Երբ աղվեսի դունչը խաղողին չհասավ

29/11/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այն, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հանգանակությունը զգալիորեն զիջելու էր նախորդ տարվա ցուցանիշին, ի սկզբանե պարզ էր։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, միայն, բավական էր։ Սակայն գոյություն ունի մեկ այլ, ոչ պակաս կարեւոր գործոն եւս։

Նախ, սակայն, մարաթոնի արդյունքների մասին։ Երեկ տեղական ժամանակով առավոտյան ժամը
8-ին ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա` 12-րդ հեռուստամարաթոնը, որը տասներկու ժամ շարունակ հեռարձակվում էր Լոս Անջելեսից: «Մենք մեծ ուրախությամբ նշում ենք, որ արձանագրվել է 15 միլիոն 875 հազար 43 դոլարի նվիրատվությունների խոստում եւ կատարված նվիրատվություններ»,- մարաթոնի ավարտից հետո ասել է հիմնադրամի գործադիր վարչության հանրային կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը: Հստակեցնենք, որ դա ոչ միայն հեռուստամարաթոնի, այլ՝ ընթացիկ տարում իրականացված տարաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքն է։

«Հեռուստամարաթոն-2008»-ը արձանագրել էր 35 միլիոն դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ: Փաստորեն, այս տարի ավելի քան 2 անգամ պակաս գումար է հավաքվել, քան նախորդ տարի։ Եվ այս ֆոնին՝ անհասկանալի է դառնում «ՀՀՀ» ներկայացուցչի մեծ ուրախության պատճառը։ Նշենք նաեւ, որ այս տարվա 15.8 միլիոնը իրենից ներկայացնում է մեծ մասամբ նվիրատվությունների խոստումներ։ Իսկ խոստումների ցուցանիշով առաջին տեղը գրավել է այս ամսվա սկզբին Մոսկվայում կայացած ճաշկերույթը, որի ընթացքում ռուստաստանաբնակ գործարար հայերը խոստացել են ընդհանուր առմամբ 5 մլն 290.000 դոլար նվիրաբերել Շուշիի վերածննդին։ Իսկ թե որքան հետեւողական են ռուսաստանաբնակ մեր գործարարները իրենց ֆինանսական խոստումների կատարման առումով, հայտնի է բոլորին. երկու տարի էլ չի անցել այն բանից, երբ նախագահ Սերժ Սարգսյանի կոչին արձագանքելով՝ նրանք խոստացան հարյուրավոր միլիոններ ներդնել Հայաստանում։ Մինչեւ հիմա «ներդնում են»:

Ինչեւէ՝ բոլորն էլ արդարացում ունեն՝ թե՛ նրանք, ովքեր գումար չեն տվել, թե՛ նրանք, ովքեր ավելի քիչ են տվել, քան նախկինում, եւ թե՛ նրանք, ովքեր չեն կատարել կամ չեն կատարի իրենց խոստումները։ Հարգելի պատճառն, իհարկե, ճգնաժամն է։ Սակայն արդյո՞ք միայն ճգնաժամն է մեղավոր, որ 2 անգամ պակաս գումար է հավաքվել։ Կա մեկ այլ՝ գուցեեւ ավելի կարեւոր պատճառ, որը մասնավորապես սփյուռքահայերին ետ է պահել հայրենիքին օգնելու մտքից։ Իհարկե, խոսքը վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին։ Այդ գործընթացի հնարավոր բացասական ազդեցությունը դրամահավաքի վրա կանխատեսում էին նաեւ մեր իշխանությունները։ Ընդ որում, չէին թաքցնում եւ ավելին՝ փորձում էին կանխարգելել։ Հեռուստամարաթոնի ընթացքում ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ այս տարվա դրամահավաքն ունի առանձնահատուկ համատեքստ, քանի որ ոչ միայն աշխարհի ողջ հայությունը, այլեւ միջազգային հանրությունը դեռ գտնվում են արձանագրությունների ստորագրման գործընթացների տպավորության տակ: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ տպավորությունները հակասական են: Այսօր եւ՛ Հայաստանը, եւ՛ Սփյուռքը գտնվում են ուշադրության կենտրոնում: Ներկա մեր ամեն մի քայլը գնահատվում է ոչ միայն հայաստանաբնակ եւ աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների կողմից, այլեւ մեր բարեկամների ու չարակամների կողմից: Մենք ապացուցելու բան ունենք ինչպես ինքներս մեզ, այնպես էլ ողջ աշխարհին,- ասաց Ս. Սարգսյանը եւ ավելացրեց։ -Մենք պետք է ապացուցենք բոլորին, որ Հայրենիք-Սփյուռք պառակտում գոյություն չունիգ»:

Իսկ դրանից մի քանի ժամ առաջ՝ կառավարության նիստում, ակտիվության կոչ էր անում վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Կարծում եմ` կհամաձայնեք ինձ հետ, որ Շուշիի վերականգնումը ազգային արժանապատվության խնդիր է մեզ համար։ Այդ իսկ առումով մենք բոլորս պարտավոր ենք մասնակցել հանգանակությանը»,- ասել է վարչապետը՝ պաշտոնյաներին խորհուրդ տալով օրինակ ծառայել, ոգեւորել իրենց աշխատակիցներին, այդ «տրամադրությունը հաղորդել կոլեկտիվներին»։ Ինքը՝ վարչապետը, տեղում փորձել է օրինակ ծառայել եւ ասել է, որ անձամբ ինքն ու իր ընտանիքը նույնպես մասնակցելու են այս հանգանակությանը. «կատարելու ենք մեր ներդրումը` դրանով իսկ առաջնորդելով մեր բոլոր բարեկամներին, ընկերներին, հարազատներին»։ Թե կոնկրետ որքա՞ն ներդրում են կատարել վարչապետն ու նրա ենթակաները՝ մենք առաջիկայում կփորձենք պարզել եւ ներկայացնել նրանց աշխատավարձերի հետ համեմատության մեջ։

Վերադառնանք, սակայն, այն հարցին, որ այս տարի հավաքվեց շատ ավելի քիչ գումար՝ ըստ էության կասկածի տակ դնելով թե՛ Հայրենիք-Սփյուռք «անխախտ կապի» մասին հայտարարությունները, թե՛ Շուշիի վերականգնումը որպես ազգային արժանապատվության խնդիր ներկայացնելու փորձերը։ Եվ դա՝ հայ-թուրքական արձանագրությունների, Ղարաբաղի շուրջ բարձրացած անհանգստացնող աղմուկի ֆոնին։ Այլ կերպ ասած՝ ստացվում է՝ խայտառակ լինել։

Սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ պատասխանատուներին հաջողվել է գտնել մի «լուսավոր կետ»՝ հիասթափությունը թաքցնելու եւ հոգեցունց ելույթների տակից պատվով դուրս գալու համար։ «Փրկօղակի» դերը կատարել է հանգանակության մասնակիցների թիվը։ «Մասնակցության թվի առումով այս հեռուստամարաթոնն առայսօր տեղ գտած ամենաարդյունավետ մարաթոնն է եւ զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Մասնակցության առումով համազգային հանգանակության արդյունքներն այս տարի տպավորիչ են նաեւ Հայաստանում: Հեռուստամարաթոնի նախօրեին արդեն իսկ 20 հազարից ավելի հայաստանաբնակ նվիրատու հասցրել էր ներդնել իր լուման: Միայն Հայփոստի բաժանմունքներում ավելի քան 13 հազար մարդ կատարել էր նվիրատվություն»,- նշված է Հիմնադրամի պաշտոնական կայքում:

Իսկ հիմնադրամի հանրային կապերի բաժնի ներկայացուցիչը «Ազատություն» ռկ-ին ասել է. «Համահայկական հիմնադրամի համար առավել կարեւոր է նվիրատուների բանակի հզորացումը: Այս առումով մենք միանշանակ առաջընթաց ենք արձանագրում, քանի որ մեր նվիրատուների քանակը ուղղակի կտրուկ աճել է»: Ժողովուրդը նման դեպքերում շատ դիպուկ խոսք է օգտագործում՝ համապատասխան կոնդիցիայում գտնվող սրտի եւ դրան համարժեք մխիթարանքի մասին։

Մասնակցության թվի աճին նպաստել է նաեւ այս տարվա նորամուծությունը՝ «Վիվա Սելի» բաժանորդների` SMS հաղորդագրություններով նվիրատվություններ կատարելու հնարավորությունը։ «Վիվա Սելն» (իրենց իսկ խոսքերով) ունի 1 միլիոնից ավելի բաժանորդ։ Մարաթոնի նախօրեին 20 հազար հոգուց 13 հազարը, ինչպես նշվում է, արդեն իսկ հասցրել էր նվիրատվություն կատարել։ Եթե ենթադրենք, որ մնացած բոլոր դեպքերում հանգանակությունը կատարվել է SMS-ի միջոցով (որն իրոք շատ հարմար եւ արագ եղանակ է), կստացվի 7000 հոգի։ Ամփոփենք՝ ավելի քան 1 ամիս գովազդվող հոլովակներից հետո 1000 հոգուց ընդամենը 7-ը չեն զլացել վերցնել հեռախոսն ու դատարկ հաղորդագրություն ուղարկելով՝ գոնե 200 դրամ ուղարկել հիմնադրամին։

Համաձայնեք, որ նման տոտալ անտարբերության պատճառը դժվար է պայմանավորել միայն ճգնաժամով ու սոցիալական վիճակով։ Գլխավոր պատճառը թերեւս ոչ բավարար վստահությունն է՝ թե՛ իշխանությունների, թե՛ Հիմնադրամի նկատմամբ։ Չնայած՝ եթե այդ վստահությունը լիներ, գուցեեւ ամենեւին կարիք չլիներ Շուշին բարեկարգելու համար աշխարհով մեկ փող խնդրել։ Ի վերջո՝ ամոթ էլ է ազգային արժանապատվության՝ Շուշիի խնդիրները լուծել մարդկանց ողորմածության միջոցով։