Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ճամբարում վաղուց ներքին հակասություններ կան, որոնք արդեն որեւէ մեկը թաքցնել չի էլ փորձում: Ակնկալել, որ քաղաքական տարբեր կենսագրություններ ունեցող մարդիկ պետք է ունենան միեւնույն կարծիքը այս կամ այն խնդրի լուծման վերաբերյալ, նաիվ է: Հետաքրքիրն այն է, որ բոլորը կարծես թե նույն բանն են ցանկանում` Արցախի խնդրի խաղաղ հանգուցալուծում, Ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից, սակայն այս նպատակների իրագործումը, յուրաքանչյուր կողմի կարծիքով` հնարավոր է միմիայն իր ծրագրի միջոցով: Մյուսները պարզապես չարամտորեն խանգարում են: Թե ինչու գոնե այս երկու խնդիրների շուրջ հնարավոր չէ գործողությունների ընդհանուր եզրեր գտնել, բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ունի իր տեսակետը:
– Պետք է փոխել պատկերացումը, թե ինչպես է լինում միավորումը: Միասնության այն տարբերակը, երբ կա ընդամենը մեկ գաղափար, եւ բոլորը գնում են այդ գաղափարի ետեւից, ոչ միայն հին է, այլեւ վտանգավոր եւ ոչ արդյունավետ: Լավ է, որ Հայաստանում չի աշխատում այն մոդելը, երբ մեկն ասում է` սա է ճիշտը, եւ բոլորը գնում են ասողի ետեւից: Այդ մոդելը վտանգավոր է: Չէ՞ որ գաղափարը կարող է սխալ լինել կամ սխալ ձեւակերպված լինել, ու բոլորը գնան սխալ ուղղությամբ: Իմ կարծիքով, միասնության ավելի ճկուն, արդյունավետ տարբերակը նա է, որ լինի ոչ թե ընդհանուր գաղափար, այլ ընդհանուր նպատակ, որին հասնելու ճանապարհների մասին լինեն տարբեր կարծիքներ, լինի քննարկում: Օրինակ` հայ-թուրքական հարաբերությունները: Բնական է, որ սրա շուրջ կան տարբեր կարծիքներ, որովհետեւ այս գործընթացը փակ է, 100 տոկոսանոց ինֆորմացիա մեկ-երկու հոգի ունեն: Ես ինքս արձանագրություններին կողմ եմ եւ կարծում եմ, որ տարածաշրջանային ներկա զարգացումները Հայաստանի համար շահեկան են: Սա ասում եմ, բայց 100 տոկոսով վստահ չեմ: Դրա համար էլ ուրախ եմ, որ ուրիշ ձեւով մտածողներ էլ կան, ես ուրախանում եմ, երբ հիմնավորված առարկություններ են լինում:
– Սակայն քննարկումների բազմազանությունը կարծես այնքան էլ պրոդուկտիվ չէ. իրարամերժ կարծիքները ուղղակի մոլորեցնում են:
– Մենք պետք է ելնենք այն սկզբունքից, որ չկան բացարձակ ճշմարտություններ եւ ցանկացած ծրագիր կամ քայլ քննարկելի է: Ճիշտն ու սխալը որոշում ենք մենք` մեր քննարկումների արդյունքում: Հայաստանում, ցավոք, սա է խախտված: Բնականն այն կլիներ, որ դա արվեր ընտրությունների միջոցով. դրանց արդյունքներով երեւար, թե հասարակության մեծ մասը ինչ ծրագիր ունեցող քաղաքական ուժի է պաշտպանում: Սակայն բոլորս գիտենք, որ այդ սկզբունքը մեզանում խախտված է, դասական այս սխեման չի գործում, եւ քննարկումը տեղափոխվում է այլ դաշտ:
– Այդ դաշտում արդեն քննարկումների մակարդակը հայտնի է: «Հիմա՛ր»: «Հիմարը դո՛ւ ես»:
– Այո, եւ այդ մակարդակն ինձ չի բավարարում: Հատկապես հիմա, որովհետեւ հիմա իրավիճակը փոխվեց: Ընտրությունների ժամանակ հակադրությունը բավական սուր էր: Գուցե սկզբում հենց ընդդիմությունը սրեց, բայց պատասխանն էլ ավելի կոպիտ էր: Հիմա այլ իրավիճակ է, եւ, իմ կարծիքով, պետք է նորից վերադառնալ սկզբունքային հարցերի: Այս իշխանությունների մասին իմ կարծիքը չի փոխվել` ես առաջվա պես գտնում եմ, որ նրանք փակում են Հայաստանի զարգացման ճանապարհը, բայց դա նորից ու նորից հիմնավորելը, կարծում եմ, երբեք ավելորդ չի, մանավանդ հիմա, երբ որ իմ լսարանի մեջ կարծես փոփոխություններ են տեղի ունենում։
– Իսկ ընդդիմությո՞ւնը. ՀԱԿ-ի առաջնորդը բազմիցս նշել է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը` հայ եւ թուրք պատմաբանների ենթահանձնաժողովին համաձայնություն տալով, արդեն տապալված է, որ Արցախը ծախված է այլեւս: Չե՞ք կարծում, որ գիտակցել դա եւ չփորձել կանխել, խիստ հակասական ընկալումների պատճառ է դառնում:
– Անկեղծ եթե ասեմ` կարծում եմ, որ Կոնգրեսը հենց սկզբից սխալ դիրքորոշում ընտրեց Արձանագրությունների վերաբերյալ, փաստորեն ասելով` դրանք շատ վտանգավոր են, բայց կանխել չենք կարող: Սա մարդկանց մեջ հուսահատություն է առաջացնում: Իրականում, եթե նայենք Կոնգրեսի գործողություններին, կտեսնենք, որ Արձանագրություններն ընդունելի են ՀԱԿ-ի համար (իսկ պատմաբանների ենթահանձնաժողովի հարցը արհեստականորեն ուռճացվում է)։ Ուրեմն պետք էր հենց սկզբից ասել, որ Արձանագրություններին համաձայն ենք, եւ հստակ բացատրել, թե ինչու, որ այսօրվա անհասկանալի վիճակը չստեղծվեր: Իմ կարծիքով, ջրբաժանը պետք է լիներ Ղարաբաղի հարցը: Կոնգրեսը պետք է այդ կետում դներ շլագբաումը` ասեր, որ եթե Ղարաբաղի հարցում իշխանությունները գնան զիջումների, ՀԱԿ-ը ոտքի կհանի ժողովրդին:
– Այսօր ընդդիմության դաշտում տեղ ունենալու հավակնորդները բազում են, եւ բոլորն էլ ցանկանում են ժողովրդին հրապարակ հանել, երբ պահը հարմար լինի: Ձեզ համար կոնկրե՞տ է` ով է ընդդիմություն, ով` ոչ:
– Ընդդիմություն ասելով, ես հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր սկզբունքորեն են ընդդիմադիր: Այսինքն՝ գիտեն` ինչին են դեմ, ինչ պատճառով են դեմ եւ դրա փոխարեն ինչ են ուզում ունենալ: Հենց նման մարդիկ էլ պետք է վերլուծեն նոր իրավիճակն ու ըստ այդմ` փոխեն իրենց ռազմավարությունը:
– Ձեր նշած բողոքող մարդկանցից գրեթե յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Այլ բան է, երբ այդ մարդկանց համախմբում է ճշմարտության նույն գիտակցությունը, որը ձեւակերպվում է: Հետո մարդկանց այդ խումբը դառնում է հոծ բազմություն, որն ունի առաջնորդ: Հակառակ դեպքում բողոքող այդ մարդիկ կարող են անվերջ բողոքել, սակայն դրան որեւէ գործողություն չի հետեւում:
– Ընդդիմանալու հիմնական նպատակը բավական հստակ ձեւակերպված է: Դա այն է, որ Հայաստանի այսօրվա կառուցվածքը չի գործում ի շահ Հայաստանի հասարակության յուրաքանչյուր անդամի, ի շահ ինձ: Հայաստանն այնպես է կառուցված, որ ես նրա հաջողություններից, շահից, շահույթից չեմ օգտվում: Հիշում եք երեւի` Քոչարյանի ժամանակ Օսկանյանն անընդհատ ասում էր` «վագրային թռիչք», եւ բոլորը ծիծաղում էին: Մասնագետների կարծիքն ասեմ` տնտեսական աճ մեզանում իսկապես եղել է, բայց մարդկանց կյանքը դրանից չէր բարելավվում: Օգուտը գնում էր, եւ հիմա էլ գնում է, օլիգարխների գրպանը: Ամեն ինչ բաժանված է մի քանիսի միջեւ, որոնք էլ ամեն ինչ տնօրինում են: Սա է օլիգարխիան, ու ես կարծում եմ` հայաստանցին երբեք չի հաշտվի սրա հետ։
– Դուք չափազանցնում եք:
– Տեսեք, 2008-ին ժողովուրդը ոտքի կանգնեց, հետո տեսավ` իր ուզած փոփոխություններին չի հասնում, կամաց-կամաց ետ քաշվեց: Հաջորդ ընտրությունները դեռ հեռու են, բայց մինչեւ էդ, հայ-թուրքական սահմանի բացումով, փոփոխությունների նոր հնարավորություն է ստեղծվում։ Դա սովորական սահման չի հայերիս համար, դրա բացումից հետո հայ-թուրքական հարաբերությունների ամբողջ լարվածությունը պատմությունից տեղափոխվելու է ներկա եւ արտահայտվելու է երկու երկրների մրցակցությամբ։ Շատերը կարծում են, թե մենք դրան չենք դիմանա, բայց ես ուրիշ կարծիքի եմ։ Հեռվից թուրքերը մեզ ավելի հզոր են երեւում, քան իրականում կան։ Սեփական փորձից ելնելով եմ ասում` եթե գնանք մոտիկից շփվենք, շատ ավելի լավ կտեսնենք թե իրենց, թե մեր թույլ եւ ուժեղ կողմերը։ Իսկ հիմա շատ բան սխալ ենք պատկերացնում։ Տարածված մի պատկերացում կա, չէ՞, որ թուրքերը մեզանից ավելի միասնական ազգ են, «մոլլան ասեց` բոլորը հետեւից կգնան»։ Եվ նախանձով են սա ասում, կարծում են` սա թուրքերի ուժն է։ Իսկ ես վստահ եմ` նման մտածողությունը ուժ չի, թուլություն է։
– Ինչո՞ւ. եթե մահմեդականներն իրենց հոգեւոր հովվի ետեւից գնում են, ո՞րն է թուլությունը:
– Հասարակությունը ուժեղ կարող է լինել միայն այն դեպքում, եթե սեփական հարցերը ինքն է լուծում` խնդիրը տարբեր կողմերից քննարկելուց հետո, ոչ թե ինքնամոռաց ապավինում է միանձնյա առաջնորդի կամ Աստծո ներկայացուցչի ասածին։
– Այդ դեպքում կա այլ արդարացում` պետական շահ` հանուն որի ստորադասվում է ես-ը, գերակա է դառնում մենք-ը:
– Դաշնակցականների վերջին գործողությունների հետ կապված հստակ երեւաց, որ հայաստանցուն էսօր արդեն չես խաբի վերացական ու սիրուն բառերով։ Պետության շահը չի կարող հակադիր լինել մարդկանց` հասարակության շահին, եթե փորձում են հակադրել, ուրեմն խաբեություն կա: Տեսեք, Արթուր Բաղդասարյանը 2008-ի ընտրություններում ահագին ձայն ստացավ, որովհետեւ խոստանում էր պաշտպանել մարդկանց շատ կոնկրետ շահը, բայց հետո «պետական շահը» պատճառ բռնելով` անցավ իշխանությունների կողմը։ Էս խաբեությունը բոլորի համար ակնհայտ էր, եւ դուք գիտեք ինչ վարկանիշ ունի հիմա «Օրինաց երկիրը»։ Նույնը կատարվեց նաեւ ՀՅԴ-ի հետ: Հիմա, հայ-թուրքական գործընթացի հետ կապված, ոսկի ժամանակներ կգային էս հին կուսակցության համար, ու հսկայական զանգված կգնար իրենց ետեւից, եթե Դաշնակցությունը 2008-ին էդքան ամոթալի դիրք բռնած չլիներ։ Մարտի 1-ին հայ մարդիկ էին զոհվել։ Դաշնակցականները դեմքները շուռ տվեցին ու «չնկատեցին» էդ զոհերին։ Իսկ հիմա ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց են խոսում` մարդկանց հիմարի տեղ դնելով։ Բայց մարդիկ հիշողություն ունեն եւ հիմար չեն։ Այսօր փորձության մի վիճակ է ստեղծվել նաեւ Կոնգրեսի համար: Կարծում եմ, ժամանակն է, որ ՀԱԿ-ը վերջապես բացատրի` ինչու չի կարողանում արդարացնել իր համակիրների սպասելիքները: Վերջերս մի վտանգավոր միտում կա` Կոնգրեսի ղեկավարությունը սկսել է խոսել ժողովրդի անտարբերությունից: Դա անարդար է: Այն մարդիկ, ովքեր առաջ գալիս էին, հիմա չեն գալիս Կոնգրեսի միջոցառումներին, անտարբերները չեն: Դրանք, իմ կարծիքով, վիրավորվածներն են:
– Ումի՞ց:
– Կոնգրեսից, որը չարդարացրեց այդ մարդկանց սպասումները, իսկ չարդարացնելուց հետո էլ` բացատրություն չտվեց։
– Ինչո՞ւ են նեղանում ընդդիմությունից, իսկ իշխանությանը, ով իրավաբանորեն պարտավորություններ ունի ժողովրդի հանդեպ, լուրջ հայտ չի ներկայացվում:
– Որովհետեւ իշխանություններից ակնկալիքներ ունենալու համար պետք է բավական միամիտ լինել։ Եթե անգամ պատկերացնենք, որ ինչ-ինչ պատճառներով իշխանությունները որոշեն բարեփոխումներ անել, նրանք դա անել չեն կարողանա։ Եթե ռեֆորմները լուրջ լինեն, դիմադրությունն էլ լուրջ կլինի, չէ՞ որ նրանք, ովքեր կորցնելու բան ունեն դրանց արդյունքում, կդիմադրեն։ ՈՒրեմն պետք կլինի հասարակության օգնությունը։ Կստանա՞ Սերժ Սարգսյանն էդ օգնությունը հասարակությունից։ Չեմ կարծում։ Եթե Սերժ Սարգսյանի պլանների մեջ նման լուրջ ռեֆորմներ էին մտնում, ուրեմն ինքը շատ վաղուց պետք է ներողություն խնդրած լիներ հայաստանցիներից, եւ դա` ոչ միայն խոսքով։
– Փաստորեն, գոնե տեսականորեն, Դուք ընդունում եք, որ հասարակությունը կարող էր աջակցել օլիգարխիայի դեմ իշխանությունների սկսած պայքարին։ Բայց իրականությունը կարծես թե այլ բան է հուշում. օլիգարխների ցուցադրական բարեգործական ժեստերն ընդունվում են խանդավառությամբ եւ երբեք չեն մերժվում: Ոչ ոք չի հարցնում` մրցակցային այս անհավասար պայմաններում որտեղի՞ց են քո փողերը, եղբա՛յր:
– Նույն մարդը, որն այսօրվա իրավիճակում ստիպված ընդունում է ձեր նշած բարեգործությունը, վաղվա այլ իրավիճակում` եթե տեսնի, որ նույն փողը, կամ աշխատանքը, կամ ծառայությունը, ինքը ստանալու է արդեն ավելի արժանապատիվ ձեւով` որպես իր լիիրավ իրավունք, նա կգերադասի երկրորդը: Առանց ինքնասիրության մարդիկ չեն լինում։ Չեն լինում նաեւ իրավիճակներ, որոնցից ելք չլինի։ Ուղղակի պետք է ավելի շատ վստահենք սեփական ուժերին եւ հասկանանք մեր գործած սխալները, որ կարողանանք շարժվել առաջ։