Ի հիշատակ Կարեն Դեմիրճյանի

29/11/2009

Երեկ Կարեն Դեմիճյանի թանգարանի մուտքի մոտ փակցվել է նրա հարթաքանդակը: Որպես այդ արարողության օր՝ նոյեմբերի 27-ն ընտրվել է այն պատճառով, որ, ինչպես նշել է Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, 1974 թ. այս օրը Դեմիրճյանն առաջին անգամ հանդիպեց հասարակության հետ, եւ նրա խոսքով սկսվեց Հայաստանի շեշտակի վերելքը: Հարթաքանդակի բացման արարողությանը մասնակցել են նաեւ Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդները` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Իր ելույթում խոսելով Կարեն Դեմիրճյանի մասին, վերջինս ուշադրություն է հրավիրել մի փաստի վրա, որն, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, առայժմ անուշադրության է մատնվել ամբողջ 20 տարվա ընթացքում: «Դա Կարեն Դեմիրճյանի եւ Ղարաբաղի հետ կապված խնդիրն էր: Ոչ ոք դեռեւս չի գնահատել, թե ինչու 1988 թվականի մայիսի 21-ին, եթե չեմ սխալվում, Կարեն Դեմիճյանին պաշտոնանկ արեցին: Կարեն Դեմիրճյանը պաշտոնանկ արվեց բացառապես մեկ պատճառով. նա չճզմեց Ղարաբաղյան շարժումը, չգնդակահարեց սեփական ժողովրդին. մի բան, որ Գորբաչովը չէր կարող նրան ներել, այլ պատճառ գոյություն չուներ: Ինձ համար սա թերեւս Կարեն Դեմիրճյանի կենսագրության ամենապատմական էջերից, գուցեեւ ամենակարեւոր էջերից մեկն է: Ժողովրդի ղեկավարը, որը չգնաց իր ժողովրդի դեմ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը մարտի 1-ին սառնասրտորեն գնդակահարեց սեփական ժողովրդին, ինչպես այսօր սաֆարիում գնդակահարում են փղերին եւ ռնգեղջյուրներին»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը` ընդգծելով, որ սխալ է Կարեն Դեմիրճյանին նույնացնել նախկին համակարգի հետ: «Վերջին հաշվով Կարեն Դեմիրճյանը դարձավ այդ սիստեմի զոհը, նրան չի կարելի եւ չպետք է նմանեցնել սիստեմին»,- ասել է նա: