Դատապարտյալի գլխին սարքո՞ւմ են

02/12/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օրերս խմբագրությունն ահազանգ ստացավ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից: 15 տարվա ազատազրկման դատապարտված «Վանաձոր» ք/հ-ում պահվող Հրաչ Սահակյանն ահազանգում է իր դեմ կատարվող «ոտնձգությունների» մասին:

Հիշեցնենք, որ Հ. Սահակյանը դատապարտվել է 2005թ. օգոստոսի 11-ին Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով, մինչդեռ, թեեւ Վճռաբեկ դատարանի դատավճռով նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, այդուհանդերձ, չի ընդունում մեղադրանքը եւ շարունակում է պայքարել: Բանն այն է, որ այս սպանության գործի ինչպես նախաքննությունն, այնպես էլ` դատաքննությունն անցել է հակասություններով եւ կեղծ վկայություններով, հետեւաբար ստացել է հասարակական մեծ հնչեղություն: Սակայն, չնայած դրան, այդուհանդերձ, Գլխավոր դատախազության մեղադրանքը, որը կազմվել էր բռնությունների եւ կեղծ վկայությունների հիմքով` դատարանները համարեցին ապացուցված եւ Մ. Մաքոյանի սպանության մեղադրանքով դատապարտեցին

Հ. Սահակյանին, Վլադիմիր եւ Զավեն Մկրտչյաններին, ինչպես նաեւ` Սերոբ Տեր-Մելիքսեթյանին: «Հիմա մեր գործը գտնվում է Եվրոդատարանում, եւ վստահ եմ, որ արդարացման վճիռ է կայացվելու: Այն, որ անմեղ մարդկանց կարող են ապօրինի կերպով կալանքի ենթարկել, եւ այն, որ Դատախազությունը կարող է գործ սարքել լրիվ անմեղ մարդկանց գլխին` արդեն ինձ չի զարմացնում: Բայց, որ կարող են նաեւ կալանավայրում մարդկանց ենթարկել հոգեբանական ճնշումների ու կտտանքների` դա արդեն եվրոպական արժեքներին հարող Հայաստանի իշխանություններին թող մտածելու տեղիք տա»,- ասաց Հ. Սահակյանն, ով այժմ պահվում է «Վանաձոր» ք/հ փակ տիպի ռեժիմային գոտում: Բանն այն է, որ Հ. Սահակյանին «Նուբարաշեն» ք/հ-ից տեղափոխել են «Վանաձոր» ք/հ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի օգոստոսի 28-ին վերջինիս փոխանցված դատավճռի հիման վրա: ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը որոշում է կայացրել Հ. Սահակյանին «Վանաձոր» ք/հ-ում պահել մինչեւ հունվարի 8-ը: Ընդ որում, նշանակվել է խիստ կալանք, այսինքն` բանտային ռեժիմի, փակ տիպի կալանք: «Ես ունեցել եմ տույժ հեռախոս պահելու համար, եւ մինչեւ հունվարի 8-ը ինձ «Վանաձոր» ք/հ-ում պահելու որոշումը հանձնաժողովի կողմից այդ տույժով է հիմնավորվել: Բայց վերջերս հանկարծակի իմանում եմ, որ ինձ պիտի դեռ վեց ամիս էլ բանտային ռեժիմում պահեն, որովհետեւ ես փախուստի հակում ունեմ: Սա ապօրինի, սարքած գործ է, որովհետեւ կալանքի տակ գտնվելու ժամանակ ես նման բան թույլ չեմ տվել, նման դեպք չի արձանագրվել, նույնիսկ մտքովս չի անցել փախչելու մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Սահակյանը` վստահեցնելով, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը միայն տեղեկացրել է, թե իբր այդ դեպքը եղել է 2006թ.-ին: Հ. Սահակյանն, արդեն տեւական ժամանակ է, փորձում է իր իրավունքները պաշտպանել, ասել է թե` ապացուցել քրեակատարողական հիմնարկի որոշման անօրինականությունը: Վերջինս, մեզ դիմելուց բացի, դիմում-բողոքներ է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռ. Հովհաննիսյանին: Հ. Սահակյանը միանշանակ հայտարարում է, որ բանտային ռեժիմում իրեն պահելու գործողությունները միտված են իր առողջությունը վնասելու եւ իրենից ազատվելու հեռահար նպատակներին: «Որովհետեւ այս սարքած գործը հիմա Եվրոդատարանում է, եւ մեզ արդարացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր դատական եւ դատախազության համակարգով եւս մեկ անգամ խայտառակ կլինի: Նրանք ամեն ինչ անում են, որ մեզնից ազատվեն, եւ փախուստի հակումն էլ կեղծիք է, որով կփորձեն բանտային ռեժիմի տակ պահելով ինձ կամաց-կամաց «սպանել»,- վրդովված՝ մեզ հետ զրույցում ասաց դատապարտյալ Հ. Սահակյանը` վստահեցնելով, որ ահազանգելու է մարդու իրավունքների հարցերով զբաղվող բոլոր կազմակերպություններին, մասնավորապես արդեն տեղեկացրել է «Հելսինկյան» կոմիտեի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արթուր Սաքունցին: Հ. Սահակյանը միանշանակ հայտարարում է, որ իր վարքը քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից գնահատվել է դրական, բացառությամբ արգելված իր` բջջային հեռախոս պահելու դեպքով: Ի դեպ, հիշեցնենք, որ ամիսներ առաջ մենք ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ սպանության այս գործի կապակցությամբ այցելել էինք «Նուբարաշեն» ք/հ, որտեղ պահվում էին դեռեւս դատարանում գտնվող սպանության այս գործով մեղադրյալները: Մեր այցելության ժամանակ Ա. Բախշյանի խնդրանքով ք/հ-ի աշխատակիցները ներկայացրին Հ. Սահակյանի անձնական գործը եւ նրան բավականին դրական վարքագծով բնութագրեցին: Որքան էլ զարմանալի է, Ա. Բախշյանին ներկայացված Հ. Սահակյանի անձնական գործի մասին խոսելիս ք/հ-ի աշխատակիցները փախուստի փորձի, առավել եւս հակման մասին որեւէ ակնարկ չարեցին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, Հ. Սահակյանի անձնական գործում ամիսներ առաջ 2006 թ.-ին արձանագրված «փախուստի հակում» սահմանում կամ դեպք չի եղել: Մինչդեռ, թե ինչո՞ւ է դատապարտյալը միայն 2009 թ.-ի նոյեմբեր ամսին իմացել իր «հակումի» մասին` անհասկանալի է: Վերջինս այս քայլը հիմնավորում է իրեն հոգեբանական ճնշման ենթարկելու հանգամանքով: Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով այս աղմկահարույց քրեական գործով պետք է զբաղվեին ՀՀ նախագահականի Իրավաբանական վարչության աշխատակիցները, որոնք այցելել էին Հ. Սահակյանին: «Դա ընդամենը գործը Եվրոդատարան չուղարկելու ժեստ էր: Փափուկ բարձ էին դնում մեր գլխի տակ, որ Եվրոդատարան չդիմենք, բայց փորձը ցույց տվեց, որ ոչինչ էլ չարեցին»,- վստահեցնում է Հ. Սահակյանը: Ինչեւէ, Հ. Սահակյանին «փախուստի հակում» ունենալու համար բանտային ռեժիմում պահելու վերաբերյալ պարզաբանում ստանալու համար մենք փորձեցինք կապվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանի հետ, սակայն վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: