Կա գաղափար, կա նաեւ հերոս

02/12/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Ֆրանսիացի կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը հայ հանդիսատեսին ներկայացրեց իր նոր՝ «Ոճրագործության բանակ» ֆիլմը, որի հիմքում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ձեւավորված ֆրանսիական Դիմադրության շարժման պայքարն է: Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանը, ով ֆաշիստական ռեժիմի տարիներին ղեկավարել է ազատագրական ջոկատներից մեկը, դարձել է ֆիլմի հիմնական հերոսը: Նա իր շուրջն է համախմբում տարբեր ազգությունների երիտասարդ տղաների ու կանոնակարգում պատժիչ ակցիաները:

«Ոճրագործության բանակ» ֆիլմը մանրամասն վերականգնում է պատերազմական տարիների Ֆրանսիայի դիմանկարը (մարդկանց հագուստի, նրանց կենցաղի, երաժշտական ձեւավորման միջոցով), որի փողոցների ու շինությունների պատկերները լի են անշտապ աճող տագնապով ու ողբերգության սպասումով: Առավել ցայտուն գույներով է ներկայացվում հրեական թաղամասը։ Իրական պատերազմն ու զանգվածային սպանությունները կադրից դուրս են մնում, հիմքում շփոթված ու դանդաղորեն ինքնակազմակերպվող մարդիկ են: 17-19-ամյա երիտասարդները խմբավորվում են՝ կատարելագործելով օկուպանտների դեմ պայքարելու ձեւերը։ Հրեա, ռումինացի, իսպանացի, հայ տղաները ազատատենչ գաղափարներով տոգորված՝ թռուցիկներ են տպագրում ու տարածում, զենք են տեղափոխում ու նախապատրաստում ֆաշիստական ռեժիմի սպասարկողների սպանությունները, միաժամանակ սիրահարվում, լողի մրցումներին են մասնակցում, փորձում են հասկանալ՝ թե ո՞ւր են կորչում իրենց հրեա հարեւանները, եւ արդյո՞ք ճիշտ է, որ ֆաշիստները համակենտրոնացման ճամբարներ են ստեղծում։ Ֆիլմի մեջ կան նաեւ հարցաքննությունների ու խոշտանգումների պատկերները, իսկ ֆինալային դրվագում Միսակ Մանուշյանի ջոկատի բոլոր անդամները գնդակահարվում են։ Սակայն մինչ նրանց սպանելը գերմանացիների հետ համագործակցող ֆրանսիացի ոստիկանները նրանց լուսանկարում են ու պատրաստում հայտնի «Կարմիր պաստառը», որը դեռ երկար ժամանակ կախված է մնում ֆրանսիական քաղաքների պատերին՝ որպես ֆրանսիացիներին ուղղված նախազգուշացում եւ սպառնալիք։ Ռ.Գեդիկյանը պատմեց, որ հիմնվել է իրական փաստերի վրա, եւ ֆիլմը նկարահանելուց առաջ զրուցել է Միսակ Մանուշյանի հետ աշխատած երկու պարտիզանների հետ։ «Երեւի միակ փաստը, որը չի համապատասխանում իրականությանը, եղել է ձերբակալումների ժամանակացույցը։ Ես ցույց եմ տալիս, որ բոլոր պարտիզանները նույն օրն են բանտարկվում, մինչդեռ դա այդպես չի եղել»,- ասաց նա։ «Ոճրագործության բանակ» ֆիլմում կա նաեւ սիրային գիծ, գեղեցկուհի մոդել ու դերասանուհի Վիրժինի Լեդուայենի կատարմամբ էկրանին երեւում է Մելինե Մանուշյանը, ով իր ամուսնու հավատարիմ ընկերն ու համախոհն է։ Ռ.Գեդիկյանը նկատում է, որ իր ֆիլմով ցանկացել է մարդասիրության լույսը տարածել աշխարհում. «Այդ լույսը թերապիայի տեսակ է, որն իրապես կարող է բուժել մարդկանց։ Հուսալքված մարդկանց ես խորհուրդ կտայի կարդալ, օրինակ, Մանուշյանի նամակները, որոնք նա գրել է իր կնոջը՝ Մելինեին»։ Նամակներից մեկում Մանուշյանը գրում է, որ ատելություն չի զգում գերմանացիների հանդեպ, պարզապես իրավիճակը ստիպել է մարդկանց երկու բանակի բաժանվել։ Եվ երբ գիտակցում ես դիրքորոշումը, ապա իրավունք չունես պայքարից խուսափել։

Ուշագրավ է, որ ֆիլմում երիտասարդ դիմադրողները հեշտությամբ են ընտելանում մարդ սպանելու գաղափարի հետ, սպանությունը համարելով ազնիվ քայլ, այլ ոչ թե թեկուզ արդարացված, բայց, այսուամենայնիվ, մեղք։ Ոմանց նույնիսկ պետք է լինում զսպել, որպեսզի ավելորդ զոհեր չլինեն։ Ռ.Գեդիկյանը երիտասարդներին ներկայացնում է որպես անվարան պարտիզաններ, որոնց մոտ հավերժ հարցեր չեն ծագում։ Բռնության դեմ կարելի է պայքարել միայն բռնությամբ՝ ընդունելով, որ օրերից մի օր ինքդ էլ անպայման կզոհվես։ Եվ միայն Միսակ Մանուշյանն է երբեմն մտորում «արդյո՞ք ես իրավունք ունեմ կյանքից զրկել մեկ ուրիշի» հարցի շուրջ։ Նա իր ոգու խորքում փխրուն պոետ էր, եւ հենց այդ հարցերը (որոնք թերեւս ինքն իրեն էր տալիս նաեւ Շեքսպիրի Համլետը) նրա կերպարը զգալիորեն ավելի խորն են դարձնում։ Նա հասկանում է, որ կան ժամանակներ, երբ սիրած կինը, ընկերներն ու ազգականները երկրորդ պլան են մղվում, իսկ ճակատային գծում հայտնվում է վրեժը։ Միսակ Մանուշյանի դերակատար, ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը, ով հայտնի է «Արամ», «Արարատ» ֆիլմերում խաղացած հայազգի տարբեր պերսոնաժների դերերով, նկատում է. «Անշուշտ, երբ համամարդկային արժեքների մասին ես խոսում, չես կարող շրջանցել նաեւ անձնական պատասխանատվության հարցը։ Բայց ես հասկանում եմ նաեւ, որ եթե ֆիլմի հերոսները ավելի շատ մտահոգվեին իրենց գործի բարոյական կողմով, Դիմադրության շարժումը թափ չէր ունենա»:

Մանուշյանի կերպարը, որը քաջ հայտնի է թերեւս բոլոր ֆրանսիացիներին (Ֆրանսիայի քաղաքներում, օրինակ, նրա անունը կրող փողոցների ու հրապարակների թիվը գերազանցում է

150-ը), լավ առիթ է ֆիլմի ստեղագործական խմբի համար հիշեցնել սեփական ազգային արմատների մասին ու տողատակում ներկայացնել հայկական պատմական դրվագները: «Ոճրագործության բանակ» ֆիլմի հերոս է դարձել նաեւ Շառլ Ազնավուրի հայրը՝ Միշա Ազնավուրը (դերակատար Սերժ Ավեդիքյան), ով եղել է Մանուշյան ընտանիքի բարեկամը։ Թուրքիայում ծնված Մանուշյանը Եղեռնից հետո հայտնվել է Սիրիայի որբանոցում եւ հետագայում տեղափոխվելով Ֆրանսիա` որպես բանվոր աշխատել է «Սիտրոեն» ընկերությունում ու ներգրավվել է հակաֆաշիստական ու կոմունիստական շարժման մեջ: Ֆիլմում առաջին իր կալանավորման ժամանակ Մանուշյան-Աբգարյանը հիշում է թուրքերի կատարած այն վայրագությունները, որոնց ականատեսն է եղել մանուկ ժամանակ։

Սիմոն Աբգարյանը, ով այս ֆիլմի նախաձեռնողներից մեկն է եղել, ասում է. «Մենք` հայերս, իրականում շատ նման ենք իրար, մեր առանձնահատուկ համն ու հոտն ունենք։ Մեր ցավերը մեր գրքերն են, մեր պատմությունը, որոնց անընդհատ անդրադառնում ու վերընթերցում ենք։ Եվ հարկավոր չէ ամեն անկյունում գոռալ մեր հայ լինելու մասին, ավելի լավ է այդ մասին ամոթխածությամբ, համեստորեն ակնարկել, քայլ առ քայլ ստեղծել հայի կերպարը»։ Իսկ Սերժ Ավեդիքյանը ավելացնում է. «Ֆրանսիական կինոյում հիմա փոքր հայկական շարժում է սկսվել։ Գաղթականություն ապրած հայ դերասանի համար շատ կարեւոր է ինտեգրվել ֆրանսիական մշակույթի մեջ, որպեսզի հնարավորություն լինի բաց տեքստով խոսել մեր մասին»։

Միսակ Մանուշյանի անձը նման խոսակցություն սկսելու լավ առիթ է տալիս, քանի որ նա իր էությամբ շատ ինտերնացիոնալ մարդ է եղել եւ իր անձնական շահերը Ֆրանսիայի ազգային շահերից չի զատել: «Նա ինտերնացիոնալ գաղափարներ կրող իսկական հերոս էր»,- նկատում է ֆիլմի ռեժիսոր Ռ.Գեդիկյանը, ով իր ֆիլմը ուղղելով բոլոր ազգերի երիտասարդներին, կոչ է անում նրանց արթնանալ ու չմոռանալ սեփական պատմությունը՝ միշտ պատրաստ լինելով վերաիմաստավորել ու վերապատմել անցյալը։ Իսկ նրա կինը, դերասանուհու Արիան Ասկարիդը, ով ֆիլմում կատարել է երիտասարդ պարտիզաններից մեկի մոր դերը, ավելացնում է, որ ֆիլմում ժամանակակից Ֆրանսիայի կյանքի մասին լուրջ մտահոգություն է հնչում: «Դիմադրության բոլոր հերոս-տղաները տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, որոնք այսօր էլ կան Ֆրանսիայում, նրանց հիմա հալածում են եւ կոչում «առանց փաստաթղթերի անձինք»: Այո, հենց այդ փաստաթղթեր չունեցող մարդկանց շնորհիվ էլ Ֆրանսիան կարողացավ պաշտպանել իր անկախությունը: Եվ մենք իրավունք չունենք մոռանալ նրանց»,- ասում է նա:

Ինտերնացիոնալ գաղափարներն այժմ մեծ պահանջարկ չունեն (դրանք մնացել են միայն որպես ռոմանտիկ հուշեր), մեր դարը հայտարարված է որպես գլոբալացման դարաշրջան, որտեղ առաջին հերթին համախմբվում է կապիտալը, այլ ոչ թե մարդկային ռեսուրսը: Ս.Աբգարյանն ասում է. «Պետք չէ անհամբեր լինել, կարծում եմ, մարդիկ համամարդկային գաղափարներին չեն դադարել հավատալ: Երբ 1989 թվականին փլվեց Սովետմիությունը, շատերին թվաց, որ փլվեցին նաեւ մարդկանց մտքերը: Բայց ես շարունակում եմ հավատալ, որ մարդկային գաղափարները չեն մահացել նույնիսկ այս կատաղի կապիտալի դարում։ Հերոսական դեպքերը զուր են, եթե գաղափար չկա: Գլոբալացման ժամանակում պետք է կարողանալ վերքերը բուժել, կազմակերպել ժողովրդին ու մի զորավոր գաղափար առաջ քաշել: Եվ մի քանի սերունդ պետք է անցնի, որպեսզի գաղափարը կարողանա աճել ու հիմնավորվել»: Ամենազոր գաղափարն, իհարկե, ամփոփված է ֆրանսիացիների ստեղծած «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» եռամիասնության մեջ: Եվ Ս.Աբգարյանը վստահ է, որ այդ գաղափարը չի կարող տեղ չգտնել նաեւ այսօր, քանի որ այն դեմոկրատիայի կոչ է։ Նա 2 տարի առաջ եղել է Հայաստանում եւ հիմա նկատում է, որ հայաստանյան ներքին կյանքը լուրջ փոփոխությունների է ենթարկվել. «Կզգամ, որ այս պահին ազատությունը լռեցնելը դժվար պիտի լինի: Կարծում եմ, Հայաստանում դեմոկրատիան արդեն չի կարող միայն բառ լինել ու պիտի ավելի էֆեկտիվ դառնա, կոնկրետ ձեւով մտնի մարդկանց մեջ: Պատասխանատու, ազգասեր ու մարդասեր կառավարություն պիտի ստեղծվի: Հավատում եմ, որ այդպես կլինի: Հայոց պատմությունը երբեք մեկ կառավարությամբ կամ մեկ հերոսով չի սկսվել ու վերջացել: Արյան, արցունքի, քրտինքի, դավաճանության, խաբեության ճանապարհն անխուսափելի է։ Եվ երբ ժողովրդի, զանազան կուսակցությունների հայտարարությունների ու կառավարության միջեւ հակասություն է ստեղծվում, պետք է ամեն առիթով այդ հակասությունը վեր քաշել, թույլ չտալ, որ այն լռի: Կարծում եմ, դա է դեմոկրատիան»:

Իսկ չե՞ն կորել արդյոք հերոսությանը պատրաստ մարդիկ: Ս.Աբգարյանը վստահ է, որ չեն կորել, պարզապես հերոսի դիմանկարն է այլ. «Այն կինը, որը 3 երեխա է մեծացնում ու 40 եվրո աշխատավարձ է ստանում, իսկական հերոս է: Պարզապես նրա նման մարդկանց մենք չենք տեսնում թերթերի առաջին էջերում ու էկրանին, բայց նրանք իսկական հերոսներ են»։

«Ոճրագործության բանակը» ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում եւ արդեն եվրոպական մի շարք երկրներում մեծ էկրան է բարձրացել։ Ռեժիսորն ասաց, որ եւ՛ արձագանքները, եւ՛ դրամարկղային հոսքերը վկայում են ֆիլմի հաջողության մասին։ Ֆիլմի ցուցադրման իրավունքը գնել են Ռուսաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի դիստրիբյուտորները։ Իհարկե, «Ոճրագործության բանակը» համաշխարհային խոշոր կինոիրադարձություն չի համարվի, սակայն այն շատ գրագետ ու սիրով պատրաստված կինոպատմություն է, որը թեեւ՝ բավականին ձգձգված է, բայց անկասկած իր հանդիսատեսը կունենա։ Եվ աշխարհին կներկայացնի հիանալի հայ մարդու կերպարը։