«Եթե նշվում է, որ քննարկվում է կարգավիճակի հարցը, նշանակում է, որ մյուս հիմնարար սկզբունքները համաձայնեցված են, որովհետեւ Մադրիդյան սկզբունքներ հասկացողության տակ մենք գիտենք, որ խոսքը նաեւ տարածքների վերադարձի մասին է: Եթե այդպես չէ, ապա առավել քան անհրաժեշտ էր Ալիեւի վերջին հայտարարություններից հետո ընդհատել բանակցային գործընթացը եւ պահանջել, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրենց դիրքորոշումը հստակ հայտնեին այդ հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաեւ՝ համանախագահ երկրները դատապարտեին դրանք»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Ըստ նրա, հայկական կողմը հերթական անգամ նրբանկատ դիրքորոշում է պահպանում եւ ընդամենը հայտարարում է, թե ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, այնինչ պետք է ոչ թե ուշացած հայտարարություններ անել, այլ հենց հիմա այդ խնդիրը կարգավորել: «Ճանաչումը պետք է լինի երկու փուլով. առաջինը` ճանաչել նրա օրինական անկախությունը Ադրբեջանից, եւ երկրորդ` որոշել նրա վերջնական կարգավիճակը` կա՛մ վերամիավորելով Հայաստանի հետ, կա՛մ հռչակելով հանրաքվեով որոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասում է Արամ Գ. Սարգսյանը, ով համոզված է, որ առայսօր Հայաստանի երեք իշխանություններն էլ այդպես էլ չեն կարողացել միջազգային հանրությանը ներկայացնել ղարաբաղյան հակամարտության էությունը, ինչն անում է Ադրբեջանը` խեղաթյուրելով ամբողջ իրավիճակը: Եվ մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայեցակարգային փոփոխություն չմտցվի, ըստ Արամ Սարգսյանի, հայկական կողմը որեւէ ակնկալիք ունենալ չի կարող: Հենց դրանից ելնելով էլ, ինչպես ասում է Ա. Սարգսյանը, ՀԴԿ-ն հանդես էր եկել նախագահին ուղղված առաջարկով՝ մադրիդյան սկզբունքները փոխարինել, այսպես կոչված, Երեւանյան սկզբունքներով, որի վերաբերյալ նախագահից որեւէ արձագանք չի ստացել: Դա Արամ Սարգսյանը համարում է ընդունված կարգի խախտում: «Դա ուղղակի չի ներգծվում այն քաղաքական կուրսի մեջ, որն իրենք այսօր ընդունել են: Նրանք այդ բանակցային գործընթացն ուզում են վարել առանց աջ կամ ձախ անելու, ինչը շատ սխալ է»,- ասում է նա: Պետք է նկատել, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստանի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններից դուրս գալու մասին խոսակցությունները: Ընդ որում, ամենեւին պատահական չէ, որ այդ մասին խոսում է հատկապես Արամ Գ. Սարգսյանը, հաշվի առնելով նրա` մեղմ ասած, ընդդիմադիր չլինելը: Իսկ իշխանություններին թեկուզ այս մակարդակի «կարծիքները» կարող են անհրաժեշտ լինել` միջնորդներին ներկայացնելու համար, թե ինչպիսի «արմատական դիրքորոշում կա Հայաստանի քաղաքական դաշտում»: