀՀԿ 12-րդ համագումարում հնչած Սերժ Սարգսյանի հայտարարությունից էլ Ա. Կարապետյանը հասկացել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանակային փաստաթուղթը համաձայնեցված է: Ըստ այդմ, պետք է հանձնվեն ազատագրված 5 շրջանները, այնուհետեւ՝ 6-րդը, իսկ ավելի ուշ պետք է լուծվի հանրաքվեի հարցը: «Իմ անձնական կարծիքով եւ տեղեկատվությամբ` դա նշանակում է մեկ բան` շրջանակային համաձայնագիրը համաձայնեցված է, բայց համաձայնեցված չէ, որ դա լինի մեկ փաթեթ` իր մեջ ներառի նաեւ ազատագրված տարածքներից մեր զորքերի դուրսբերումը, բայց դրա հետ միասին լինի նաեւ կարգավիճակի հետ կապված հանրաքվեի մասին խոսք»,- ասել է նա: Նա տեղեկացրել է նաեւ, որ երեկվանից «Նոր Ժամանակները» միանում է ՀՅԴ-ի եւ «մյուս քաղաքական ուժերի» պայքարին` ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Ա. Կարապետյանը նաեւ նշել է, որ որոշել են իրենց ուժերի համախմբումն առայժմ ազգային ճակատ չանվանել: Իսկ «Նոր Ժամանակները» մինչեւ դեկտեմբերի 20-ը, ըստ Ա. Կարապետյանի, ամանորյա քաղաքական նվեր կմատուցի` թողարկելով տեսաերիզ, որտեղ կլինեն արձանագրությունների հետ կապված մինչ օրս չհրապարակված փաստեր, ինչպես նաեւ Հայաստանում մի շարք դեսպանների գործունեության, մեր երկրի ներքին կյանքին առնչվող եւ այլ տվյալներ: Իսկ որտեղի՞ց ՆԺԿ-ին այդ տեղեկությունները, եւ արդյոք նախկինի նման այս անգամ է՞լ են դրանք շքամուտքի հատակի շորի տակ տեղադրված եղել: Այդ հարցին ի պատասխան՝ Ա. Կարապետյանն ասել է «Կա` տակն են եղել, կա` վրա են եղել»: ՆԺԿ նախագահը նաեւ հույս է հայտնել, որ այս անգամ այդ տեսաերիզն իր դեմ քրեական գործ հարուցելու հիմք չի դառնա։