Որտեղի՞ց են ներկրվում պատվաստանյութերը

02/12/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրերս խմբագրություն էր եկել մի կին, ով զայրացած` դժգոհում էր պատվաստումներից:

«Մեր էսօրվա բժիշկներից շատերը իրենց էրեխեքին չեն տանում պատվաստման: Ինչի՞: Կամ էդ ո՞վ էր տեսել, որ կարմրուկի, կարմրախտի ու խոզուկի դեմ պատվաստումը միանգամից անեն, հը՞: Այսինքն` ուզում են առողջ օրգանիզմում հիվանդության համար հո՞ղ ստեղծեն: Իսկ էն, որ տարիներ առաջ Դոնեցկ քաղաքում Կարմրուկի դեմ պատվաստումից 7 հղի կին մահացավ, որեւէ մեկը իմացա՞վ: Չնայած մեզ մոտ նույնիսկ դրսի լուրերն են քողարկվում»,- ասաց նա` խնդրելով չհրապարակել իր անունը: Վերջինս նաեւ տարակուսանք հայտնեց պատվաստանյութերի որակից: Ըստ նրա պատվաստանյութերի մեջ կան այնպիսի տարրեր, որոնք քաղցկեղածին են եւ նվազեցնում են ծնելիության մակարդակը: Այս մասին նախ փորձեցինք հետաքրքրվել Երեւանի որոշ բուժկենտրոններում, որտեղ մանկաբույժները, լսելով պատվաստումների արդյունավետության մասին մեր հարցերը, զարմանալիորեն, ընկնում էին հոգեկան ցնցումների մեջ: «Դուք` լրագրողներդ, միշտ խանգարել եք մեզ: Թողեք կարգին աշխատենք: Ու ընդհանրապես, ցանկալի ա, որ ժուռնալիստը էդպիսի հարցերին չխառնվի, եղա՞վ: Թե չէ` եկել եք պատվաստման արդյունավետության մասին եք հարցնում: Աղջիկ ջան, դրա համար կա օրացույց, մենք էլ վերեւների ծրագրով աշխատում ենք»,- նշեց երեւանյան բավական հայտնի բժշկական կենտրոններից մեկի մանկաբույժը, ում գործելաոճում անվիճարկելի էին սովետական ստրկամտության հետքերը: Իսկ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները մենք ստացանք ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից: Վերջինս տարակուսանք հայտնեց այն բժիշկների մասնագիտական որակից, ովքեր միանշանակ դեմ են պատվաստումներ կատարելուն: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող են բժիշկները այդպիսի կարծիք հայտնել պատվաստումների մասին: Եթե արդեն կա կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման մեթոդ, ապա ինչո՞ւ չօգտվել դրանից, հատկապես, երբ այդ միջոցները անվտանգ են երեխայի առողջության համար: Թեեւ չեմ ժխտում նաեւ այն, որ որեւէ դեղամիջոց զերծ չէ կողմնակի ազդեցությունից: Նույնիսկ սովորական ասպիրինը օգտագործելիս որեւէ մարդ վստահաբար չի կարող ասել, թե իր հետ ի՞նչ կլինի: Եվ քանի որ պատվաստանյութը եւս պատկանում է դեղորայքի շարքին, ուրեմն` այն նույնպես կունենա իր կողմնակի ազդեցությունը: Բայց այդպիսի դեպքերի հանդիպման հաճախականությունը շատ փոքր է: Տրամանաբանորեն ցանկացած դեղորայքի ներմուծում օրգանիզմ առաջացնում է ռեակցիա` սովորական եւ անսովոր»,- ասաց Գ. Սահակյանը` որպես ասվածի ապացույց՝ մեջբերելով 2009թ. հունվար-հունիս ամիսներին կատարված հետազոտության արդյունքները, ըստ որոնց` 2009թ. ՀՀ-ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համաճարակային խոզուկով հիվանդացության ցուցանիշը 1,2%-ով նվազել է բնակչության ընդհանուր եւ 0-14 տարեկան տարիքային խմբում, նախորդ տարվա` 1,4 %-ի փոխարեն: Այս տարի եւս գերակշռում է վիրուսային հեպատիտների Ա տեսակը, որը չի պատկանում կառավարելի վարակների թվին: 2008թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 505 հեպատիտ Ա-ի դեպք, որից 271-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում: 2009թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 303 դեպք, որից 156-ը` կրկին 0-14 տարեկան երեխաների շրջանում: Նվազել է նաեւ հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը. 2008թ. գրանցվել է 62 դեպք, իսկ 2009թ.` 41 դեպք: Ի դեպ, հեպատիտ Բ-ով հիվանդության դեպք չի արձանագրվել 0-14 տարեկան երեխաների մոտ: «1996թ.-ից մինչ օրս մենք չենք ունեցել պոլիոմելիտային վարակով հիվանդության դեպքեր: Չենք ունեցել նորածնային փայտացման դեպքեր: Արդեն 8 տարի է` Հայաստանում չի գրանցվել դիֆթերիայի դեպք: 3-րդ տարին է` կարմրուկի դեպքեր չեն արձանագրվում: Եթե նախկինում յուրաքանչյուր տարի լինում էին կարմրախտով հիվանդության հազարավոր դեպքեր, ապա այսօր արձանագրվել է միայն 4-5 դեպք: Կապույտ հազով, որի մահացության դեպքերը բարձր են, ունեցել ենք ընդամենը 3 դեպք, ընդ որում` այն երեխաները, ովքեր վարակված էին, 3 ամսական էին ու չէին հասցրել պատվաստումների մեջ ընդգրկվել»,- նշեց Գ. Սահակյանը: Ի դեպ, նրա համոզմամբ` նորածինը պետք է պարտադիր պատվաստում ստանա կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում, որին հաջորդող մեկ տարվա ընթացքում օրգանիզմ են ներմուծվում նաեւ մյուս պատվաստանյութերը: «Այսօր աշխարհը գնում է դեպի համակցված պատվաստումների: Մենք արդեն ունենք հնգավալենտ պատվաստումներ` դիֆթերիայի, կապույտ հազի, հեպատիտ Բ-ի, փայտացման եւ հեմոֆիլուսային Բ հիվանդությունների դեմ: Համակցված պատվաստումները թույլ են տալիս, որպեսզի երեխայի ցավային սինդրոմը մեղմվի, եւ երեխան ավելորդ անգամ չսրսկվի: Դա երեխայի համար ծանր պահ է»,- նկատեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը: Իսկ ի պատասխան մեր այն հարցին, թե արդյո՞ք այդ համակցված պատվաստումները չեն կարող հող ստեղծել հիվանդության գլուխ բարձրացնելու համար, երբ արդեն երեխայի օրգանիզմում կա հիվանդությունների հակազդման մի ամբողջ չափաբաժին, զրուցակիցս հիշեց 2003թ., երբ ՀՀ-ում դեռ նոր էին սկսել համակցված պատվաստումներ անել: «2003թ., երբ մենք սկսեցինք կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ համակցված պատվաստումները, հասարակության շրջանում բողոքի ալիք բարձրացավ, բայց տարեցտարի այն սկսեց մարել: Մարդիկ նորարարություններին միշտ էլ կասկածամտորեն են վերաբերվում»,- ընդգծեց Գ. Սահակյանը` հերքելով նաեւ այն լուրերը, թե պատվաստանյութերի որակը ցածր է, եւ Հայաստանը դրանք ներկրում է Հնդկաստանից: «Զարմանում եմ միայն այն բժիշկների ու բուժքույրերի վրա, որոնք իրենց մոտ պատվաստում անող ծանոթներին ասում են, իբր պատվաստանյութը լավ որակով չէ կամ Հնդկաստանից է ներկրվում: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Իրականում Հայաստանը պատվաստանյութեր ստանում է եվրոպական երկրներից, ընդ որում` բարձր որակով»,- եզրափակեց զրուցակիցս` նշելով նաեւ ՀՀ Առողջապահության նախարարության այն օրացույցի մասին, որին հետեւում են իրենք: Իսկ օրացույցը կազմվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության օրացույցին համապատասխան, թեեւ յուրաքանչյուր պետություն, իր ազգաբնակչության պահանջներից ելնելով, դա ենթարկում է որոշակի փոփոխության: Ի դեպ, առաջիկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Հայաստանը ստանալու է «խոզագրիպի» պատվաստանյութերը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը` զարմանալով մեր այն հարցից, թե արդյո՞ք «խոզագրիպը» գրիպի բարդության ձեւերից չէ, եւ ավելորդ չէ այն խուճապը, որ առաջացել է մեր հասարակության մեջ: «Ինձ հետաքրքիր է, թե դա ո՞ւմ վարկածն է: Ո՞վ է հորինել, թե «խոզագրիպը» գրիպի բարդացված ձեւն է: Գրիպի վիրուսը հաճախ մուտացիայի է ենթարկվում` փոխելով իր ձեւը: Իսկ հասարակության շրջանում խուճապը պետք է չլինի: Մենք բազմիցս ասել ենք, որ սա ավելի հեշտ է բուժվում, քան սեզոնային գրիպը կամ դրանից առաջացած բարդությունները»,- ասաց նախարարի առաջին տեղակալը: