«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում մտահոգում են ոչ թե նախագահների, այլ՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները: Իսկ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Աթենքում: «Այդ հանդիպումներում տեղի է ունենում այն, ինչը հետագայում հայտարարվում է «առաջընթաց»: Դա կոչվում է «Կորֆուի» գործընթաց: ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների վերաբերյալ բացարձակ ոչինչ չեն հայտնում, սակայն հետագայում պարտադիր են դառնում գործադիր մարմնի համար»,- երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է տիկին Ալավերդյանը: Եթե երկու երկրների ղեկավարների հանդիպումները համարվում են բարի կամքի դրսեւորում ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորելու գործընթացում, ապա ԱԳ նախարարների հանդիպումները Լարիսա Ալավերդյանը համարում է «պարտավորությունների ստանձնում»: «Դրանք լինում են պայմանավորվածություններ ժողովրդից թաքուն: Նույն Մադրիդյան սկզբունքներն ավելի քան 16 տարվա գործընթաց է: Ես համոզված եմ, որ այն գործընթացները, որոնք ընթանում են զուտ քաղաքական դաշտում, առանց իրավական հիմքերի` դատապարտված են ձախողման»,- ասել է նա: Լ. Ալավերդյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը հանրությանը որեւէ բան չի հայտնի նաեւ Մյունհենյան հանդիպման մասին, քանի որ ասելու բան չունի։ «Եկեք երեխա չլինենք: Բոլորս էլ հասկանում ենք, որ հայկական կողմի այն պնդումները, թե բանակցություններում սկզբում պետք է որոշվի ԼՂՀ-ի կարգավիճակը, հետո մյուս հարցերը, չի գործում: Բանակցություններն ընթանում են Մադրիդյան սկզբունքների շուրջ, որտեղ սկզբում խոսք է գնում ազատագրված տարածքներից հայկական զորքի դուրս բերման մասին»,- կարծում է «Ժառանգության» անդամը: Սակայն ազատագրված տարածքներից զորքերի դուրս բերումը Լարիսա Ալավերդյանը համարում է անիրականանալի: «Ազատագրված տարածքները վերադարձնելը պատերազմ է: Այդպիսի գործընթացների որեւէ մի ղեկավար՝ լինի օրինական թե անօրեն, չի գնա»,- ասել է նա: Լարիսա Ալավերդյանին զարմացնում են ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, որ հայ-թուրքական հարաբերությունները որեւէ կապ չունեն ղարաբաղյան հիմնախնդրի հետ: «Թուրքիան հայտարարել է, որ փակել է սահմանը ԼՂ հիմնախնդրի պատճառով եւ այսօր չի կարող ուրիշ բան ասել: Թուրքիայի սահմանը փակելու եւ բացելու պատճառը պետք է նույնը լինի»,- ասում է Լ. Ալավերդյանը` ավելացնելով, որ ՀՀ իշխանությունները հայ-թուրքական սահմանի բացման հարցում իրենց հույսը դրել են ոչ թե Թուրքիայի, այլ միջնորդների վրա, որ նրանք կկանխեն սահմանի բացումը: «Օրինակ նման երկիր կարող է լինել Ռուսաստանը: Հայ-թուրքական սահմանի բացումը չի կարող բխել Ռուսաստանի շահերից: Ռուսաստանի շահերից չի բխում նաեւ մեր տարածաշրջանում խաղաղապահ ուժերի ներկայությունը, որոնք իրականում ոչ թե խաղաղարար են, այլ խառնարար»,- գտնում է պատգամավորը, ով մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացումը բացառում է: