Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 12-րդ համագումարին ստիպեց մտածել, որ ներքին քաղաքականության առումով Հայաստանում որեւէ փոփոխություններ չեն սպասվում: Որ նոմենկլատուրային այս կուսակցությունը չի տեսնում ներքին կյանքում ուղղումներ, շտկումներ անելու անհրաժեշտություն եւ հասարակությանը շարունակում է բաժանել «յուրայինների» եւ այլոց: Նախագահական ընտրությունների ընթացքն ու դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները, հասարակության դժգոհությունը պիտի որ նախագահին ստիպեին վերլուծել` ինչո՛ւ այդպես եղավ: Այսօր, երբ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ իշխանությունների ծավալած գործունեությունը ստիպում է անդրադառնալ ՀՀ նախագահական ընտրություններին, այնքան էլ տեղին չէ ի լուր ամենքի հայտարարել. «Մենք (այսինքն` ՀՀԿ-ն.- Լ.Ա.) կամավոր ստանձնել ենք պարտականություններ մեր ժողովրդի առաջ»: Կատարված կեղծիքներով աննախադեպ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները թույլ են տալիս «կամավոր» բառը սրբագրել եւ դարձնել «ինքնակամ»:
«Հանրապետականն առաջնորդի կուսակցություն չէ: Հանրապետականը Սերժ Սարգսյանի կուսակցությունը չէ: Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական է»,- ասաց Ս. Սարգսյանը ՀՀԿ 12-րդ համագումարին: Եթե ՀՀԿ-ն առաջնորդի կուսակցություն չլիներ, ապա Ս. Սարգսյանը միաձայն` 1669 ձայնով, չէր ընտրվի կուսակցության առաջնորդ: Կլիներ գոնե մեկ «դեմ»: Եթե ՀՀԿ-ն չլիներ Ս. Սարգսյանի՛ կուսակցությունը, կուսակցության անդամների թիվը չէր համալրի վարչապետն` իր թիմով: Եթե չլիներ Սերժ Սարգսյանը, կուսակցությունը կպառակտվեր անմիջապես, հաջորդ իսկ րոպեին: Այդպիսին է հայաստանյան գրեթե բոլոր կուսակցությունների ճակատագիրը: Եթե ԲՀԿ առաջնորդ չլինի Գագիկ Ծառուկյանը, ում ուժի ու ֆինանսական կարողությունների վրա է խարսխված կուսակցությունը, կամ, ասենք, օլիգարխը հանկարծ սնանկանար, կուսակցությունը կկազմալուծվեր առնվազն մինչեւ հաջորդ ամսվա աշխատավարձի օրը: Իշխանական կոալիցիայի մյուս բաղադրիչի` ՕԵԿ առաջնորդի խնդրին նրբանկատորեն չենք անդրադառնա: Դժվար չէ նկատել` նույն միտումը կա նաեւ ընդդիմադիր կուսակցություններում:
ՀՀԿ առաջնորդի ելույթն, ակնհայտորեն, նպատակ չուներ փարատելու հասարակության մտավախություններն ու պատասխանել բոլորին հետաքրքրող խնդիրներին, մասնավորապես` Մարտի մեկին: ՀՀ նախագահը` առանց ամսաթիվ վկայակոչելու, պարզապես հիշեց «անցած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները»` նկատելով, թե՝ «ծանր ժամանակներ էին բոլորիս համար»: Սակայն այսօր, երբ բացահայտված չեն մարդասպանները, երբ կան քաղբանտարկյալներ, որոնց դատավարություններին երեւում է մեր իրավապահ համակարգի ողջ սնանկությունը, այս կոնտեքստում հասկանալի չէր հետեւյալ միտքը. «Եթե ավելի պրոֆեսիոնալ ու տեխնիկապես հագեցած լիներ մեր իրավապահ համակարգը, հնարավոր կլիներ կանխել տեղի ունեցած իրադարձությունները եւ արժանապատվորեն դուրս գալ սանձազերծված սադրանքների որոգայթից»: Ամեն դեպքում, համակարգում ամեն ինչ չէ կորած. առնվազն տասը հոգի խիստ պրոֆեսիոնալ էին. կարողացան դիպուկ նշան բռնել եւ այդպես էլ չհայտնաբերվել:
Այս իմաստով, պիտի որ նախագահն այնքան էլ լավատես չլիներ` հասարակության եւ իշխանությունների միջեւ եղած անջրպետի խորության աստիճանը չափելիս: Բայց նա լցված է լավատեսությամբ. «Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը: (գ) Մեր կարեւորագույն անելիքը հասարակությանը միավորելն է, մեկ բռունցք դարձնելը, երկխոսելու, լսելու եւ հանդուրժելու մշակույթ ձեւավորելը»: Իր ելույթում ՀՀ նախագահն ամենեւին այնտեղ չէր փնտրում «չարացածության եւ անհանդուրժողականության» արմատները: Նրա կարծիքով` «ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի»:
Չարացածության եւ անհանդուրժողականության լրիվ հիմնավոր ալիք կարող է բարձրացնել ՀՀ նախագահի կարծիքը ՀՀԿ-ի, նրա դերի մասին. «Չեմ կասկածում, որ ՀՀԿ-ն առաջիկա տարիներին կարող է եւ պարտավոր է ստանձնել հասարակական, քաղաքական, տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը»: Չտրվեցին պատասխաններ` ինչ է արել իշխող այս կուսակցությունը կոռուպցիայի, աղքատության եւ հասարակության առաջ ծառացած մյուս մարտահրավերները կանխելու ուղղությամբ: Միայն արձանագրվեց` «Աղքատության, կոռուպցիայի եւ պետության առաջ ծառացած այլ մարտահրավերների դեմ պայքարը հասու է միայն ուժեղ կուսակցություններին»: Եթե կոռուպցիան եւ աղքատությունը Հայաստանում բարգավաճում են, ինչպես համանուն կուսակցությունը, եւ դրա դեմ պայքարը հասու չէ ՀՀԿ-ին, ուրեմն այս կուսակցությունը ուժեղ չէ: Սա բնավ սոփեստական հնարք չէ: Իսկ այն, որ կուսակցության ներսում շարունակվում է ինչպես վերահաշվարկի, այնպես էլ բյուրեղացման գործընթացը, կարող է մխիթարել միայն կուսակցականներին, եւ ոչ ամենեւին հասարակությանը:
ՀՀ եւ ՀՀԿ նախագահը, դատելով ելույթից, այնքան էլ տեղյակ չէ, թե ինչպես են անցել Երեւանի ավագանու ընտրությունները. հայաստանյան դիտորդներն այն համարել են աննախադեպ` կեղծիքների մասշտաբով եւ հնարքների բազմազանությամբ: ՕԵԿ նախագահը թերեւս Սերժ Սարգսյանին չի պատմել, թե ինչպես է իր կուսակից Հերմինե Բիշարյանի քույրը` Մարգուշ անունով, ստիպել, որ այդ ընտրությունները դեռ երկար ու տհաճությամբ հիշի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Իսկ երկրի նախագահն ասում է. «Տեղական ինքնակառավարման մարմինների, ապա նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վկայեցին մեր հասարակության մեջ կուսակցության հանդեպ առկա վստահության ամրապնդումը»: Այս ամենից հետո ասել, թե՝ «Հանրապետական կուսակցությունը ոչ միայն շարունակում է առավելագույն քվեներ ստանալ տարբեր մակարդակի ընտրություններում, այլեւ լրջորեն աշխատում է ընտրությունների կազմակերպման գործընթացի բարելավման ուղղությամբ», նշանակում է պարզապես հասարակությանը լուրջ չընդունել:
Խիստ տեղին էր երկրի նախագահի այն միտքը, թե՝ «Եթե ուզում ես ինչ-որ բան փոխել շուրջդ, սկսիր քեզնից»: Ելույթից, սակայն, ցավոք սրտի, ակնհայտ էր, որ նա նկատի ուներ միայն դահլիճում գտնվողներին, մեզ բոլորիս: