«Չենք հիշում, վերջին անգամ երբ ենք Սեւանի երեսը տեսել»,- ասում են
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչները: Լճափից գյուղ ոտքով կես
ժամվա ճանապարհ է: Տարվա այս եղանակին, երբ Սեւանը փրկության ափ է դառնում
հատկապես քաղաքաբնակների համար, գյուղացիները քիթ սրբելու ժամանակ չեն
ունենում: Եթե իրենց թույլ տան մի օրով հանգստանալ Սեւանի ափին, այդ մի
օրը բազմաթիվ անհանգստությունների տեղիք կտա. «Կամ սարի չհնձած խոտը
արեւից կչորանա, կամ արդեն հնձածը կվառվի»: Ամառվա մի օրը տարի է
կերակրում, ասում են, այդ մի օրը չաշխատելը մեծ շռայլություն է նրանց
համար, ու գյուղական ծանր աշխատանքից հետո Սեւանի ջրում «ոտքերը
հովացնելը» երազանքի պես մի բան է դառնում: Տարվա այս եղանակին գյուղում
մարդ գտնելը դժվար է. բոլորը հանդերում են:
Դրախտիկում հիմնականում փախստականներ են բնակվում` Բաքվից, Կիրովաբադից,
Արծվաշենից: 1110 բնակիչ ունի: Վերջին տարիներին այս գյուղում նաեւ
բազմաթիվ քաղաքաբնակներ են հանգրվանել: «Աբովյանից են շատ գալիս,- ասում է
գյուղապետարանի քարտուղար Էմմա Նիկողոսյանը,- տեսնում են քաղաքում ապրել
չի լինում` տեղափոխվում են գյուղ»: Տուն գնելը Դրախտիկում ամենաշատը 2000
դոլարի «շուխուր» է: Այստեղ տուն են ձեռք բերել նաեւ բազմաթիվ
երեւանաբնակներ: Նրանցից մեկն այս տարի չորսսենյականոց տունը` մոտ 1000 քմ
տնամերձով, ձեռք էր բերել ընդամենը 600 դոլարով. «Եթե ամառային հանգիստը
կազմակերպելու համար որեւէ տուրիստական կազմակերպության դիմեինք, 600
դոլարով դժվար թե կարողանայինք որեւէ տեղ կարգին հանգստանալ, իսկ հիմա
գիտենք, որ ամեն տարի Երեւանի շոգից փախչելու տեղ ունենք»: Դրախտիկի
բնակիչները, գյուղացուն հատուկ հաշվենկատությամբ, շատ լավ են վերաբերվում
«դաչնիկներին». այս օրերին բնամթերքի սպառողը նրանք են: Տնական ձուն՝ 40,
կաթն ու մածունը՝ 100 դրամ` երեւանցիները հաճույքով են ուտում: Հաճույքով
ուտում ու գյուղացիների հետ վիճում են, թե որտեղ է կյանքն ավելի հեշտ:
Քաղաքաբնակն ասում է` գյուղում. «Եթե քաղաքում մենք մի օր չաշխատենք,
հաջորդ օրը հացը մուրալու ենք: Ամբողջ տարին աշխատում ենք, որ տասը օր
կարողանանք էս` ամենաէժան տարբերակով հանգստանալ»: Գյուղացին ասում է`
«Դե, որ գյուղում հեշտ է, եկեք ապրեք»: Վեճը ամեն օր, ամեն կաթումածուն
առնելուց կրկնվում է, հետո հաշտ բաժանվում են, քաղաքացին՝ գոհ, որ
այնուամենայնիվ տարվա մեջ մի քանի օր այստեղ հանգստանում, էժան ու որակյալ
սնվում է, գյուղացին` որ տարվա մեջ մի քանի օր «կողմնակի» եկամուտ է
ունենում:
Երեւանից ավելի քան 110 կմ հեռավորության վրա գտնվող Դրախտիկը մայրաքաղաքի
հետ կապը պահպանում է օրական մեկ անգամ Երեւան մեկնող ավտոբուսի` «Պազիկի»
շնորհիվ: Շաբաթը մեկ անգամ Սեւան եւ երկու անգամ Կարմիր գնացող
ավտոբուսներ կան: Գյուղում աշխատանք ունի մի քանի տասնյակ մարդ`
գյուղապետարանում, փոստում, պոլիկլինիկայում, դպրոցում: Տանյան փոստատան
աշխատողն է, առավոտից իրիկուն տանջվում է, որպեսզի «դաչնիկներին» կապի
Երեւանի հետ: «Առավոտից իրիկուն կարող է փոստում հերթ կանգնենք, ու այդպես
էլ չստացվի Երեւան զանգել»,- բողոքում են հյուրերը: Բջջային կապը Դրախտիկի
համար չի: «Գյուղում բջջային հեռախոս ունեցողներ կան,- ասում է Է.
Նիկողոսյանը,- սակայն զանգելու համար կամ պետք է գյուղից դուրս գան Երեւան
տանող մայրուղուց զանգեն, կամ` բարձրանան էն սարի վրայից զանգեն»: Գյուղի
պոլիկլինիկայում մի բուժքույր ու մի մանկաբարձուհի են աշխատում, որոնք
հազիվ են հասցնում սպասարկել բնակիչներին: «Բժշկի հաստիք չունենք, որ շտապ
մի բան պետք լինի, ստիպված ենք լինում կամ Ճամբարակ հասնել, կամ Սեւան,-
բողոքում են բնակիչները,- եթե գյուղում սրսկման կարիք ունեցող երկու
հիվանդ լինի, մի բուժքույրը չի հասցնի օրը երեք անգամ գյուղի էս ծերից էն
ծերը գնա, որ սրսկումներ անի»: Տնային պայմաններում ծննդաբերության
դեպքերը նվազել են միայն մի պատճառով. «Տուգանում են»: «Ծնունդն ու մահը
գյուղում հավասար են գնում»,- ասում է գյուղապետարանի քարտուղարը: Տարեկան
10-12 ծնունդ, այդքան էլ՝ մահ: «Ամենավատն այն է, որ երիտասարդությունը ոչ
մի ապագա չունի այստեղ»,- ասում են: Գյուղում ակումբ չկա: Չեն հիշում՝
վերջին անգամ երբ են համերգ տեսել: «Մի տարի առաջ Երեւանից մի խումբ էր
եկել, դպրոցի դահլիճում համերգ տվեցին»,- ասում էր մեկը: «Մի տարի առաջ
չէր, մի քանի տարի կլինի»,- պնդում էր մյուսը: Գյուղում մանկապարտեզ չկա:
180 աշակերտ ունեցող դպրոցը մանկավարժների խնդիր ունի. «Մեկ-մեկ, որ
տեսնում են ճար չկա՝ դպրոցի լավ սովորող շրջանավարտներին տանում են, որ
պատմություն կամ գրականություն դասավանդեն»:
Այսքանով հանդերձ՝ դրախտիկցիները շատ «բողոքավոր» չեն: Ասում են` աշխատող
մարդը կապրի: Բաքվից գաղթած Զինա Գրիգորյանն ասում է. «Քաղաքաբնակի համար
գյուղական կյանքին հարմարվելը դժվար էր, շատերը չդիմացան ու հեռացան, ես
երկու տարի վախենում էի կովերին մոտիկ գնալ, հիմա արդեն կով էլ եմ կթում,
պանիր պատրաստել էլ եմ սովորել»: «Նրանք, ովքեր նախկինում գյուղում են
բնակվել, ավելի հեշտ հարմարվեցին ու նորից կարգին տնտեսություն հիմնեցին,
մենք էլ, թեեւ դժվարությամբ, բայց կամաց-կամաց ոտքի ենք կանգնում»,- ասում
են նախկին քաղաքաբնակները: