– Ուզո՞ւմ ես գրել անվանի հայի մասին, այցելիր «Գալուստյան» խանութ: Այն քո ապրելատեղին շատ մոտ է` հինգ հարյուր մետրի վրա, Լեքսինքտոն ավենյու-28 փողոցի անկյունում,- խորհուրդ տվեց բարեկամներիցս մեկը:
Կարծեցի կատակում է: Հետո տեսա, որ Ինտերնետն էլ է անդրադառնում նրան: «Ամենափնտրված խանութներից մեկը» («Նյու Յորք Նյուսդեյ»): «Գալուստյանի քաղցրավենիքն անմրցելի է» («Նյու Յորք Պրեսս»): «Էկզոտիկայի տոնակատարություն» («Բոստոն սանդի գլոբալ»): Այս լիրիկական շարքում ուշադրությունս գրավեց «Զագատ Սըրվեյի» եզրակացությունը: Հասարակական հարցումների այդ կազմակերպությունը մեծ հեղինակություն է վայելում սպասարկման ոլորտում եւ կարող է բախտորոշ նշանակություն ունենալ ուզածդ հաստատության համար: «Զագատի» գնահատականը անաչառ է եւ բեկանման ենթակա չէ: Նա գրում է. «Պարզապես, Մանհեթենի լավագույն վայրն է, որտեղ կգտնեք Մերձավոր Արեւելքի եւ Հնդկաստանի կանաչեղենն ու համեմունքները»: Տեղեկացա նաեւ, որ «Գալուստյանը» խոհարարական արվեստը պրոպագանդող «Մարթա Ստյուարդ Շոու» հանրահայտ հեռուստահաղորդման հաճախակի հյուրն է: Այդ ամենը շարժեց հետաքրքրությունս եւ, որոշ վերապահումով հանդերձ, քայլերս ուղղեցի դեպի Մանհեթենի հերթական «հրաշալիքը»:
Հիմա գանք մեր ընթերցողներին: Պատկերացնում եմ նրանց ռեակցիան` անգամ ակնարկի վերնագիրը կարդալիս: «Էս մարդը բան ու գործ չունի՞ Նյու Յորքում: Քաղաքական հոդվածներ գրելու փոխարեն, կպել է ինչ-որ մթերային խանութից»,- կարող են մտածել ոմանք: Եկեք, չշտապենք: Այսպես կոչված, մթերային խանութն իրականում բազմաֆունկցիոնալ ֆիրմա է, ունիկալ հազվագյուտ ձեռնարկություն, եւ արժե նրա մասին գրել:
Եվ այսպես: Վերցնենք սովորական, բայց ամենաանհրաժեշտ համեմունքը` աղը: Քանի՞ տեսակ աղ կարող ենք թվարկել: Երկո՞ւ, երե՞ք, չո՞րս: Այստեղ վաճառվում է ավելի քան 131 տեսակ աղ: Այժմ, խնդրում եմ ուշադրություն: Ֆիրման առաջարկում է շաքար` 87, թեյ` 483, սուրճ` 48, մեղր` 171, ընդեղեն` 146, լոբի` 50, ոսպ` 96, հացահատիկեղեն` 197, ալյուր` 297, պղպեղ` 30, սունկ` 45, ձկնեղեն` 47, սոուսներ` 276, ձիթապտուղ եւ ձեթ` 342, մանանեխ` 179, կանաչեղեն` 150 տեսակ: 40 հացատեսակների շարքում կգտնեք թարմ հայկական լավաշ: Ներկայացված ուտեստեղենը բաժանված է մոտ հիսուն հիմնական խմբերի, որոնցից ամեն մեկն իր հերթին ստորաբաժանվում է մինչեւ հարյուր եւ ավելի տեսակների: Ընդամենը, վաճառվում է չկրկնվող, իրարից տարբեր 4000 ապրանքատեսակ: Թվարկել բոլորը ֆիզիկապես անհնար է: Վաճառվում են այնպիսի համեմունքներ եւ բազմատեսակ ուտեստեղեն, որոնց տեսքը անսովոր է՝ աչքի, իսկ անվանումը` ականջի համար, եւ չես գտնի բացատրական բառարաններում: «Էկզոտիկա» բառը թույլ է հնչում այստեղ: Համենայն դեպս, նման բան ես ոչ մի տեղ չեմ տեսել:
գԲոլոր երկրներում, որտեղ լինում եմ, հետաքրքրվում եմ տեղի խոհանոցով, կերակրատեսակների բաղադրատոմսերով եւ համեմունքներով: Ոչ, գուրման չեմ, համենայն դեպս՝ դասական առումով: Հետաքրքրությունս ունի որոշակի ուղղվածություն: Փորձը ցույց է տալիս, որ էթնոսի խոհանոցի իմացությունը դյուրացնում է հաղորդակցությունը նրա հետ: Ամերիկայում` Ամերիկա չեմ հայտնաբերի, եթե ասեմ, որ խոհարարական արվեստը գիտություն է: Այն սահմանակցում է աշխարհագրության, պատմության, արվեստների, հոգեբանության, կենցաղի հետ: Եթե կուզեք, որոշ առումով նաեւ քաղաքական կատեգորիա է, քանի որ նպաստում է ժողովուրդների մերձեցմանն ու փոխներգործությանը: Արդ, կարող է հարց ծագել, իսկ ինչի՞ համար է այս բլից էքսկուրսը եւ ի՞նչ կապ ունի նպարավաճառի հետ: Ունի, այն էլ ուղղակի: Բանը նրանում է, որ բոլոր ասածներս, այս կամ այն ձեւով, իրենց արտացոլումն են գտել «Գալուստյան» ֆիրմայում: Օրինակ` բաժնից բաժին անցնելով ուշադիր հաճախորդը կարող է խորացնել իր աշխարհագրական գիտելիքները: Շնորհիվ նրա, որ ներմուծումը կատարվում է երկրագնդի բոլոր ծագերից, դուք կարող եք իմանալ այնպիսի երկրների անուններ, որոնք դպրոցում չեք սովորել: Դուք կատարում եք շուրջերկրյա ճանապարհորդություն մի քանի քառակուսի մետրի վրա: Հաճույքով պետք է նշեմ, որ տասնյակ երկրների շարքում ներկայացված է նաեւ Հայաստանը` իր մոտ 20 տեսակ մուրաբաներով եւ բանջարեղենի պահածոներով: Գովեստի են արժանի մեր արտադրողները` ուտեստեղենի այս շքերթին մասնակցելու համար: Հաջորդ դասը բուսաբանությունից է, որի ժամանակ դուք կտեղեկանաք հազարավոր կիլոմետրերի խուլ անկյուններից բերված հազվագյուտ համեմունքների մասին: Համեմունքը` համեմունքով, իսկ ինչպե՞ս դրանք օգտագործել: Այս հարցի պատասխանը ամփոփված է համապատասխան կայքում, որտեղ բացատրվում է, թե ինչպես պատրաստել` օրինակ, կոնկրետ ձկան տեսակը եւ ինչ համեմունքներ օգտագործել: Եթե բոլորն ի մի բերեք՝ կստացվի միջազգային ճաշատեսակների հանրագիտարան: Եթե ցանկանաք ձեռք բերել խոհարարական գրքեր, 112 անվանում շքեղ հրատարակություններ ձեզ են սպասում:
Այս ամենով հանդերձ, մենք, ամենից առաջ, գործ ունենք առեւտրական կառուցվածքի հետ, որի կիրառական նշանակությունը թելադրված է մեգապոլիսի առանձնահատկություններով: Եթե պահանջարկը ծնում է առաջարկ, ապա Նյու Յորքը իր կարիքների համար ծնում է իրեն հարկավոր կառույցներ եւ մարդկանց: Իսկ կարիքները շատ են, բազմաբնույթ: Նախ` Նյու Յորքը ահռելի «ուտող» քաղաք է: Հասարակական սննդի կետերի թվով նա աշխարհում առաջիններից մեկն է, եթե ոչ առաջինը` 20 հազար: Fast food-ի` արագ սպասարկման լայն ցանցի կողքին, որով մասամբ բացատրվում է ամերկացիներից շատերի գիրությունը, բազմաթիվ են բարձրակարգ, ընտիր ռեստորանները, որտեղ ամենաշփացած գուրմանն անգամ կարող է հագուրդ տալ որկորի քմահաճույքներին: (Ի դեպ, այս հսկայական քաղաքում հայկական ռեստորան չկա: Բրուկլինում գործում է «Բաքու» ռեստորանը): Ահա այդ առաջնակարգ ռեստորաններն են, որոնց հետ սերտորեն համագործակցում է «Գալուստյանը»: «Մեր նպատակը` ձեզ 100%-ով գոհացնելն է»: Ապրանքի երաշխավորված որակը, թարմությունը եւ սպասարկման բացառիկ մակարդակը ապացուցում են ֆիրմայի նշանաբանի իսկությունը: Ընտրեք 4000-ի ապրանքներից ամենաէկզոտիկը եւ այն կստանաք երկուսից երեք օրում: «1001 ու գիշերներ» հիշեցնող առեւտրական մոդելը, իհարկե, փող արժե եւ ոչ քիչ փող: Հետեւաբար, այստեղ գալիս են ամերիկյան մասշտաբներով ապահովված մարդիկ: Նրանք գիտեն վճարել, բայց գիտեն նաեւ պահանջել, ինչը որ մենք չգիտենք:
գ«Գալուստյանը» մինչեւ վերջին մանրուքը մշակված, փայլուն գործող մեխանիզմ է, որը 65 տարվա պատմություն ունի: Իսկ ինքը` այդ ամենը ստեղծողը, մեր հայրենակից Արփիար Գալուստյանն է, որը պատանի հասակում Լիբանանից եկավ Նյու Յորք, ստեղծեց այս հազվագյուտ համեմունքների իմպերիան եւ դարձավ դրա «արքան», ինչպես նրան անվանում են Մանհեթենում: Հետագայում հաստատությունը ընդլայնելու նպատակով Արփիարը միավորվեց հնդկական «Մարհաբա» միջազգային կորպորացիայի հետ, շարունակելով մնալ ֆիրմայի բրենդը` մակնիշը եւ նրա շարժիչ ուժը: Սակայն անհրաժեշտության պարագային «արքան», չնայած պատկառելի տարիքին, չի խորշում կանգնել վաճառասեղանի առաջ: Այլ կերպ չի լինում: Մրցակցությունը եւ դրան գումարված՝ տնտեսական ճգնաժամերը Դամոկլյան սուր են գործարարի գլխին: Բացի այդ, Նյու Յորքը թույլի եւ ծույլի նկատմամբ անբարյացակամ է, չհանդուրժող: Նա էլ Մոսկվայի նման արցունքներին չի հավատում:
Նյու Յորք
29 նոյեմբերի 2009 թ.